Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոխրագույն լճի չբացահայտված վտանգները

Նոյեմբեր 13,2014 12:10

ONEArmenia կազմակերպությունը հոկտեմբերի 3-14-ը հանրային դրամահավաք է իրականացնում, ինչի շնորհիվ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու Հանքարդյունաբերության կենտրոնի մասնագիտական խումբը կձեռքբերի անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ` Հայաստանի մի շարք բնակավայրերում հանքարդյունաբերության հետեւանքով շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակն ուսումնասիրելու, մարդկանց առողջության վրա ազդեցությունը պարզելու նպատակով:

«Հայաստանում ավելի քան 400 գործող հանքերից 22-ը մետաղական հանքեր են, որոնք ծանր մետաղյա աղտոտող նյութեր են արտանետում միջավայր: Վատ վերահսկողության և կանոնակարգման արդյունքում այս համայնքները կանգնած են թունավոր աղտոտման խնդրի առջև: Անկախ մոնիթորինգը թույլ կտա այս համայնքներին անել առաջին քայլը դեպի ավելի հաշվետու և պատասխանատու հանքարդյունաբերություն», – նշում են նախաձեռնողները:

ONEArmenia կազմակերպության մենեջեր Նորա Կայսերյանի փոխանցմամբ` ուսումնասիրություններ են նախատեսվում իրականացնել Հայաստանի 22 բնակավայրերում, այդ թվում նաեւ Կապանի տարածաշրջանում գտնվող Գեղանուշի պոչամբարի հարակից տարածքում: Նոյեմբերի 12-ի դրությամբ 29 հազար դոլար է արդեն հավաքագրվել:

Geghanush G_bnutyun G_artahaosq G-erexa
Հայաստանի հարավում գտնվող Կապանի տարածաշրջանում վաղուց են լեռնահանքային արդյունաբերությամբ զբաղվում:

Ներկայումս տարածաշրջանում մի քանի հանքավայր է գործում, որոնց պատկանող պոչամբարները տարբեր կողմերից շրջապատում են քաղաքը: Կապանի տարածաշրջանի Գեղանուշ գյուղ տանող ճանապարհին է գտնվում պոչամբարներից մեկը` «Գեղանուշի» պոչամբարը, որը շահագործում է կանադական «Dundee Precious Metals Kapan» ընկերությունը: Կապան քաղաքից մի քանի հարյուր մետր անցնելով` տեղ հասանք. պատկերը նախանձելի չէր. գեղեցիկ բնության տեսարանին զուգահեռ մեր առջեւ բացվեց մոխրագույն, դեղնականաչավուն գորշ տեսք ունեցող մի հսկայական լիճ, որից եկող սուր հոտը պարբերաբար զգացնել էր տալիս: Հետո շարժվեցինք պոչամբարից 3.5 կմ հեռավորության վրա գտնվող Գեղանուշ գյուղ:

Գյուղացիների պատմելով` ժամանակին գյուղի ճանապարհը պոչամբարի տարածքով էր անցնում, այնտեղ մարդիկ այգիներ էին մշակում, բայց այսօր տարածքը վերածվել է թունավոր թափոններով լի պոչամբարի, որի շրջակա հողատարածքները սեփականատերերը անվտանգությունից ելնելով չեն մշակում:

Գյուղի հնաբնակ Աիդա Սարգսյանը ասում է` վերջին տարիներին անասունների մոտ ծնելիությունը պակասել է, վիժումները շատացել են, բերքը որակազրկվել է, բերքատվությունը` նվազել, մարդկանց մոտ ինքնազգացողությունն է վատացել, տարբեր հիվանդություններով են տառապում:

Բնակիչները միայն ենթադրում են, որ հնարավոր է պոչամբարը դերակատարում ունենա, բայց խուսափում են պնդել` նշելով, որ հաստատող ապացույցներ չունեն:
287 բնակիչ ունեցող Գեղանուշ համայնքի ղեկավար Իվան Կոստանդյանը մեր զրույցում նշեց, որ մինչեւ օրս գյուղում մարդկանց առողջության վրա պոչամբարի հնարավոր ազդեցության վերաբերյալ որեւէ հետազոտություն չի արվել, միայն իր ձեռքի տակ ունի 2013թ.-ին Կապանի բժշկական կենտրոնի կողմից տրամադրված հիվանդանոցում գրանցված 144 բնակիչների հիվանդությունների ցանկը:

«Երեխաների մոտ առկա են էպիլեպսիկ, սուր շնչառական հիվանդություններ, ցիստիտը, սուր մազոֆարենգիտը, մեծահասակներից 3-ի մոտ՝ չարորակ նորագոյացություն եւ 23-ից ավելի այլ հիվանդություններ: Եթե մյուս գյուղերի տվյալները լիներ, կկարողանայինք համեմատել ու եզրակացություն անել»,- ասաց գյուղապետը:

Կոմբինատը վարձակալած 21 հա տարածքի համար տարեկան 3 մլն դրամ գումար է վճարում համայնքին, նաեւ սոցիալական ծրագրեր իրականացնում գյուղում: Ժամանակին գյուղի 134 բնակիչ ստորագրահավաք էր կազմակերպել` դեմ արտահայտվելով պոչամբարի կառուցմանը, սակայն, ընկերությունը այն հաշվի չառավ:

«Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան հ/կ նախագահ Արթուր Ղազարյանի խոսքով` ««Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ /նախկին «Դինո գոլդ մայինգ»/ կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարը կառուցվել է 2007թ.-ին հին պոչամբարի տարածքում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) տրամադրված 4 միլիոն դոլար վարկային միջոցներով: Այն շահագործման հանձնելուց ընդամենը 3 տարի անց վթար է տեղի ունեցել:

«ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացության համաձայն՝ Գեղանուշի պոչամբարի նոր ջրատարը կառուցվել է թերություններով և նախագծային շեղումներով»,-ասաց նա:

Թեև ընկերությունը հավաստիացրել էր, որ Գեղանուշի պոչամբարի նախագծային լուծումներն անելիս հաշվի է առնվել միջազգային լավագույն փորձը, սակայն նրա առանձին հատվածներում միայն 2012թ.-ին երեք անգամ վթար է արձանագրվել, ինչի հետևանքով պոչերն արտահոսել են շրջակա միջավայր:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի տվյալներով` գրանցված վթարների արդյունքում ընկերությունը շրջակա միջավայրին հասցրել է ընդհանուր 19 մլն 534 հազար դրամի վնաս, որն ընկերությունն ամբողջովին վերականգնել է: Սյունիքի մարզի դատախազությունն էլ 2012թ.-ին տեղի ունեցած դեպքերից մեկի առթիվ` ընկերության դեմ քրեական գործ էր հարուցել:

Բնապահպանության նախարարության «2002թ. շրջակա միջավայրի վիճակի մասին» ազգային զեկույցի համաձայն` ‹‹Dundee Precious Metals Kapan›› ընկերությանը պատկանող` պղինձ, կապար, ցինկ եւ ոսկի պարունակող Գեղանուշի պոչամբարը գնահատվել էր առաջին դասի վտանգավորության:

2013թ.-ին «էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյանը Գեղանուշի պոչամբարի խնդրով դիմել էր EBRD-ի բնական ռեսուրսների տնօրեն Էրիկ Ռասմուսենին, պարզելու թե նախագծի վերաբերյալ բանկը մոնիթորինգ անցկացրե՞լ է: Վերջինս պատասխանել էր, որ նախքան վարկի տրամադրումը, բանկի աշխատակազմը համապատասխան ստուգումներ է անցկացրել տեղում: «Բանկն ունի անկախ խորհրդատու, ով աշխատանքների մշտադիտարկում է իրականացնում, որը էական բարելավում է գրանցել»,- նշված է պատասխան նամակում:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ Կապանի մասնաճյուղի համակարգող Հրայր Խաչատրյանը հայտնեց, որ 2013թ.-ին «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը իրենց հարցմանը պատասխանել է, որ Գեղանուշի պոչամբարի աշխատանքային նախագծին 2006թ.-ին տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն, ինչը զրուցակիցս զարմանալի է համարել:«Պոչամբարի խնդրով պետք է միջազգային անկախ փորձագետներից ձևավորված հանձնախմբեր լինեն, որպեսզի մարդիկ իրական պատկերն իմանան»:

Ըստ ««Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ` պոչամբարի ջրատարի վթարների մի մասը սաբոտաժի` ոչ թե տեխնիկական վթարի արդյունք է եղել: Իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմելու նպատակով` ընկերությունը մի շարք բարելավման աշխատանքներ է իրականացրել. «Մշակվել և հաստատվել է պոչատարի կոմպենսատորներից վթարային արտահոսքերի ավտոմատհավաքման և պահեստավորման համակարգի նախագիծ, որի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ամբողջությամբ խուսափել կոմպենսատորների վթարների դեպքում շրջակա միջավայրի պոչերով աղտոտումից»,- փոխանցեցին ընկերությունից:

Պարզ է, որ հանքարդյունաբերական ընկերությունները աշխատատեղերի խնդիր են լուծում գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջանում, բայց անընդունելի է, երբ կոմբինատները շահույթ են ստանում մարդկանց առողջությունը վնասելու եւ շրջակա միջավայրն աղտոտելու հաշվին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930