Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստին պարբերաբար ուշագրավ արտահայտություններ էր անում: Ամեն որոշման նախագիծ ներկայացնելուց հետո հետաքրքրվում էր՝ «Կա՞ն դեմ տեսակետներ, կա՞ն հարցեր ու դեմ տեսակետներ»:
Նկատենք, որ մինչ այսօրվա նիստը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը երբեւէ չէր հետաքրքրվում, թե դեմ տեսակետ կա, թե ոչ: Ընդամենը հարցնում էր. «Հարցեր կա՞ն»:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման նախագիծը քվեարկության չի դրվել, կողմ եւ դեմ ձայներ չեն արձանագրվել, ուստի Սուրիկ Խաչատրյանը մարզպետ չի նշանակվել: Փաշինյանը նկատել էր, որ կառավարության նիստում պետք է հարցերը քվեարկության դրվեն, հետեւաբար՝ կողմ եւ դեմ ձայներ արձանագրվեն:
Կարելի է ենթադրել, որ վարչապետի այսօրվա «կա՞ն դեմ տեսակետներ» արտահայտությունը Նիկոլ Փաշինյանի երեկ արձանագրած երեւույթի արձագանքն է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև