«Մենք շարունակում ենք մնալ շատ վտանգավոր վիճակում»,- այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքերով՝ հայ ժողովուրդը չի ուզում հասկանա, որ ներկա սերունդի առաքելությունն է պահպանել եւ հզորացնել անցյալից կտակված հարստությունը, իսկ դրա համար պետք է նոր ներուժ կուտակել. «Ժողովրդագրական գործընթացները, որոնց մենք առնչվում ենք, մեր օգտին չեն, բայց ինչպես մեր զինվորականներից մեկն ասաց, անկախությունից կարեւոր բան չունենք, եւ այս օրերին որեւէ այլ բան խոսելը, երբ մեր անկախությանը վտանգ է սպառնում, ուղղակի լավագույն դեպքում ցույց է տալիս, որ դու քաղաքական գործիչ ես, իսկ վատթարագույն դեպքում, որ դու ծախված ես: Ցավոք սրտի, երբ մենք այսօր ունենք մեր անկախությունը կորցնելու, գոյություն չունեցող Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու վտանգ, այս պայմաններում մենք տեսում ենք չակերտավոր ընդդիմադիր ուժերի չակերտավոր բուռն դրսեւորումներ՝ թեժ աշուն էին խոստանում, հիմա ռուսական զենքով խփվում է Հայաստանի զինված ուժերի ուղղաթիռը, երբ ժողովրդի ուշադրությունը պետք է կենտրոնացած լիներ իր հիմնական խնդրին՝ անկախությանը, մենք ունենում ենք շեղող երեւույթներ: Սա ցույց է տալիս, որ մեր ռազմավարական բնույթի տագնապները արդարացված են»:
Հարցին, թե տարբերությունը մեծ կլինե՞ր, եթե ադրբեջանցիները ռուսական զենքի փոխարեն օգտագործեին այլ երկրի արտադրած զենք, նա պատասխանեց, որ շատ մեծ կլիներ տարբերությունը, որովհետեւ Ռուսաստանը չակերտավոր դաշնակից է. «Պետք է նշել, որ նա դաշնակից չէ: Ինչո՞ւ ֆրանսիացիները, անգլիացիները, ամերիկացիները Ադրբեջանին զենք չեն վաճառում, նրանք էլ չէ՞ ունեն ռազմական արդյունաբերություն, որովհետեւ սկզբունքներ ունեն: Սկզբունքը հետեւյալն է՝ հակամարտող, պատերազմող ուժերին զենք չվաճառել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ