Լրահոս
Օրվա լրահոսը

Ցորենի ալյուրի հարստացումը երկաթով մեր երկրում հանրային առողջապահական միջոցառում է

Նոյեմբեր 13,2014 16:00

Աշխարհում շուրջ 2 միլիոն մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով 0-5 տարեկան երեխաների 47 %-ը եւ հղի կանանց 42 %-ը տառապում է սակավարյունությամբ: Երեկ առողջապահության նախարարությունում կազմակերպված՝ «Ցորենի ալյուրի հարստացումը Հայաստանում» հանրային առողջապահական ծրագիր, հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի տվյալներ ներկայացրեց առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Տիկին Սարիբեկյանը, վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները, ասաց, որ ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի (սակավարյունություն) եւ երկաթի անբավարարության հետեւանքով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ էլ մահանում է սրտի կաթվածից:

Քննարկմանը մասնակցում էին սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ալյուր արտադրողներ, ներկրողներ, Ազգային ժողովի եւ այլ պետական կառույցների ներկայացուցիչներ: Առողջապահության նախարարության մասնագետներն ուսումնասիրելով միջազգային փորձը՝ պարզել են, որ ներկայումս աշխարհի 87 երկիր պարտադիր հարստացնում է ալյուրը: Իսկ ինչո՞ւ ալյուրը՝ այս հարցին Կարինե Սարիբեկյանն ասում է՝ հացը մատչելի է բնակչության համար եւ լայն սպառման ապրանք է:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ աշխարհի բնակչության 20 %-ը ենթակա է միկրոսնուցող նյութերի՝ (երկաթ, ֆոլաթթու, յոդ, վիտամին A եւ այլն) անբավարարության, որի հետեւանք են հանդիսանում մի շարք ծանր հիվանդություններ, որոնք էլ հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ բերում մահվան: Մասնագետների վկայությամբ՝ երկաթի պակասի հետեւանքով երեխաների մոտ տեղի է ունենում աճի տեմպերի դանդաղում, ճանաչողական ունակության եւ զարգացման նվազում, իսկ վերարտադրողական կանանց շրջանում էլ մեծանում է մայրական եւ նորածնային մահացության ռիսկը: Չափահասների մոտ երկաթի պակասը բերում է խրոնիկական հոգնածության եւ աշխատունակության անկման: Սրտամկանի կաթվածի վերաբերյալ ԱՄՆ վիճակագրությունը փաստում է, որ ֆոլաթթվով ալյուրի հարստացման գործընթացը սկսելուց հետո ցուցանիշի անկման միտումները մի քանի անգամ ավելացել են:

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ: Պարոն Մուրադյանը, կարեւորելով հանրային առողջությանն ուղղված այս ծրագիրը, վստահեցրեց, որ նախարարությունը վճռական է տրամադրված, եւ մինչ այս հարցը կմտնի կառավարության նիստի օրակարգ, հանրային լայն քննարկում կունենա՝ հասարակական կազմակերպությունների, արտադրողների, ներկրողների, միջազգային կառույցների մասնակցությամբ: Երեկվա քննարկումը, որին ներկա էր նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը, նույնպես հանրությանն իրազեկելու, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը լսելու մի փորձ էր: Արմեն Մուրադյանի խոսքերով՝ այս հարցի շուրջ կառավարությունը որոշում կայացնելուն պես հարցը կտեղափոխվի օրենքի կարգավորման դաշտ. «Առողջապահության նախարարության ուղղակի գործառույթն է հանրային առողջության ծրագրերը: Ես կողմնակից եմ, որպեսզի այս հարցը խորապես ուսումնասիրենք եւ վերլուծենք, մենք պարտավոր ենք մտածել ծախսարդյունավետ ծրագրերի մասին… Նման քննարկումները թույլ կտան հասարակական սեկտորին տեղեկացնել, հնչեցնել, որ գնային փոփոխություն չի լինելու: Պետք է տարբերակենք առարկայական քննադատությունը մարտնչող տգիտությունից: Ցորենի ալյուրի հարստացումը երկաթով կտրուկ նվազեցնում է հնարավոր սակավարյունության ցուցանիշները: Ինքն իրենով առողջապահական օգուտ բերող ծրագիր է»:

Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանն էլ վստահեցրեց, որ այս հարցի շուրջ տեւական ժամանակ է՝ աշխատում են, եւ ամենակարեւորը հասարակության մենթալիտետն այս խնդրի շուրջ փոխելն է.
«Այս ծրագրի ներդրումը հիմնավորելիս բավական է միայն բերել ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ԱՀԿ-ի ցուցանիշները: Ես ոչ միայն որպես ԱԺ պատգամավոր, այլեւ որպես մանկական վիրաբույժ վստահեցնում եմ, որ սպինաբիֆիդան իր բոլոր բարդություններով շատ ավելի ծանր է: Անձը, որը ծանր արատ ունի եւ մի քանի օրգանների խախտում, մյուս կողմից ունի պարզ ուղեղ եւ կարողանում է իր վիճակը գնահատել, թե ինչու է ինքը տուժում: Այդ մարդու վիճակը կկարողանանք փրկել միայն այս եղանակով՝ ցորենի ալյուրը երկաթով հարստացնելով»:

Արա Բաբլոյանը, որպես ԱԺ պատգամավոր, խոստացավ, որ կառավարության որոշումը լինելուն պես՝ առանց հապաղելու Ազգային ժողովում այս հարցի շուրջ լսումներ կանցկացնեն:

Քննարկմանը ներկա ալյուրի խոշոր ներկրող «Մանանա Գրեյն» ընկերության ներկայացուցիչ Կարեն Բուդաղյանը կողմ լինելով ծրագրին՝ հետաքրքրվեց, թե ցորենի տեսակով կամ աճեցման տեխնոլոգիայո՞վ է պայմանավորված երկաթի բացակայությունը, ինչին ի պատասխան՝ գյուղատնտեսության նախարարության մասնագետն ասաց, որ միմիայն մշակման տեխնոլոգիայով, եւ որ երկաթը բացակայում է բարձր տեսակի ալյուրի բաղադրությունից:

Հանդիպման վերջում Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին՝ ալյուրը երկաթով հարստացնելու սարքավորումները մեր երկրին անվճար տրամադրելու համար: Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկ տարի ժամկետով կտարամադրի նաեւ այն միկրոտարրերը, որոնցով հարստացվելու է ալյուրը: Նախարարը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հետագա տարիներին էլ շուկայականից ցածր գներով մեր երկիրը ձեռք կբերի այդ միկրոտարրերը, ինչպես տարիներ շարունակ եղել է պատվաստանյութերի դեպքում: Արմեն Մուրադյանն ասաց, որ օրենքը ընդունելուց հետո առողջապահական ցուցանիշների բարելավմանը եւս կանդրադառնան:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Շատ լաւ գաղափար է: Իրօք, հայերը շատ են օգտագործում հաց, ուստի դրա միջոցով երկաթի պակասը կարող է լրացուել:

    Միւս տարբերակը, որ կարող է յաւելանիւթեր պարունակել աղն է: Գերմանիայում այժմ աղի մէջ երեք կենսական բաղադրիչ կայ՝ յոդ, ֆտոր եւ ֆոլաթթու: Այս վերջինը գերմանացիները նոր-նոր են սկսել աւելացնել:

    Ֆոլաթթուն (վիտամին B9) ծայրաստիճան կարեւոր վիտամին է: Բազմաթիւ կարեւոր կենսաքիմիական ռեակցիաների ֆերմենտների կոֆակտոր է: Մեծ նշանակութիւն ունի յղի կանանց մօտ:

    Կարծում եմ Հայաստանում էլ աղի մէջ կարելի է աւելացնել B9: Չափահասների օրական պահանջարկը մօտ 400µg է, որը մօտ 2 ցենտ արժէ: Ուստի աղի գինը չնչին չափով կը թանկանայ:

  2. Արիման says:

    Երկաթը բացակայում է միայն բարձր տեսակի ալյուրից, իսկ թեփով աղացած ալյուրի դեպքում ամեն ինչ նորմալ է, ինչպես վերը նշել է գյուղտնտեսության ներկայացուցիչը, իրականում սա ևս մեկ դավադրություն է ուղղված մարդկության դեմ, արհեստական միջամտության օգնությամբ, երկրում քաղծկեղով հիվանդների, չբեր կանաց թիվը ավելացնելու համար. սա ոսկե միլիարդի գաղափարը իրականացնելուն ուղղված քայլերից մեկն է.
    Իսկ ինչյու հենց ալյուրի մեջ՞ պատասխանը պարզ է որպեսզի և ոչ ոք զերծ չմնա դավադրությունից.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930