Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համաձայնագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածին, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ ԵՏՄ համաձայնագիրը հակասահմանադրական է:
«Ես կարծում եմ, որ ԵՏՄ անդամակցությունը հակասում է Սահմանադրության այդ հոդվածին: Եվրամիության անդամակցությունն էլ կհակասեր, այդ պատճառով եվրոպական շատ երկրներ ԵՄ անդամակցության համար սահմանադրական փոփոխություններ են արել, հանրաքվեներ են անցկացրել»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:
Նրա խոսքով՝ հստակ է, որ այս պայմանագրով համենայնդեպս, եթե ոչ քաղաքական, ապա տնտեսական տեսանկյունից Հայաստանն ինքնիշխանության կորուստ ունի: Հետևաբար, ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանում պետք է սահմանադրական փոփոխություններ կատարվեին:
Չնայած դրան, Ավետիք Իշխանյանը նշում է, որ վստահ է՝ ՍԴ կորոշի, որ համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը և այն կուղարկի խորհրդարան:
«Կուղարկի խորհրդարան, խորհրդարանում էլ 3-4 պատգամավոր դեմ կամ ձեռնպահ կքվեարկեն, մյուսները կողմ կլինեն կամ էլ պատգամավորների մի մասը կբացակայեն քվեարկությունից»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Նշենք, որ Սահմանադրական դատարանը ԵՏՄ անդամակցության պայմանագիրը գրավոր ընթացակարգով քննության կառնի նոյեմբերի 14-ին, որից հետո այն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն արդեն իսկ խախտում է համարում այն, որ ՍԴ-ն որոշել է այդ համաձայնագիրը քննել գրավոր ընթացակարգով:
«Հանրային նշանակություն ունեցող հարցը պետք է ոչ թե գրավոր, այլ բանավոր ընթացակարգով քննության առնվի: Դա ակնհայտ խախտում է, և ես որևէ կասկած չունեմ, որ ՍԴ-ն հավանություն է տալու այդ ակնհայտ հակասահմանադրական պայմանագրին»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում