Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի վարույթում է գտնվում Նարինե Տիգրանի Սարգսյանի, Հրանտ Ռաֆիկի Սուվարյանի՝ ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի եւ երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին հայցը:
Երեկ հերթական ծանուցագիրն ենք ստացել մենք:
Ըստ այդ ծանուցագրի, նոյեմբերի 14-ին՝ ժ.10.30-ին, նշանակվել է հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ «Aravot.am»-ի փետրվարի 7-ի «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իմ ունեցվածքին» հրապարակման մեջ գրվել է. «Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը պատմում են, թե ինչպես են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն ու խնամին՝ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը ապօրինաբար տիրացել իրենց քարե շինությանը»:
Ըստ այդ հրապարակման. «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամիները տիրացել են իմ ունեցվածքին: Ինձ թվում էր՝ որպես վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարող, պետք է այս գործին ընթացք տար, եւ ասեր՝ աղջիկ ջան, փեսա ջան, ձեր ախորժակները մի քիչ պակասացրեք: Դրա համար նամակ ուղարկեցի նրան, բայց ոչ մի արձագանք»:
Aravot.am-ի զրուցակիցը՝ Հրանտ Սուվարյանն էլ ասել էր. «Սուվարյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց, թե կապ ունի Խաչատրյանների քարե շինության հետ: Այդ հողն ընդհանրապես մեզ հետ կապ չունի, հարեւանի հողն է, մենք կապ չունենք:
Կարդացեք նաև
Այդ հողատարածքի կողքի տունը տղայիս տունն է, իսկ Լեմբերիկ Խաչատրյանի քարե շինությունը՝ ավտոտնակը, գտնվում է նրա հարեւանի՝ Արթուր Խաչատրյանի հողատարածքում: Իրենք մեզ հետ վաղուց են պայմանավորվել կառուցման հարցում, հիմա չգիտեմ, ինչ խնդիրներ են առաջացել, խնդիրներն իրենց մեջ են, մենք կապ չունենք»:
Իսկ «Առավոտի» փետրվարի 8-ի «Վարչապետի խնամին հողատարա՞ծք է խլել» հրապարակման մեջ էլ նշվել էր, որ քաղաքացիները պատմել են, թե ինչպես է վարչապետի խնամին՝ աղջկա ընտանիքը, ապօրինաբար տիրացել Սուսաննա Դավթյանի եւ Լեմբերիկ Խաչատրյանի քարե շինությանը:
Հայցվորները պահանջում են հերքել տարածված «ապատեղեկատվությունը»՝ պարտավորեցնել պատասխանողներին վճարել փոխհատուցում՝ յուրաքանչյուր հայցվորի 300 000 ՀՀ դրամ՝ զրպարտության համար, եւ փաստաբանին վճարված գումարը՝ յուրաքանչյուր պայմանագրով 250 000 ՀՀ դրամ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.11.2014