ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, լսելով ոչ իշխանականների եւ ընդդիմադիր խմբակցությունների տեսակետները 2015-ի բյուջեի նախագծի մասին՝ իր ելույթում կոչ արեց պոպուլիստական ոճը թողնել եւ ռոմանտիկ էլ չլինել:
Նա զարմացել էր ընդդիմադիրների պահանջներից՝ Հայաստանը նավթի հա՞նք է հայտնաբերել, որ այդքան բան են ուզում. «Ռոմանտիկ մի՛ եղեք, ավելորդ ռոմանտիզմը խանգարում է ոչ միայն իշխանությանն ու ընդդիմությանը, այլ՝ հասարակությանը: Կուշտ ենք այդ ռոմանտիզմից: Մեզանից հրաժարականներ եք պահանջում, բայց դուք վաղուց արդեն հրաժարական տվել եք»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ասաց, որ բյուջեի նախագծից տպավորություն է ստեղծվում, որ սա ժամանակավոր կառավարություն է, որովհետեւ զարգացման որեւէ քայլեր նախատեսված չեն:
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ «Եթե ձեր գործունեությունը ժամանակավոր է, մի կարծեք, որ կառավարությունը ժամանակավոր է: Կանգնում ասում եք՝ զարգացում չի ապահովվելու: Ինձ մեկ-մեկ թվում է՝ տեղյակ չեք աշխարհի գործընթացներից: Հայաստանը կարծես Շվեյցարիան է, որ չունի ոչ հարեւանության, ոչ պաշտպանության, ոչ ենթակառուցվածքների խնդիր: Ես ուզում եմ, որ մեր բյուջեն 10 անգամ ավելի շատ լինի, որ իմ երկրի բնակչության աշխատավարձը լինի 5000 դոլար: Ռուսի ասած՝ мечтать не вредно: Կանգնում ասում եք՝ սա չկա, նա չկա: 1 տարեկանն էլ կասի՝ պապա ջան, սա չկա: Լուծում պետք է տաք: Իրատեսական եղեք»:
Կարդացեք նաև
Ըստ Էդուարդ Շարմազանովի, ընդդիմության բազմաթիվ առաջարկներ ներառվել են. «Եթե բյուջեն մերժում եք, տեղն ի՞նչ եք բերում, տեղը ոչ մի բան չեք առաջարկում: ՀՀԿ-ի համար չկան թշնամիներ, ՀՀԿ-ի համար դուք բոլորդ բարեկամներ եք: Մենք բոլորս մի նավի անդամներ ենք եւ ունենք պատասխանատվություն մեր ժողովրդի առջեւ: Դրանից ելնելով ենք առաջարկում կողմ քվեարկել այս բյուջեին, որովհետեւ այս բյուջեն իրատեսական է եւ ավելի ուժեղ է դարձնում ՀՀ-ն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ