Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարդակ»` անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

Նոյեմբեր 13,2014 15:32

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծում դեռևս ամբողջությամբ արտացոլված չէ հանրային շահը. երբեմն հնարավոր են դեպքեր, որ անձնական տվյալների հրապարակումը պայմանավորված է հանրային շահով»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գևորգ Հայրապետյանը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը մտահոգություն հայտնեց, թե «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծում միասնական տեսլական չկա: Նախագծի ձևակերպումների առումով նախագիծն ընդհանուր է, բայց որպես կարգավորման մեխանիզմ` այստեղ բացեր եմ տեսնում: Դեռ լուրջ անելիքներ կան տեղեկատվական պահպանման ժամկետների տեսանկյունից»:

Քննարկման ընթացքում մտահոգություն հայտնեցին, թե ժամանակին կար մի կայք, որտեղ հասանելի էին տարբեր անձանց անհատական տվյալները, ուստի այդ առումով ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում:

ՀՀ ԱՆ օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության Իրավական ակտերի մշակման բաժնի պետ Լիանա Ղալթաղչյանը հավաստիացրեց, որ նոր օրինագիծը անձնական տվյալների պաշտպանության առումով աստիճանը կբարձրացնի ու շարունակեց. «Գործող օրենքը նման արտահոսքի դեպքերի համար որևէ պատասխանատվություն վարչական չէր սահմանում, սակայն քրեական առումով դա պատժելի արարք է: Օրենքի նոր նախագծի շնորհիվ անհատական տվյալների պաշտպանվածության աստիճանը կբարձրանա»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, թե անհատական տվյալների պաշտպանության համակարգը մի քանի մակարդակ ունի ու մանրամասնեց. «Առաջնայինը պետական մարմինների կողմից հավաքվող տվյալներին է վերաբերում, մյուսը վերաբերում է իրավաբանական և ֆիզիկական անձանց»:

Տվյալների արտահոսքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սամվել Մարտիրոսյանն արձագանքեց. «Մինչև հիմա չգիտենք, թե որտեղից է եղել արտահոսքը: Պատճառն այն է, որ այս ոլորտում «բարդակ է»: Ահռելի քանակի կառույցներ ունեն տվյալներ, ոչ ոք չի հետևում, թե դրանք ինչպես են պաշտպանվում, շատ դեպքերում կարող են անգամ լրացուցիչ տվյալներ վերցվել, որոնք պետք չեն»:

Անդրադառնալով վարչական պատասխանատվության մեխանիզմին` պարոն Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեց. «Հարյուր հազար դրամ տուգանքն ավելի էժան է, քան վարձել մարդուն, ով կպաշտպանի ձեր իրավունքները: Հիշում եք Լեզվի տեսչության տուգանքները. մարդիկ գերադասում էին տուգանք մուծել, քան փոխել վահանակը»:

Պարոն Մարտիրոսյանը շեշտեց. «Ոչ մի կառույց արտահոսքից պաշտպանված չէ, արտահոսքի դեպքում անհապաղ հանրությունը դրա մասին պիտի տեղեկացվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930