Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննիչն, իբր, «չի կարողացել պարզել Երիցյանի փաստացի բնակության հասցեն», եւ վարույթը կարճվել է

Նոյեմբեր 13,2014 15:30

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի կայացրած որոշմամբ արձանագրվել են բոլոր բացթողումները եւ բավարարվել է քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանի զոհերից մեկի՝ Գայանե Թումասյանի հայցը՝ քննչական մարմնին պարտավորեցնելով վերացնել «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը: Ի դեպ, եթե քննչական մարմինը չբողոքարկի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ապա կվերսկսվի կեղծ գործարքի գործով նախաքննությունը, որի ընթացքում կարող է բացահայտվել ողջ ճշմարտությունը:

Ըստ դատարանի. «Դատարանը փաստում է, որ քննիչն օբյեկտիվ եւ լրիվ քննություն իրականացնելու համար պետք է պարզեր Հովհաննես Երիցյանի գտնվելու իրական վայրը, այնինչ, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերելու վերջինիս եւ կանչելու հարցաքննության»:

Նշենք, որ քննչական մարմնում նյութերի նախապատրաստման ժամանակ անգամ Հովհ. Երիցյանը չի հարցաքննվել, քննիչն, իբր, «չի կարողացել պարզել Երիցյանի փաստացի բնակության հասցեն», եւ վարույթը կարճվել է:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ քննիչ Ս. Պողոսյանը ցանկության դեպքում կարող էր Երիցյանին հայտնաբերել:

Ակնհայտ է, որ հայտնի է եղել Երիցյանի փաստացի բնակության հասցեն, սակայն քննչական մարմինը շահագրգռված լինելով՝ որեւէ քայլ չի ձեռնարկել:
Նախաքննության ժամանակ եղել են հակասություններ, սակայն քննիչը հակասությունների հետ կապված չի կատարել առերեսումներ:

Մասնավորապես, առերեսումներ կարող էին լինել իրեն տուժող համարող Գայանե Թումասյանի եւ Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանի միջեւ, ում անմիջական մասնակցությամբ էլ կնքվել է տան առքուվաճառքի շինծու պայմանագիրը:
Նշենք, որ տուժող Գայանե Թումասյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նա հայտնել էր, որ Հովհաննես Երիցյանը շինծու գործարքի շնորհիվ է տիրացել իր սեփականությանը, կատարել է խարդախություն, կեղծել է փաստաթղթեր:

Ի դեպ, Գայանե Թումասյանի ամուսինը դատարանում ցուցմունք էր տվել այն մասին, որ տարիներ շարունակ տոկոսով գումար է վերցրել ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանից:

Ամուսնու խոսքով` Երիցյանը իրեն ստիպել է կնքել ոչ թե գրավի պայմանագիր, այլ սեփականության առքուվաճառքի, որով տունն անցել է Երիցյանին, սակայն անշարժ գույքը վերադարձնելու պայմանով, երբ ինքը կվճարեր վերցրած 400 հազար դոլար մայր գումարն ու ամսական տոկոսները:

Գայանե Թումասյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առքուվաճառքի պայմանագիրը չեղյալ համարել:

Տեղեկացնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Գայանե Թումասյանի դիմումը, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ դատավճիռը:

Հովհաննես Երիցյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930