Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության հետ միասին այսօր ԵՊՀ-ում կազմակերպել էին «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ» անունը կրող միջազգային համաժողով: Կոնֆերանսը կազմակերպվել է ուսումնասիրելու համար ԵՏՄ-ի կայացման փուլում մեր միության առջև կանգնած տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները:
Քննարկման հյուրերը Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի պրոֆեսորներն ու դասախոսներն էին, որոնք ներկայացան իրենց հետազոտություններով, դիտարկումներով, իսկ ԵՊՀ ուսանողներն էլ հարցուպատասխանի ձևաչափով նույնպես իրենց մասնակցությունն ունեցան կոնֆերանսին:
«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը նշեց. «Համոզված եմ, որ այսպիսի կոնֆերանսները, կլոր սեղանները մեր՝ ԵՏՄ-ին հունվարի մեկից անդամակցելուց հետո ավելի հաճախ են դառնալու, քանի որ մենք ձեզ հետ հասկանում ենք, որ չնայած սա առևտրատնտեսական միություն է, բայց մինչև գաղափարախոսական ընդհանրության հարցերը չլուծվեն, մինչև չստեղծվի միասնական և տնտեսական ինֆորմացիոն տարածք, չհասկացվեն այն ընդհանուր արժեքները, որոնք մեզ համախմբվում են այս միության մեջ, տվյալ միությունը մեծ զարգացում չի ունենալու: Եվրոպական միությունն այս ճանապարհն անցել է քառասուն տարի: Ես չգիտեմ՝ ինչքան ճանապարհ կանցնի ԵՏՄ-ն՝ զարգացման ավելի բարձր աստիճանի հասնելու համար, բայց խորապես համոզված եմ, որ պետք է շատ լուրջ քաղաքական, քաղաքագիտական, պատմական, փիլիսոփայական, սոցիալական հետազոտություններ անցկացնել, որպեսզի խաղաղ պայմաններում, առանց ճնշման, կամավորաբար, հասարակությունների բարեկեցության և բարեկամության պայմաններում Եվրասիական ինտեգրման գործընթացն առաջ գնա»:
ԵՏՄ-ին անդամակցելու քայլը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը համարեց արտաքին քաղաքականության կառուցողական ու մտածված քայլ. «Մենք պետք է հաշվի առնենք մեր պատմության քաղաքական դասերը: Այս ամենը պետք է խորը և համակողմանի ուսումնասիրել, քանի որ սա մեր միակ ճիշտ քաղաքականությունն է: Մենք կարող ենք գիտական հիմքերի վրա հիմնվելով բացատրել բոլոր մեկնաբանությունները՝ անդամակցության հետ կապված, չմոռանալով, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է և ԵՄ անդամակցության կարևոր մասն ինձ համար քաղաքական ենթատեքստն է. անդամակցությունը տրվում է ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ղազախստանի Հրապարակային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սերիկ Կոժկենովն էլ հավելեց, որ անդամակցությունը մեծ կարևորություն ունի ոչ միայն այս չորս երկրների, այլ նաև ամբողջ հետսովետական երկրների համար: Կոժկենովը համոզված նշեց, որ շուտով ԵՏՄ-ին անդամակցած պետությունների քաղաքացիները կզգան ինտեգրացիայի դրական կողմերը՝ բիզնեսի, միջազգային հարաբերությունների և այլ ոլորտներում:
Սյունե ՍԵՎԱԴԱ