Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ քաղաքական գործիչներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ ԼՂ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը կործանելու համար:
ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեսահաղորդագրությունում նշում է, որ փոխանակ Ադրբեջանի իշխանություններն ափսոսանք և ցավակցություն հայտնեն հարձակման համար, շքանշանով են պարգևատրում ուղղաթիռը կործանած զինվորին:
«Այս հարձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իրավիճակի սրելու և ագրեսիայի անխոհեմ վերջին քայլն է՝ բռնության օրինակ, որի հետևանքով երկու կողմերը մարդկային բազմաթիվ կորուստներ են կրել, և որը հղի է այս տարածաշրջանը նոր պատերազմի մեջ ներքաշելու հնարավորությամբ», – ասում է Համբարյանը, – «ԱՄՆ-ի քաղաքականությունը կերտողները պետք է հրաժարվեն կողմերին հավասարապես վերաբերվելու բարոյական պարտքի՝ դեռ վաղուց վարկաբեկված գիտակցումից: Փաստերն ակնհայտ են ու պետք առաջնորդեն ԱՄՆ քաղաքականությանը: Արցախը ձգտում է ժողովրդավարությանը և խաղաղությանը: Ադրբեջանը բռնապետություն է ու դեպի պատերազմ է շարժվում: Ամերիկան կանգնած է ժողովրդավարության և խաղաղության կողքին»:
Համբարյանը կոչ է անում զանգահարել և նամակ ուղարկել սենատորներին, որպեսզի անհապաղ դատապարտեն Ադրբեջանի՝ ուղղաթիռը խփելու գործողությունները: Ինչպես նաև հորդորում է, որ իր հաղորդագրությունը տարածեն ընկերների և բարեկամների շրջանակներում՝ խնդրելով, որ նրանք էլ նույնը անեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ