Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը եւ հոգեւորը. Հավատացյալ հայը

Նոյեմբեր 13,2014 16:03

Երկու բան են հոգին լցնում միշտ նոր և ավելի ուժեղ զարմանքով ու ակնածանքով, ինչքան ավելի հաճախ ու երկար ենք մտածում նրանց մասին՝ աստղազարդ երկինքն իմ վերևում և բարոյական օրենքն իմ մեջ: 

Իմանուել Կանտ

Ես հասկանում էի նախասկզբնական էությունը` այդ կյանքի ճիչը, մարդու ճիչը վեր կարկառած ձեռքերով, որ խոսում է հավիտենական փափագի մասին ինքնահաստատման, սեփական ճակատագիրը թեթևացնելու, տիեզերքի անծայրածիր տարածքում հենակետ գտնելու ողբերգական հույսով, թե իրենից դուրս գոյություն ունեն ինչ-որ երկնային ուժեր, որ կօգնեն իրեն դրանում: Հոյակապ մոլորություն: Օ, որքան մեծ է մարդու ձգտումը լսելի լինելու վերևում: Եվ որքան եռանդ, որքան միտք է դրել նա հավաստիացումների, զղջումների, փառաբանությունների մեջ` հարկադրելով իրեն հանուն դրա հնազանդության, խոնարհության, հեզության` հակառակ իր ընդվզող արյան, հակառակ մշտապես խռովության, նորության և ժխտման տենչող իր տարերքի: Օ, որքան դժվար ու տառապալից էր դա նրան հաջողվում: Ռիգվեդա, սաղմոսներ, նզովքներ, հիմներ, շամանություն: Եվ դարերի ընթացքում այնքան անվերջանալի աղերսանք ու աղոթքներ են ասվել, որ եթե դրանք լինեին նյութեղեն, վաղուց հեղեղած պետք է լինեին ամբողջ աշխարհը ափերից ելած դառնաղի օվկիանոսների նման: Որքան դժվար է ծնվել մարդու մեջ մարդկայինը…

Չինգիզ Այթմատով, «Կառափնարան»

Վերջերս մեր էլեկտրոնային մամուլում շրջանառության մեջ դրվեցին տվյալներ տարբեր երկրներում «կրոնամետ» մարդկանց քանակի վերաբերյալ: Դրանք հենված են 57 երկրներում անցկացված հարցումների վրա, իրականացված Winn Gellup կազմակերպության կողմից: Թեև այդօրինակ հարցումները չեն կարող հավակնել լուրջ հետազոտություն կոչվելու, բայց և այնպես, դրանք խորհելու առիթ են տալիս:
Արդյունքները շատ հետաքրքիր են: Ահա առավել կրոնամետ երկրների ցանկը՝ 1. Գանա, 96 %, 2. Նիգերիա, 93 %, 3. Հայաստան, 92 %: Ուրեմն, մենք, բնակչության մեջ իրենց «կրոնական» (religious, религиозный) համարող մարդկանց թվով աշխարհի առաջատար երկրների թվում ենք: Երրորդ տեղում, կարելի է ասել՝ բրոնզե մեդալակիր ենք: Եվ սա մի ժողովուրդ, որը մինչև 1991-ը՝ ԽՍՀՄ փլուզումը և դեռ շատ հետո, համատարած աթեիստ և ոչ կրոնամիտ էր: Այ թե ինչի կարելի է հասնել հարցի ճիշտ դրվածքի դեպքում: Մի ժողովուրդ, որը ՍՍՀՄ ամենակարդացող ժողովուրդների թվում էր, որի գիտնականները, երաժիշտները, արվեստագետները համաշխարհային հռչակ էին վայելում, այսինքն՝ զարգացած ժողովուրդ էր և զուգահեռաբար համատարած անհավատ, հանկարծ, երկու տասնամյակի ընթացքում, դարձավ աշխարհի երրորդ կրոնամետ երկիրը:
Մենք, իհարկե, հակադրությունների, կոնտրաստների ազգ ենք: Մի դարաշրջան աթեիզմի մեջ ենք առաջատար, մյուսում՝ կրոնասիրության և հավատացյալության: Ի միջի այլոց, Հայաստանին հաջորդում է Ֆիջին: Ի՞նչ շրջապատ… Ուրեմն, Գանա, Նիգերիա, Ֆիջի: Իսկապես, ի՞նչ կուպե ենք ընկել… Բախտավոր, բախտավոր հայ ժողովուրդ:
Հետամնաց, կիսագրագետ և մշակութային ավանդույթներ չունեցող ժողովուրդները չեն կարող երկու տասնամյակում վերածվել առաջատար ժողովուրդների: Նույն կերպ և զարգացած, կայուն ժողովուրդները չեն կարող արագ, երկու տասնամյակում վերածվել կիսագրագետ և հետամնաց ժողովուրդների: Քանդելն իհարկե, շատ ավելի հեշտ է, քան ստեղծելը, բայց շատ դժվար պիտի լինի դա անելը: Ուղղակի եղած բագաժի իներցիան թույլ չի տա: Շատ մեծ ջանքեր են պետք դրա համար: Բայց արվում է լավագույնս: Կրթության որակը՝ անկում և անկում, տնտեսության գծով՝ կործանում, արվեստը՝ անմակարդակ սերիալների մակարդակի… Եվ այս ֆոնի վրա՝ կրոնականության աճ:
Աշխարհում, ընդհանուր առմամբ, գրանցվում է աշխարհիկացման և ոչ կրոնականության աճ: Զարգացած երկրներում պատկերը, կրոնական տեսակետից անմխիթար է: Առավել ոչ կրոնամետ երկրների մեջ են աշխարհի ամենաքաղաքակիրթ և զարգացած երկրները՝ Շվեդիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Ավստրիան, Իսլանդիան, Ավստրալիան, Հարավային Կորեան: Ահա ամենաանհավատ երկրների ցանկն ըստ նույն հարցումների արդյունքի (ըստ իրենց կրոնական համարող մարդկանց թվի). 1. Չինաստան 14%, Ճապոնիա 16%, Չեխիա 20%: Բայց ավելի լայն ու խոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եվրոպական զարգացած երկրներում ոչ կրոնամետ բնակչությունը 1980-ի 30%-ից ներկայումս հասել է 90%-ի: Այսինքն, զարգացած երկրներում մեծ արագությամբ կրոնը կորցնում է իր դիրքերը: Ենթադրվում է, որ ապագայում էլ մարդկանց որոշ փոքր տոկոս կլինի կրոնամետ: Դրանք հիմնականում այն մարդիկ կլինեն, որոնք մերժում են գիտությունն ու տեխնիկան կամ նպատակադրված ընտրում կրոնը, որպեսզի մեկուսացնեն իրենց մնացած աշխարհից: Իսկ հոգևորը զարգացած երկրների մշակույթում մնում է իր բարձրության վրա, միայն հենված ոչ թե առասպելների, դոգմաների ու գերբնական ուժերի նկատմամբ կույր հավատի, այլ՝ իրական աշխարհի, արվեստի ու գիտության վրա:
Ինչևէ, գանք մեր ցուցակին: Չինաստանը մարքսիստական գաղափարախոսության երկիր է, և այնտեղ աթեիզմը թերևս նաև պետական հիմքեր ունի: Եվ նրանց հին կրոնն էլ ինքնին, կարելի է ասել, փիլիսոփայություն է: Բայց ինչպե՜ս է զարգանում… Աշխարհի պատմության մեջ երևի նման բան չկա արձանագրված, որ ամենածանր ժառանգություն ունեցող մի աներևակայելիորեն հսկա երկիր մի քանի տասնամյակ անընդմեջ այդպես դինամիկ զարգանա:

Ճապոնիան շատ առումներով աշխարհի ամենակատարյալ երկիրն է: Իրոք, շլացուցիչ, գերզարգացած տնտեսություն, գիտության, արվեստի, կրթության ամենաբարձր մակարդակ, և կենցաղային կուլտուրան էլ բարձրագույն է: Ժողովրդի մշակութային մակարդակն այնպիսին է, որ իրենց համար փաստորեն օտար եվրոպական մշակույթը՝ գրականությունը, կերպարվեստը, դասական երաժշտությունը տարածված և սիրելի են լայն զանգվածների կողմից: Երկրաշարժից հետո մի մարդ հանրախանութի զուգարանում 10 միլիոն իեն (130 հազար դոլար) փող է թողել, որ գտնողը հանձնի տուժածներին: Ահա ճապոնական անանուն բարեգործության ձևը… (Փակագծերում նշենք, որ Ճապոնիան, մյուս կողմից, չափազանց ավանդապահ երկիր է, իսկ հասարակության մեջ կնոջ վիճակն այնպիսին է, որ շատ ճապոնուհիներ երազում են արտասահմանցու հետ ամուսնանալ: Բայց և այնպես, ազգի վերնախավն աշխատում է այդ ուղղությամբ՝ օրինակ, արքայազնը ամուսնանում է ոչ կույս և ոչ արիստոկրատ ճապոնուհու հետ՝ որպես օրինակ հպատակների համար):

Չեխիան արդեն երկու դար առաջ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի՝ Ավստրոհունգարիայի կայսրության առաջատարն էր կրթությամբ, արդյունաբերությամբ ու մշակույթով:

Իսկ ինչ կարելի է ասել մեր եռյակի մասին: Աֆրիկայի՝ ներառյալ Գանայի և Նիգերիայի սևամորթ բնակչությունը մինչև վերջերս պետականություն, կարելի է ասել, չի ունեցել: Գրագիտության և մշակույթի տարածումը շաղկապված է եղել գաղութային լծի հետ: Հետամնաց ցեղերի մարդկանց սնահավատությունն աներևակայելի է: Ամերիկյան նեգրերի մասին կարելի է հիշել «Հեքլբերի Ֆիննի արկածների» անպատմելի սնահավատ հերոս սևամորթ Ջիմին: Ինչ վերաբերում է իսկական բնիկ աֆրիկացիներին, ապա, ըստ իմ տեղեկությունների, Մարկ Տվենի հերոսը նրանց համեմատությամբ գիտական աթեիզմի պրոֆեսոր է եղել:

Գանայի բնակչության ութսուն տոկոսը քրիստոնյաներ են, մնացածի մեծ մասը մուսուլմաններ, Նիգերիայում հիսուն տոկոսը մուսուլման է, քառասունը քրիստոնյա, մնացածը՝ այլ հավատների մարդիկ: Եվ բոլորը, համատարած, ավելի քան իննսուն տոկոս, հավատացյալ… Այդ երկրները գտնվում են այլ դարաշրջանում:

Մի քանի դար առաջ հավատացյալ էր աշխարհի ողջ բնակչությունը: Գիտական աշխարհայացքը և աթեիզմը վերջին դարերի ձեռքբերում է: Մենք հազար վեց հարյուր տարվա դպրություն ունեցող ժողովուրդ ենք, բայց խորը անկում ենք ապրել միջնադարում: Հետո` ճնշված համայնքներ Պարսկական և Օսմանյան կայսրություններում, ապա՝ շուրջ մեկուկես դար, Պարսկաստանից խլված մի հատվածում եղել ենք ռուսական կայսրության մեջ, գաղութի պես մի բան: Մինչև սովետացումը եղել ենք համատարած հավատացյալ-կրոնական, հետո՝ համատարած աթեիստ, իսկ հիմա՝ նորից համատարած հավատացյալ: Եվ ընկել ենք ճոխ շրջապատ՝ Գանա, Նիգերիա, Ֆիջի…

Ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում, ըստ Ֆրիդրիխ Նիցշեի: Դե ուրեմն ներկայացնենք մեր հարևան երկրների հավատացյալ բնակչության տոկոսները, ըստ նույն հարցման՝ Թուրքիա՝ 23 %, Ադրբեջան՝ 44 %, Վրաստան՝ 84 %: Ովքեր քիչ թե շատ ծանոթ են Վրաստանին, գիտեն, որ վրացիները և՛ Սովետի ժամանակ, և՛ հետո, ավելի հավատացյալ էին, քան հայերը: Նույնը և ադրբեջանցիները: Բայց դե «մերն ուրիշ է», հարցումն այս է ցույց տվել, ի՞նչ կարող ես ասել:

* * *

Բայց հնարավո՞ր է միանգամից այդպես կրոնամիտ և կրոնասեր դառնալ: Հայտնի բան է, գաղափարները չեն մեռնում, մեռնում են նրանց կրողները: Մի՞թե ողջ հին սերունդը մեռավ կամ հավատափոխ եղավ: Թե՞ մարդիկ հոգու խորքում պահպանել էին իրենց «նախնյաց հավատը», որը ծաղկեց նոր կարգերի օրոք: Մեր հոգևորականները շատ կուզենային որ այդպես լիներ: Բայց ոչ, բարեկամներս: Խնդիրը շատ ավելի պարզ է: Ողբերգական է, բայց փաստ՝ մեզանում չի կարելի հավատալ հարցումների արդյունքներին:

2011 թ. մարդահամարի պաշտոնական տվյալների համաձայն պատկերն ավելի ցնցող է`Հայաստանի մոտ երեք միլիոն բնակչությունից 31 հազարը (1%) ոչ մի կրոնի չի դավանում, 72 հազարը չի նշել իր դավանանքը (2,4%), մնացյալները՝ տարբեր կրոնների հետևորդներ են: Այսինքն, «կրոնական» է բնակչության 96.6-99 տոկոսը: Սրանցից 2 միլիոն 800 հազարը, այսինքն՝ հավատավորների 96.5 տոկոսը հայ առաքելական է, 29 հազարը ավետարանական, 26 հազարը շար-ֆադինյան (եզդիներ), 13 հազարը կաթոլիկ, 8.6 հազարը Եհովայի վկա, 7.5 հազարը ուղղափառ, 5.5 հազարը հեթանոս, 2.8 հազարը մոլոկան:

Հավատա՞լ արդյոք այս տվյալներին: Իհարկե, ոչ: Եվ նույնիսկ այլ հարց է, որ մարդահամարն այնպես է անցկացված, որ հայ առաքելականը հաղթի: Մերոնք երևի կարծում են, որ հավատացյալների քանակը ևս թշնամու դեմ պայքարի դաշտ է՝ եթե ցույց տաս, որ մերոնք շատ են, թշնամին կվախենա ու կփախչի և մենք կհաղթենք (պարտվողի մշտական աշխատաձև՝ ինքնախաբեություն): Այս տվյալները վիճարկվում են և՛ միջազգային հանրության, և՛ մեր կրոնական փոքրամասնությունների կողմից: Իրականում այդ փոքրամասնություններն էլ, անհավատներն էլ ավելի շատ պիտի լինեն: Իսկ եթե ոչ, ուրեմն, Վին Գելապը խաբում է՝ մենք անցել ենք Գանային՝ միայն մեկ տոկոսը «հետևորդ» չէ, 2.4 տոկոսը՝ անհայտ, իսկ մնացածը՝ հավատացյալ, որոնց 96.5 տոկոսը՝ հալալ-զուլալ հայ առաքելական…

Ես, իհարկե, չեմ հավատում նման վիճակագրության օբյեկտիվությանը: Բայց հավատում եմ, որ հարցումների ժամանակ և մարդահամարի հարցերին պատասխանելիս մարդկանց նշանակալի մասը նպատակահարմար է գտել պատասխանել, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: Ուրեմն, «հետևորդ» լինելը հեղինակավոր է: Ի՞նչն է խնդիրը: Մեզանում հայ-առաքելական լինելը «հավատարմություն» է հայությանը, հայկական ինքնության վավերացում՝ առանց իրական կրոնական բովանդակության, առանց իրական հավատի: Հետաքրքիր է, որ ժողովրդական լեզվում հավատացյալ նշանակում է «աղանդավոր»՝ ժողովուրդը շատ լավ գիտե, թե ովքեր են իսկական հավատացյալները: Իսկ ընդհանրապես, և առաջ, և հիմա, ժողովրդի մեջ առկա է պարզ, սնահավատ «ժողովրդական քրիստոնեությունը»: Ինչևէ, այս իննսուն և ավելի տոկոսները մի տեսակ սովետական դարաշրջանն են հիշեցնում: Առաջ՝ հնգամյակը չորս տարում, համատարած կոլեկտիվացում, հիմա էլ համատարած արագընթաց առաքելականացում… Նման բան չի լինում: Առաջ մարդիկ չէին ասում, որ որ հավատացյալ են՝ սարսափելի էր ասելը, հիմա էլ, ընդհակառակը, ասում են, որ «հետևորդ» են:

Կրոնները բարոյականության հիմունքներ են առաջադրում և դրանք ներդնում իրենց հետևորդների մեջ: Այդպիսի հիմքեր է տալիս նաև մշակույթը՝ գիտությունը, արվեստը, դաստիարակությունը, այսինքն՝ կրթությունը: Բայց բազում կրոնավորներ և հավատացյալներ, նրանց առավել անկիրթ հատվածը վստահ է, որ անհավատ մարդիկ բարոյականություն չունեն՝ անբարոյական են: Մի հոգևորական նույնիսկ հայտարարել է, որ ով առաքելական չէ, կամ աթեիստ է, նա հայ չէ: Մենք ապրում ենք այնպիսի մի հասարակության մեջ, ուր կրթությունը նահանջում է: Մարդիկ փորձում են կապ հաստատել, թեկուզ ձևականորեն, եկեղեցու և կրոնի հետ: Իհարկե, հենց որ կապը խորացնում են, տեսնում են, որ մեր եկեղեցականների մեջ բարոյականությունը, մեղմ ասած, այն չէ: Հենց նման հայտարարությունները ցույց են տալիս նրանց մակարդակն ու բարոյականությունը: Եվ այստեղից՝ թռիչքներ դեպի այլ հավատներ ու աղանդներ: Բայց «կրոնի և առաքինության միջև ոչ մի ընդհանուր բան չկա» (Կլոդ Հելվեցիոս):
Աստղազարդ երկինքն իմ վերևում և բարոյական օրենքն իմ մեջ… Մեր իրականության մեջ մարդը վերև չի նայում, այլ միայն ոտքերի տակ, որ հանկարծ չսայթաքի ու չընկնի, և բան է, մեկ էլ տեսար, լիքը քսակ գտնի: Հասարակությունը հասել է այն վիճակի, որ մարդը չի հավատում, որ իր մեջ բարոյական օրենք կա: Թվում է, թե նա ձեռքերը կարկառում է դեպի եկեղեցի, կարծելով, կամ գոնե հույս ունենալով, որ կրոնը իրեն և հասարակությանը բարոյականություն կտա: Իսկ դա, իր հերթին, նվազեցնում է մարդկային և հասարակական առաքինությունների այլ ճանապարհների խրախուսանքը: Եվ դպրոցներում, որտեղ հայ եկեղեցու պատմության անվան տակ կրոն է ուսուցանվում, աշակերտի բարոյականության և առաքինության դաստիարակության ամենամեծ մասը տեղափոխվել է այդ առարկայի վրա:

Բայց արդյո՞ք այն երկրներում, որտեղ կրոնամետները և հավատացյալները շատ են, բարոյականությունն ավելի բարձր է: Լրիվ ընդհակառակը: Հենց այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ բարձր կրոնամետությունը բնորոշ է առավել հետամնաց երկրներին (և, ինչպես ասվեց՝ խավար դարաշրջաններին): Այնտեղ չկա կամ անկում է ապրում գիտությունը և կրթությունը, այնտեղ ծաղկում են կոռուպցիան, պետական հանցագործություններն ու թալանը, սովորական են ապօրինություններն ու բռնությունները: Ես նույնիսկ չեմ խոսում կրոնական հանցագործությունների մասին՝ այլադավաններին հալածել, կրոնափոխ անել, սպանել և այլն: Չեմ խոսում նաև եկեղեցում գործող կոռուպցիոն բնույթի երևույթների, արարողությունների վճարման չվերահսկվող սկզբունքի մասին:

Իսկ որտեղ են վատ և անբարոյական մարդիկ ավելի շատ՝ հավատացյալների, թե՞ անհավատների մեջ: Այստեղ նրանք մրցում են իրար հետ, բայց քանի որ առաջ անհավատներ չկային, կամ համարյա չկային, ապա մարդկության պատմության մեծագույն սրիկաների մեծագույն մասը հավատացյալ են եղել: Հավատացյալ Հիտլեր, թե՞ անհավատ Ստալին: Ինչ էլ ասես, եթե նույնիսկ պատմությունը կրկնվեր, մարդկությունը կընտրեր Ստալինին:

Մարդ պետք է առաջին հերթին իր հոգու մեջ գտնի բարոյական օրենքը, այն կա բոլորիս մեջ: Միայն երբեմն շատ թաքնված, գաղտնի անկյուններում: Այն բացահայտելուն օգնում են կրթությունը, արվեստը, գիտությունը: Մեր շրջապատի հետսովետական և իսլամական երկրներում, որոնք չեն փայլում առաջադիմությամբ, հակառակ քաղաքակիրթ աշխարհի, ներկայումս կրոնականության աճ է գրանցվում, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Դա, միևնույն է, կանցնի կգնա:

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Victoria says:

    Ցնդաբանություն: Ձեզ համար անհասու բաներ ավելի լավ կլինի չքննարկեք:

  2. Արտաշես says:

    Ճշմարիտ պահեր կան այս հոդվածի մեջ:
    Հատկապես- “Մեզանում հայ-առաքելական լինելը «հավատարմություն» է հայությանը, հայկական ինքնության վավերացում՝ առանց իրական կրոնական բովանդակության, առանց իրական հավատի” իրականությունը

  3. Գառնի Սահակյան says:

    …եւ դեռ էս վիճակին գումարած դպրոցներում դասավանդվող <> առարկան:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930