Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բացեիբաց պատերազմ է հրահրում

Նոյեմբեր 13,2014 13:05

Նոյեմբերի 12-ին ադրբեջանցիները կրկին կոպիտ սադրանքի են դիմել սահմանի ադրբեջանա-ղարաբաղյան հատվածում: Կատարված ռազմական սադրանքի արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված Ուժերի ուսումնավարժական ուղղաթիռը: Լեռնային Ղարաբաղի ուժային գերատեսչությունները դեռևս ճշտում են զոհերի քանակը, մինչդեռ ոչ հաստատված տեղեկության համաձայն` զոհվել է ուղղաթիռի ամբողջ անձնակազմը` երեք հոգի:

«Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային
տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ
ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում
խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին
չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային
զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ», -ասված է Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության հայտարարությունում:

Ինչպես հայտնի է դարձել քիչ անց, ամբողջ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի
Պաշտպանական Ուժերի և ադրբեջանական բանակի միջև ակտիվ պայքար է տեղի
ունեցել խոցված ինքնաթիռի բեկորների, ինչպես նաև անձնակազմի դիակների
համար:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին Ադրբեջանի Զինված Ուժերը
իրականացրել են աննախադեպ սադրանք, որը նաև հանգեցրել է իրավիճակի
լարվածության, իսկ ադրբեջանական կողմի ստերը, թե հայկական ուղղաթիռները
ձեռնարկել են գրոհ իրենց դիրքերի վրա և իրենք իբրև թե ընդամենը այդ քայլին
են պատասխանել, անիմաստ են:

Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ այն
զինված չի եղել: Ադրբեջանական կողմից իրավիճակի լարվածությունը շարունակվել
է նույնիսկ ուղղաթիռի վայրէջքից հետո: Ավելին, ադրբեջանական կողմը
շարունակել է կրակոցները` թույլ չտալով նույնիսկ մոտենալ օդաչուներին: Այդ
աննախադեպ էսկալացիայի հետևանքները շատ ծանր կնստեն ադրբեջանական կողմի վրա
և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին», -հայտարարել է
Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո-խոսնակ Արծրուն
Հովհաննեսյանը:

Հիշեցնենք ,որ 1994թ. Բիշկեքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության ռազմական ուժերի միջև Հրադադարի պայմանագիր ստորագրելու
պահից ի վեր ադրբեջանցիներն, այնուամենայնիվ, շարունակում են խախտել
հրադադարի պայմանները: Ամեն տարի Ադրբեջանի կողմից կատարված տարբեր
ռազմական դիվերսիաների ընթացքում ինչպես Լեռնայի Ղարաբաղի և Ադրբեջանի
զինված ուժերի շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ
գծով մեկ սպանվում են տասնյակ մարդիկ, ինչպես զինվորականներ, այնպես էլ
խաղաղ բնակիչներ:

Հաշվի առնելով հակառակորդի հոգեբանությունը` երկար տարիների ընթացքում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Զինված
Ուժերը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման և լայնամասշտաբ
ռազմական կոնֆլիկտի էսկալացիա թույլ չտալու նպատակով ստիպված են որոշակի
քայլեր ձեռնարկել ադրբեջանական բանակին հանդարտեցնելու և զսպելու
ուղղությամբ:

Հարկ է նաև նշել, որ նման տեսակի սադրանքը հակաօդային պաշտպանության
սարքերի օգտագործմամբ, ադրբեջանցիների կողմից առաջին անգամ իրականացվել է
1994թ.-ից ինչը ևս անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում հետագա
կայունության համար:

ԵԱՀԿ-ի Մինսկյան խմբի համանախագահները (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) արդեն
հայտարարություն են արել նոյեմբերի 12-ին կատարված ադրբեջանական սադրանքի
վերաբերյալ, մինչդեռ ինչպես բոլոր նախկին դեպքերի ժամանակ, Մինսկի Խումբը
նորից զերծ մնաց իրական սադրիչին իր անունով կոչել և ստիպել նրան
դադարեցնել սադրիչ գործողություններ ձեռնարկել:

«Համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնում շփման գծի մոտ խոցված
ուղղաթիռի և վերջին բռնությունների առթիվ: Մենք ափսոսում ենք զոհված
մարդկանց համար և ցավակցում ընտանիքներին:

Համանախագահները անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք
հանգեցրել են նման արմատական դեպքի, առաջինն իր տեսակի մեջ հրադադարի
պայմանագիր ստորագրելուց հետո: Մենք համառորեն կոչ ենք անում կողմերին
խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության
թեժացմանը հայ-ադրբեջանական սահմանագծում: Տարածաշրջանը չի կարող իրեն
թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ:

Այսօրվա դեպքերը հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության
անկանխատեսելիության մասին և անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել ջանքերը
գտնելու վերջնական համաձայնություն:

Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց
պարտավորությունը՝ պահպանել հրադադարը և հարգել պարտավորությունները, որ
նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՝ գտնել հակամարտության
խաղաղ կարգավորումը: Մենք նաեւ կոչ ենք անում նրանց այժմ հաստատել
վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն
թափանցիկությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին և կնվազեցնեն
հավանականությունը այնպիսի դեպքերի, ինչպիսին այսօրվա միջադեպն է»,-ասված է
ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված Մինսկյան Խմբր համանախագահների
հայտարարությունում:

ՄԱԿ-ը ևս մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից կատարված սադրանքը. «Մեզ
անհրաժեշտ է փաստեր ստանալ և պարզաբանել մանրամասները, բայց տվյալ պահին ոչ
մի հաստատում չկա», -նոյեմբերի 12-ին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր
Քարտուղարի պաշտոնական փոխներկայացուցիչ Ֆարխան Խակը:

«Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային
Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական
զինված ուժերի կողմից:

Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի
հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու
համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝
ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Ադրբեջանական
կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ
կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարհում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի
չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման
մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ
պատասխանատվությունը», -ասվում է Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունում:

Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների անորոշության, իրերն իրենց
իրական անուններով անվանել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել
չցանկացողների ֆոնի վրա, նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Ադրբեջանի
Պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ
«հայկական ռազմական Մի-24 ուղղաթիռը խոցելու, զինծառայության ընթացքում
զգոնություն և հերոսություն ցուցաբերելու համար իրական ծառայության
զինծառայող, ջոկատի հրամանատար Մուրադով Իլկին Մամեդ Օղլուն Պաշտպանության
նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից պարգևատրվել է
«Զինծառայության ընթացքում առանձնանալու» երրորդ կարգի շքանշանով և
թանկարժեք նվերով»: …

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930