Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է ուսանելի ուկրաինական ճգնաժամը

Նոյեմբեր 13,2014 18:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Արամ Աբրահամյան.– «Առավոտի» ընթերցողներից մեկը՝ Ռոբերտ Բաղդասարյանը, հարցնում է՝ մեր դարդը թողած՝ Ուկրաինայի խնդիրնե՞րն եք քննարկելու: Խնդրում եմ պատասխանեք այդ հարցին:

Հրանտ Մելիք-Շահնազարյան.– Իհարկե, հարցը լավն է: Բայց ժողովրդական խոսք կա՝ խելոք մարդը ուրիշի սխալների վրա է սովորում: Ըստ էության, մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը արտաքին ազդեցությունների եւ արտաքին ընտրության արդյունքն է. փաստացի Ուկրաինայի ժողովուրդը չկարողացավ կողմնորոշվել, կամ նրան չթույլատրեցին կողմնորոշվել: Ուղիղ 1 տարի է, ինչ երկիրը ընկել է քաոսի գիրկը, եւ դա իրական ողբերգություն է դարձել այդ պետության համար: Ուկրաինան, որպես այդպիսին, չկա, եւ դա այն պարագայում, որ կարծես թե Եվրոպայի կենտրոնում է: Բայց արի ու տես, որ աշխարհաքաղաքական պայքարը այնպիսի բան է, որ արտաքուստ կայուն տարածաշրջանում նման բաներ են տեղի ունենում: Հայաստանի պարագայում արտաքին ընտրությունը շատ ավելի վտանգավոր կարող է լինել: Դրա համար, իհարկե, մեր դարդերը չմոռանանք, բայց նաեւ ուշադիր լինենք հարեւանների դարդերին:

Ա. Ա.- Այսինքն` Ուկրաինայի դեպքը ուսանելի է հենց նրանով, որ ժողովուրդն արտաքին ընտրություն կատարեց՝ ճիշտ թե սխալ, եւ կոպիտ ասած՝ կրակն ընկավ:

Արմեն Հովհաննիսյան.– Դա էլ կա, բայց կա նաեւ ընդհանրապես ժողովրդի ընտրությունը: Համակերպվել թեկուզ ծանր հանգամանքների հե՞տ, թե՞ գնալ կտրուկ գործողությունների, ամեն ինչ ունի իր հետեւանքները, որոնք պետք է փորձել հաշվարկել: Իհարկե, կյանքը միշտ շատ ավելի բարդ է, եւ ես միշտ կողմ եմ, որ այդ հաշվարկները արվեն դրսի օրինակների վրա, քան սեփական զոհերի հաշվին:

Ա. Ա.- Լավ, եկեք հաշվարկենք` Յանուկովիչից ազատվեցին, դա իրենց համար, կարծես թե, լավ էր, որովհետեւ կոռումպացված էր, քրեաօլիգարխիկ եւ այլն: Հետո ի՞նչ եղավ, ճի՞շտ ճանապարհ բռնեցին:

Ա. Հ.- Միանշանակ ես չեմ կարող դրան պատասխանել: Կան եւ դրական պահեր, տարօրինակ է հնչում, բայց այս ամենի արդյունքում ուկրաինական քաղաքական ազգ սկսվեց ձեւավորվել՝ հենց քաղաքական իմաստով, ոչ թե ազգագրական: 35 մլն մարդ իրեն գիտակցեց որպես ուկրաինացի, այդ թվում այնտեղ կան մարդիկ ամենատարբեր ծագումով: Մոտ 10 մլն մարդ գիտակցեց, որ ինքը իրեն ուկրաինացի, քաղաքական իմաստով, համարել չի կարող: Սա գուցե ապագայի համար դրական քայլ է, որովհետեւ մի օր այդ ռոււմբը պայթելու էր. եթե մարդիկ ապրում են մի երկրում, բայց չունեն որեւէ ընդհանուր իդեալ, մեկի հերոսը մյուսի համար դահիճ է, եւ հակառակը՝ եթե մեկը ատում է այն լեզուն, որը պետական է այդ երկրում, իսկ մյուսների համար այդ լեզուն սրբություն է, դա շատ դժվար էր:

Ա. Ա.- Քաղաքական ա՞զգ է ձեւավորվել:

Հ. Մ-Շ. Կարելի է ասել, որ նման գործընթաց կա, ուղղակի հիմա տրամադրությունները շատ էյֆորիկ են: Էյֆորիան շարունակվում է, Մայդանը վերջացավ, բայց տեսնում ենք, որ դեռեւս իշխանության ձեւավորման գործընթաց է, եւ բացի դրանից՝ նաեւ պատերազմական գործողություններ են ընթանում: Ցնցումներն իրենց հետեւից բերում են այդ դրական կամ բացասական կողմերը, բայց, ըստ էության, նաեւ կարծում եմ, որ այդ խնդիրները հնարավոր էր շատ ավելի մարդկային ճանապարհով լուծել: Քաղաքական ազգ ձեւավորելու համար ժողովրդի հետ աշխատելու հազար ու մի տարբերակ կա, եւ հատկապես քաղաքացիական պատերազմը ամենավերջին հնարավոր տարբերակներից է: Կորուստները իսկապես չափից դուրս մեծ են: Մենք տեսնում ենք, որ իշխանության ճգնաժամ կա, մինչ այս պահը իշխանություն ձեւավորված չէ՝ իշխանավորին որպես իշխանավոր չեն վերաբերվում:

Քննարկումն` ամբողջությամբ

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930