Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկել է գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ

Նոյեմբեր 13,2014 13:52

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքներին, ասել է. «Մեկ անգամ ևս ցանկանում եմ բոլորիս անունից ցավակցել Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված մեր քաղաքացիների հարազատներին, մերձավորներին: Միաժամանակ, ինձ ներկայացված նախնական զեկույցների արդյունքների հիման վրա ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռել հատկապես գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացների և անվտանգության ապահովման խնդիրների վրա: Հանձնարարում եմ պատկան մարմիններին, համապատասխան գերատեսչություններին մեկ ամսվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել համապարփակ լուծումներ»:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2014 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, օրակարգում ընդգրկելով 27 հարց:

Կառավարությունը որոշել է հավանություն տալ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փոփոխությունների ընդունման արդյունքում ՀՀ տեխնիկական կանոնակարգման և որակի ենթակառուցվածքի բնագավառում օրենսդրությունը կհամապատասխանի Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ժամանակ կնպաստի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրանքի ազատ տեղաշարժին:

Գործադիրի հավանությանն են արժանացել նաև «Ցորենի ալյուրի հարստացման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Սահմանվում են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման, սննդամթերքի անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները, ոլորտում իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները: Օրենքի ընդունմամբ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում կենթարկվի հարստացման, որի արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ:
Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Լևոն Դոխոլյանի, Հովհաննես Մարգարյանի և Իշխան Խաչատրյանի ներկայացրած՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է երեխայի խնամքի նպաստի իրավունքը տարածել ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող ծնողի վրա, կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման շրջանակում:

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի՝ ներկայացված տեսքով ընդունմանը կառավարությունը դեմ է արտահայտվել, նախագծի հեղինակներին առաջարկելով խնդրին անդրադառնալ ՀՀ կառավարության կողմից ԱԺ քննարկմանը ներկայացվելիք նախագծի քննարկումների շրջանակում:
Կառավարությունը ներկայումս նպատակահարմար չի համարել ընդունել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած՝ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոխել որոշակի ծածկագրերով ՀՀ մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ավտոմեքենաների ներմուծման ժամկետները և քանակը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, նման բովանդակությամբ՝ նաև պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Ներկայացված նախագծերով նախատեսվում է նվազեցնել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը: Նկատի ունենալով, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումներ, կառավարությունը նախագծերի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 Հավանության է արժանացել ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և դրա 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը: Ռազմավարությունը նպատակամղված է ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչը կնպաստի երկրում ֆինանսական կայունությանը, ֆինանսական միջնորդության խորացմանը: Գործողությունների ծրագիրը ֆինանսական կրթումը դիտարկում է որպես պետական, համընդհանուր և ազգային խնդիր:
Կառավարության որոշումով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է որպես «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսավորմամբ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման հետ կապված գործառույթները ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնելու նպատակով կառավարությունը անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ է կատարել 2013թ. դեկտեմբերի 19-ին ընդունված թիվ 1414-Ն որոշման մեջ, մեկ այլ որոշմամբ Սևանի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հանձնված մեքենասարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ժամկետը թույլատրել է երկարաձգել մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը:

Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու արտոնություն են ստացել Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան տեղափոխված հայ քաղաքացիները:

Մաքսային ձևակերպումների ընթացքում ապրանքների դասակարգման գործընթացը հստակեցնելու և պարզեցնելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել 2003 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1779-Ն որոշման մեջ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության որոշումը գնահատել է ևս մեկ քայլ` ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ. «Այսօր կատարված փոփոխություններով ապրանք ներմուծելիս, եթե տարաձայնություններ առաջանան ներմուծողի ու մասքազերծողի միջև, ներմուծողը, երաշխավորի առկայության դեպքում, կարող է ապրանքը ներմուծել, հետո միայն հստակեցնել տարաձայնությունները»:

Անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշել է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակազմում ստեղծել բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման բաժին:
Բարելավվում է երեխայի իրավունքի պաշտպանության քաղաքականությունը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1694-Ն որոշման մեջ, Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի մի շարք կետեր շարադրել նոր խմբագրությամբ, նպատակ ունենալով առավել լիարժեք բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների իրական կարիքները, իրացնել յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը, որը ենթադրում է երեխայի համարժեք սոցիալականացման ու հասարակությունում լիարժեք ինտեգրման գործընթացի ապահովումը:

ՀՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց համապատասխան կարգավիճակ տալու գործընթացը կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունված որոշման մեջ: Հստակեցվել է խնամքի հաստատություններ քաղաքացիների ուղեգրման, ընդունելության կանոնակարգը: 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց՝ աշխատանքային գրքույկ, անձնագիր և անձը հաստատող այլ փաստաթուղթ չունենալու դեպքում կենսաթոշակ նշանակելու, աշխատանքային ստաժը սահմանելու նպատակով մեկ տարի ժամանակով երկարաձգվել է համապատասխան հանձնաժողովի լիազորությունը:

Կառավարությունը Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1 մասնաշենքում և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող քաղաքացիներին նվիրել է իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի շահառուների խնամքը բնականոն իրականացնելու նպատակով գործադիրը կառավարության պահուստային ֆոնդից որոշել է հատկացնել 14,600.0 հազար դրամ:

Իրավական ակտերում անհիմն կրկնությունները բացառելու նպատակով կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգի և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշման թիվ 2 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերը:

Վերաբաշխում կատարելով 2014 թվականի պետական բյուջեում, կառավարությունը գումար է հատկացրել Տավուշի մարզի Գոշավանք վանական համալիրի, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սբ. Աստվածածին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ. Հովհաննես, Լոռու մարզի Քոբայր գյուղի Քոբայրավանք եկեղեցիների վերականգնման լրացուցիչ աշխատանքներում ներդրում կատարելու համար:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բնականոն գործունեությունն ապահովելու, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համալիրում պատշաճ իրականացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 41998.7 հազար դրամ՝ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին նվիրաբերության պայմանագրով տրամադրելու համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930