Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց.«Վաղը ականատես ենք լինելու ՍԴ-ի հերթական խայտառակությանը»

Նոյեմբեր 13,2014 12:16

«Ասել, թե որևէ մեկն ակնկալիք ունի, որ վաղը ՍԴ-ն քննելու է այս պայմանագիրը և ակնհայտորեն ՀՀ սահմանադրությանը հակասող դրույթների պատճառով այն ճանաչելու է հակասահմանադրական, միամտություն կլինի: ՍԴ նման ամոթալի պահվածքը չի քողարկելու պայմանագրի հակասահմանադրականությունը»,-այսօր «Մեդիա կենտրոնում» Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պայմանագրի սահմանադրականության հարցի վերաբերյալ քննարկմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նա շեշտեց, թե ողջ գործընթացն ամենևին չի բխել ՀՀ իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն լինելու ամրագրված փաստից՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին կայացվեց ոչ իրազեկված, անակնկալ որոշում ու վրդովվեց. «Այս խայտառակ հակասահմանադրական գործընթացը ներկայացվեց այնպես, իբրև Սերժ Սարգսյանը ընտրություններում ստացել է ընտրողների քվեն, հետևաբար իրավունք ուներ այդ շրջանակներում կնքել պայմանագիրը: ՀՀ սահմանադրությունն ամենևին չի խոսում, որ ՀՀ նախագահը պետք է պարտադրվի և դրա ազդեցության տակ ընդունի որոշումներ թեկուզ իր ստացած մանդատի շրջանակներում»:

Խոսելով ՍԴ-ի «ամոթալի» պահվածքի մասին, պարոն Սաֆարյանը հիշեցրեց հայ-թուրքական արձանագրությունները, գազային պայմանագրերը՝ նշելով, թե դրանք նույնպես առնչվում էին ՀՀ ինքնիշխանությանը, բայց դրանք չճանաչվեցին հակասահմանադրական:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը շեշտեց, թե ՀՀ-ն պատրաստակամություն չի հայտնել, ընդհանրապես հանրային քննարկում չի եղել ԵՏՄ անդամակցության մասին: Անդրադառնալով ՍԴ-ից ակնկալվող որոշմանը, պարոն Սաքունցն ասաց. «Վաղը ականատես ենք լինելու հերթական խայտառակությանը, այդ պայմանագիրը ՍԴ-ն ճանաչելու է և հերթական անգամ ՍԴ-ն զգայուն և կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթի վերաբերյալ կայացնելու է հակասահմանադրական որոշում, բայց ՍԴ որոշումը բողոքարկելու մեխանիզմներ կան»:

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Դանիել Իոաննիսյանը նկատեց, թե քաղաքացիները, ընդհանուր առմամբ, ընդհանրապես իրազեկված չեն և երեք հակասահմանադրական դրույթներ նշեց. «Առաջին հակասությունը ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի և Անկախության հռչակագրի 6-րդ կետերի հետ է, որտեղ ասվում է, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, իսկ ԵՏՄ պայմանագրում գրված է, թե ԵՏՄ-ն կոլեգիալ մարմին է, որը կայացնում է որոշումներ, այսինքն՝ անգամ ՀՀ-ի դեմ կարող են որոշումներ ընդունվել, որոնք ՀՀ-ն պարտադիր պիտի կատարի: Հարկերի տուրքերի վճարման չափսերին վերաբերող կարգի հետ կապված լիազորություններ ունի ՀՀ ԱԺ-ն, բայց ԵՏՄ պայմանագրով այդ լիազորություններն անցնում են ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին: Ֆինանսավարկային և այլ ոլորտների քաղաքականությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը, այս պայմանագրով այդ քաղաքականության սահմանումն անցնում է ԵՏՄ հանձնաժողովին: Սրանք ակնհայտ հակասահմանադրական կետեր են: Ընդհանրապես սա ՀՀ անկախ պետության պատմության մեջ ամենահակասահմանադրական պայմանագիրն է»:

Նշենք, որ վաղը, երբ ՍԴ-ն կքննի ԵՏՄ պայմանագրի սահմանադրականության հարցը, ՍԴ-ի մոտ ցույց է կազմակերպվելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930