Ինչի՞ց է մտահոգված ՀԱԿ-ը
«ՀԱԿ-ն այնքան էլ միամիտ չէր, որ չիմանար, թե ում հետ գործ ունի: Մի քիչ կոպիտ ասեմ` ՀԱԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ ցանկանում էին միմյանց օգտագործել: ՀԱԿ-ն ուզում էր օգտագործել Գագիկ Ծառուկյանին` գործընթաց տանելու համար, վերջինս էլ ցանկանում էր օգտագործել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հեղինակությունը` սեփական քաղաքական կերպարանքը ստանալու համար: Փաստորեն, շահեկան վիճակում հայտնվեց Գագիկ Ծառուկյանը»,- «Առավոտի» հետ զրույցում գնահատելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները՝ կարծիք հայտնեց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Կիրակնօրյա իր հայտարարությամբ ՀԱԿ-ը, մասնավորաբար, արձանագրեց. «Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»: Դրան, իհարկե, հետեւեց ԲՀԿ-ի արժանի պատասխանը` «գործեք սեփական նախաձեռնությամբ եւ ուժերով» սկզբունքով, բայց դա խոսակցության այլ թեմա է: Պետրոս Մակեյանը համաձայնեց «Առավոտի» դիտարկման հետ, որ ՀԱԿ-ի հայտարարությունն ուղղակի փաստումն է նրա, որ ՀԱԿ-ը վտանգ է տեսել դաշնակիցների հարցում սխալվելու կամ գուցե նաեւ՝ մարգինալ դառնալու, քանի որ ԲՀԿ-ն սկսել է միայնակ որոշումներ կայացնել եռյակում: Խոսքը սեփական գրասենյակները համաժողովրդական գրասենյակների վերածելու մասին է: «Այն, ինչի մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ մեղադրում էր վերջին հանրահավաքում, ինքը փաստացի հայտնվեց` մարգինալ, ջղաձգված…»,- ասաց Պետրոս Մակեյանը: Հիշեցնենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում մասնավորաբար ասել էր. «Լուսանցքային ուժերի պարագայում առկա է նաեւ ֆրուստրացիայի (վհատության, հուսախաբության) մեջ ընկնելու մի այլ ծանրակշիռ պատճառ. երեք տարի շարունակ պնդելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում Սերժ Սարգսյանի հետ, եւ որ «Բարգավաճ Հայաստանը» ոչ մի պարագայում ընդդիմություն չի դառնա, այսօր նրանք հայտնվել են իրենց կանխատեսման մեջ խայտառակ լինելու փաստի առջեւ։ Ուստի պարզ չէ, թե սրանից հետո նրանք ինչպե՞ս են զբաղվելու քաղաքականությամբ, եւ այսուհետեւ ո՞վ է հավատալու նրանց մյուս կանխատեսումներին»։
ՀԱԿ գործիչներն, ի դեպ, վերջին օրերին հրաժարվում են լրագրողների հետ շփումներից եւ մեկնաբանություններից: «Ժառանգությունում» խորհուրդ են տալիս հարցերն ուղղել ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին: Համենայնդեպս, երեկ «Առավոտի» հետ զրույցում Թեւան Պողոսյանն ասաց. «Այդ հարցերն իրենց ուղղեք, իրենց խնդիրն է»: ԲՀԿ-ում շարունակում են պնդել, որ տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումները նորմալ են, դրանք եղել են, կան ու հաղթահարվում են: «Այսօր ամեն ինչ նորմալ է, եռյակն իր ծրագրային հարցերով ու իր ձեւաչափով գնում է առաջ»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` հավելելով, որ ՀԱԿ-ի հայտարարության մեջ սխալ դաշնակիցներ ընտրելու կամ մարգինալ դառնալու մտահոգություններ չի տեսնում:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դիրքորոշման մեղմացմանը, մասնավորաբար, կառավարությանը տված հանձնարարականին` վերանայել ոչ իշխանական ուժերի 12 պահանջները, Պետրոս Մակեյանն ասաց. «Էլի կոպիտ պիտի ասեմ` հիմա Հայաստանում էլ հարիֆ չկա: Սերժ Սարգսյանի մեղմությամբ, երկխոսությամբ 2012-ին ՀԱԿ-ը քանդվեց, հիմա էլ եռյակի հարցն է լուծվում: Չնայած այդ հարցը վաղուց էր լուծված: Սերժ Սարգսյանը փաստացի արձանագրեց դա: Նոր բան չկա: Հերթական ցիկլն է»: Հիշեցնենք, որ երբ քառյակը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հրապարակեց 12 կետերը, իշխանական պատգամավորները շտապեցին դրական գնահատել քառյակի կառուցողական մոտեցումը, ինչին հետեւեց նախագահ Սարգսյանի կոշտ արձագանքն այն մասին, որ իր համար ընդունելի չէ պահանջատիրական հռետորաբանությամբ երկխոսությունը:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.11.2014