Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանի հիմնական խնդիրը «պրո» տրամադրություններն են»

Նոյեմբեր 13,2014 17:00

«Առավոտի» զրուցակիցը կարծում է, որ Վրաստանը չի հաշտվել
Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորստի հետ

Վրաստանում վերջին մի քանի շաբաթում հետաքրքիր զարգացումներ եղան: Փլուզվեց «Վրացական երազանք» դաշինքը, որով իշխանության էր եկել Բիձինա Իվանիշվիլին: Հրաժարականներ տվեցին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, արտաքին գործոց նախարար Մայա Փանջիկիձեն, եվրաինտեգրացման նախարար Ալեքսի Պետրիաշվիլին, այլ պաշտոնյաներ: Նոյեմբերի 15-ին Վրաստանի եվրոպամետ ուժերը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները մեծ հանրահավաք են նախատեսել:

«Առավոտը» Վրաստանի ներքաղաքական զարգացումների մասին զրուցեց «Ռեզոնանսի» թերթի վերլուծաբան, Վրաստանի ԱԳՆ նախկին աշխատակից, դիվանագետ Վասո Կապանաձեի հետ:

– Ի՞նչ է հիմա կատարվում Վրաստանում, հերթական ներքաղաքական լարվածության աղբյուրը ներքի՞ն, թե՞ արտաքին ծագում ունի:

– Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր արտաքին քաղաքականության մեջ երկու հստակ տարանջատված գիծ կա: Առաջինի կողմնակիցները իրենց համարում են եվրոպամետ եւ գոռալով «ՆԱՏՕ, ՆԱՏՕ, Եվրամիություն»՝ փորձում են 1000 կմ ժամ արագությամբ վազել դեպի ՆԱՏՕ եւ ԵՄ: Երկրորդ գիծն ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականությունն է, որը դրվեց այն պահից, երբ երկու տարի առաջ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ «Վրացական երազանքը»: Այս երկու ուղղությունների միջեւ հակասությունները սրվեցին նաեւ «Վրացական երազանք» կոալիցիայի ներսում, եւ այդ իսկ պատճառով կոալիցիան փլվեց: Այն քաղաքական ուժը, որը գլխավորում է Իրակլի Ալասանիան, դուրս եկավ կոալիցիայից եւ ցանկանում է արագ տեմպերով գնալ դեպի Արեւմուտք, ինչը անիրատեսական է: Իսկ Վրաստանի ներքաղաքական իրավիճակի վրա լուրջ ազդեցություն ունեցող Բիձինա Իվանիշվիլու քաղաքականությունն ավելի հավասարակշռված է՝ ե՛ւ ԵՄ, ե՛ւ ՌԴ հանդեպ հարաբերությունների բարելավման առումով: Կոալիցիայից դուրս եկած ուժերը՝ Ալասանիան, Փանջիկիձեն, Պետրիաշվիլին, համարում են, որ կոալիցիայում մնացած ուժերը եւ Իվանիշվիլու ընտրած քաղաքական ուղին պրոռուսական են: Ես մի փոքր գաղտնիք կասեմ, ինչի մասին անգամ վրացական մամուլում չի գրվում. երբ տիկին Փանջիկիձեն, որը պարոն Ալասանիայի քենին է, հրաժարական տվեց, ԱԳՆ աշխատակազմին հրաժեշտ տալիս փակ հանդիպման ժամանակ, ասաց՝ մենք այս պրոռուսական ուժերի հետ մեր հաշիվները մի քանի ամսից կմաքրենք, մի անհանգստացեք:

– Օրերս կարդացի Վրաստանի պառլամենտի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի հարցազրույցը, ում ասում էր, որ հավանական է նոր Մայդան լինի, Սաակաշվիլին փորձի վերադառնալ իշխանության՝ Մայդանի միջոցով: Դա հավանակա՞ն է:

– Իհարկե, նման տրամադրություններ եւ նման վտանգներ կան: Թե որքանո՞վ է դա ռեալ՝ չեմ կարող ասել: Նոյեմբերի 15-ին սպասվում է մեծ հանրահավաք՝ Սաակաշվիլու «Ազգային շարժման» կողմնակիցների կողմից հրավիրված, որին կմասնակցեն պրոեվրոպական կողմնորոշում ունեցող մարդիկ, եւ նրանց հիմնական ասելիքն այն է, թե՝ Վրաստանի եվրոպամետ ուղին վտանգված է: Ես չգիտեմ՝ արդյոք նրանց կմիանա՞ն կոալիցիայից դուրս եկած ուժերը, բայց առանց նրանց էլ, կարծում եմ, կհավաքվի բազմահազարանոց հանրահավաք: Նրանք ուզում են նոր Մայդանի հիմք ստեղծել, բայց թե դա որքանո՞վ է ռեալ, որքանո՞վ մարդիկ կգնան դրան՝ դա է հարցը:

– Կներեք, իհարկե, բայց ձեր ժողովուրդը չի՞ հոգնել այդ մայդաններից:

– (Ծիծաղում է): Շատ լավ հարց եք տալիս: Որպես մարդ, որը հինգ տարի դիվանագիտական աշխատանքում է եղել, որպես լրագրող, ես ձեզ ասեմ՝ Վրաստանի խնդիրը այդ «պրո» տրամադրություններն են՝ պրոռուսական, պրոեվրոպական: Մենք ոչ մի կերպ չենք կարողանում դրանցից ազատվել: Ժամանակին, երբ դեռ Վրաստանի վարչապետն էր Բիձինա Իվանիշվիլին, հյուրընկալվելով Հայաստանում, ասաց, որ Հայաստանը Վրաստանի համար պետք է օրինակ լինի՝ խոսքը ՀՀ արտաքին քաղաքական կուրսի մասին էր: Ես էլ եմ կարծում, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը շատ հավասարակշռված է եւ բազմավեկտր: Բայց հետո Իվանիշվիլու այդ ասածները Վրաստանի հասարակության տարբեր շերտերում մեծ աջակցություն չստացան, եւ այդ պատճառով նա այլեւս այդ թեման չզարգացրեց: Նա շատ լավ է զգում իրավիճակը, նա ոչ միայն լավ քաղաքական գործիչ է, բիզնեսմեն, միլիարդատեր, այլեւ շատ նուրբ հոգեբան: Եվ հիմա էլ առանց նրա ազդեցության վրացական քաղաքական կյանք չկա:

– Ժողովուրդն է՞լ է այդպես երկատված վիճակում, նրա ո՞ր մասն է եվրոպամետ, ո՞ր մասը՝ ռուսամետ:

– Դժվար է ասել, բայց իմ տպավորությամբ՝ հավասարաչափ են բաժանված երկու ուղղությունների կողմնակիցները: Վրաստանի համար լավագույն հեռանկարն այն է, որ այս բոլոր «պրո» խոսակցություններն ավարտվեն, լինի հավասարակշռված քաղաքականություն ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հանդեպ: Իրականում ոչ ոք ՆԱՏՕ-ում Վրաստանին չի սպասում: Գերմանիայի դեսպանը Վրաստանում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին չի ընդունի, քանի դեռ Վրաստանը կընկալի ՆԱՏՕ-ին անդամակցությունը որպես ՌԴ-ի հետ հակամարտության միջոց: Ոչ ոք ՆԱՏՕ-ում իր առողջ գլուխը չի պատրաստվում դնել ցավի տակ, այնպես որ Վրաստանին՝ իր տարածքային խնդիրներով եւ ՌԴ-ի հետ լուրջ խնդիրներով. հիշեցնեմ, որ մենք ՌԴ հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, ՆԱՏՕ-ում ոչ ոք չի սպասում:

– Իսկ այն, ինչ եղավ Ուկրաինայում, ինչպե՞ս է ընկալվում Վրաստանում: Օրինակ՝ Հայաստանի հասարակության մեծամասնությունը Ուկրաինայի դեպքերը ընկալեց որպես ազդակ, թե ինչ կարող է սպասվել իրեն, եթե դեմ կանգնի Ռուսաստանի կամքին, իսկ ձեզ մոտ ինչպիսի՞ն էր ընկալումը, գուցե հակառակ ազդեցությունը թողեց՝ եթե մեզ փորձում են խեղճացնել, ուրեմն մինչեւ վերջ դեմ կլինենք:

– Հստակ դիրքորոշում հասարակության մեջ չկա: Հասարակական կարծիքը բաժանված է. մի մասը, այդ թվում՝ տիկին Բուրջանաձեն, համարում է, որ Ուկրաինան քանդվեց, Ռուսաստանը ստացավ Ղրիմը եւ վերահսկում է իրավիճակը Դոնբասում, Ուկրաինան շատ սխալներ թույլ տվեց, ինչպես ժամանակին՝ Վրաստանը, եւ սկզբունքորեն ոչ ոք այնպիսի մեծ, միջուկային գերտերությանը, ինչպիսին Ռուսաստանն է, չի կարող հակադրվել: Օբաման էլ ասաց, որ ոչ մի ռազմական հակամարտություն ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ չի լինի: Այնպես որ՝ առայժմ ռուսական քաղաքականությունը հաջողությամբ է պսակվել՝ Ուկրաինայից դուրս չի եկել, Ղրիմը միացրեց իրեն, եւ աշխարհը կարծես համակերպվել է այդ մտքին: Իսկ երկրորդ տեսակետը այն մարդկանց եւ քաղաքական ուժերի դիրքորոշումն է, որոնք նոյեմբերի 15-ին դուրս կգան հանրահավաքի: Նրանք կարծում են, որ պետք է շարունակել ՌԴ հետ հակամարտությունը, որովհետեւ Ռուսաստանը զավթիչ է, զավթել է ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ Վրաստանը: Իսկ հակադրվելը նրանք պատկերացնում են, որ պետք է ամեն ինչ անեն, որ Արեւմուտքը ճնշի Ռուսաստանին, ինչպես հիմա է ճնշում տնտեսական հարցերով: Իհարկե, այդ ճնշումներն ազդել են՝ ռուսական ռուբլին արժեզրկվում է արագ տեմպերով, շատ բարդ իրավիճակ է, բայց Ռուսաստանը փնտրում է այդ վիճակից դուրս գալու եղանակներ: Այս երկու տեսակետներն էլ տեղ ունեն, երկուսի կողմնակիցներն էլ հիմքեր ունեն իրենց կարծիքը պնդելու:

– Ասացիք, որ Ուկրաինան էլ, կարծես, «ձեռքերը լվացել է» Ղրիմից, իսկ Վրաստա՞նը: Դուք է՞լ եք «ձեռ քաշել» Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, թե՞ դեռ հույսեր փայփայում եք դրանք վերադարձնելու:

– Տրամադրությունը, որ, այլեւս վերջնականապես կորցրել ենք՝ չկա: Կա սպասումների վիճակ: Բոլորը սպասում են, թե ի՞նչ է լինելու հետո՝ Ռուսաստանի հետ: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարց է՝ դա հստակ է: Եթե Վրաստանն ու Ռուսաստանը գտնեն հարաբերվելու կետեր, ընդհանուր շահեր, եւ Ռուսաստանը չխանգարի, որ այդ տարածքները կոնֆեդերացիայի կամ ֆեդերացիայի կարգով վերադառնան Վրաստանի կազմ՝ այդ դեպքում Վրաստանի ֆեդերացիայի ստեղծումը արդյունք կտա, եթե՝ ոչ… Եթե ոչ, ապա պիտի սպասենք, թե ի՞նչ է լինելու հետո: Վրաստանում բոլոր իշխանությունները եւ ժողովուրդը միշտ համարում են, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան վրացական հողեր են, եւ առանց դրանց Վրաստանը Վրաստան չի:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Թբիլիսի

«Առավոտ» օրաթերթ
12.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930