Երբ սեպտեմբերի վերջին քառյակը քննարկում էր միասնական հանրահավաք հրավիրելու հարցը, որի հիմնական թեման պետք է լիներ սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու և այդ փոփոխությունները մերժելու գաղափարը, ՀՅԴ խմբակցությունը որոշեց չմասնակցել քառյակի նիստերին, քանի որ ՀՅԴ-ականներն անկեղծորեն հայտարարեցին, որ իրենք կողմ են սահմանադրական փոփոխություններին, ինչի արդյունքում քառյակը դարձավ եռյակ։ Ավելին, նրանք հայտարարում էին, որ իրենք պետական կառուցվածքի, պետության ներսում գործող հարաբերությունների փոփոխությունը տեսնում են սահմանադրական փոփոխությունների իրականացման ճանապարհով և առաջարկում էին բոյկոտի փոխարեն՝ ակտիվորեն մասնակցել այդ փոփոխությունների իրականացմանը։
Հիմա եռյակը, ըստ էության, վերադառնում է այնտեղ, որտեղ թողել էր ՀՅԴ-ին, և պատրաստվում է իշխանության հետ քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը և 12 կետերում ամրագրված այլ պահանջներ։ Եթե գոնե եռյակն իշխանության հետ երկխոսության նախապայման առաջարկեր սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու մասին հայտարարությունը, ապա ինչ-որ տեղ սկզբունքայնություն կդրսևորեր, բայց խոսելով Ընտրական օրենսգրքի մասին, եռյակը տպավորություն է թողնում, որ իրեն այս պահին հետաքրքրում է ապագա խորհրդարանում մի քանի մանդատ ավելին ունենալու ձգտումը։
Այսպիսով իշխանափոխություն իրականացնելու և արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու եռյակի պահանջն ապագայում կտրանսֆորմացվի, և արդյունքում՝ կստեղծվի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հանձնաժողով, որի կազմում ներկայացված կլինեն խորհրդարանական բոլոր վեց կուսակցությունները, որոնք 2015թ. ընթացքում կփորձեն կոնսենսուսի գալ Ընտրական օրենսգրքի մի քանի սկզբունքային հոդվածների շուրջ։
Իհարկե, իշխանությունը դժվար թե համաձայնի ընտրացուցակների բարեփոխմանը և գուցե համաձայնի համամասնական ընտրակարգին անցնելու տարբերակին, բայց եռյակի համար դա էլ մեծ հաջողություն է, քանի որ, ինչպես սիրում են կրկնել եռյակի տարբեր ներկայացուցիչներ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Դե, նրանց հնարավորություններն էլ այդքան են։ ՝
Կարդացեք նաև
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում