Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն վախենում եմ հայկական բեմերից»

Նոյեմբեր 13,2014 14:30

Սիրված դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանը Հայաստանում նոր նախագծեր անելու ցանկություն ունի, բայց չի մոռանում իր հետ կատարվածը

Սիրված դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանն ամեն աշնանն ու գարնանը Ֆրանսիայից վերադառնում է Հայաստան ու հայրենիքում է աշխատում: Վերջերս նա հյուրընկալվել էր «Առավոտի» խմբագրությունում, որտեղ էլ հարցազրույց ունեցանք: Տիկին Թոփչյանը պատմեց, որ վերջին 4 տարիներին ավելի շատ զբաղված է իր վեպերը ռուսերեն թարգմանելով եւ ամուսնու՝ Ալեքսանդր Թոփչյանի վեպերը խմբագրելով:
Հիշեցնենք, որ Անահիտ Թոփչյանի «Տագնապը» համարվել է առաջին հայկական էրոտիկ վեպը, գրականագետների գնահատականներով, հայ արձակում առաջին անգամ են տղամարդ եւ կին հարաբերությունները ներկայացվել նման մանրամասնությամբ եւ առանց գռեհկության ու ավելորդ նատուրալիզմի:

«Ոմանք էրոտիկան այլ բանի հետ են շթոփել: Կարդում են վեպս ու զարմանքով ասում են, թե այնքան էլ էրոտիկ չէ: Էրոտիզմը այն է, որ սերը չի կարող պլատոնական լինել տղամարդու եւ կնոջ միջեւ: Դա հարստացնում է էմոցիաների պալիտրան»,- կարծում է մեր զրուցակիցը: Անդրադառնալով Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» 600 էջանոց վեպի խմբագրմանը, ասում է, որ իր արածը հայրենասիրական գործ էր, ոչ թե ամուսնասիրական. «Ուզում էի հասցնել ցեղասպանության հարյուրամյակին»: Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոմանը», որ նոր խոսք է հայ պատմավիպասանության մեջ, Անահիտ Թոփչյանի միջոցով թարգմանվել է ռուսերեն եւ հրատարակվել Մոսկվայում: Թոփչյանները ցանկություն ունեն «Եվ անգամ մահից հետո» վեպն էլ Մոսկվայում հրատարակել, իսկ դրա համար միջոցներ են պետք:

Տիկին Թոփչյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ կարոտել հայկական բեմը, չի՞ ցանկանում մոնոներկայացումներ խաղալ Հայաստանում:

«Ես մոնոներկայացումներ խաղում եմ արտերկրում, այնտեղ ավելի պահանջված են դրանք՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, Սիրիայում, Ֆրանսիայում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ինձ երբեք չեն հրավիրել: Մի անգամ առաջարկեցին Շեքսպիրյան փառատոնին մասնակցել, ասացի, որ Շեքսպիրի նյութերով չունեմ մոնոներկայացում…Իրոք ես շատ եմ կարոտել հայաստանյան բեմը եւ հայաստանցի հանդիսատեսին, կես բառից հասկանում էին, հիմա էլ փողոցում հանդիպելիս՝ մոտենում են, հետաքրքրվում: Առայժմ այնքան խրված եմ գրական գործերի մեջ, որ ավելի շատ հեղինակ, թարգմանիչ եմ դարձել: Չնայած ասեմ, որ փարիզյան երկու տարբեր թատրոններում գնում է իմ «Մարաթոն» պատմվածքի հիման վրա ստեղծված ներկայացումը»,- ասում է Անահիտ Թոփչյանը: Նաեւ հավելում է. «Տարիներ առաջ, երբ Սունդուկյանում խաղացի Էրիկ Էմանուել Շմիդտի «Ամուսնական փոքրիկ ոճիրները», դրանից հետո այնպիսի տրավմա եւ սթրես ապրեցի, որ արդեն վախենում եմ հայկական բեմերից, ասես մարդակեր լինեն, սպասում են, որ ոչ թե հաղթես, այլ տապալվես, իսկ առանց սիրո՝ ոչ մի արվեստ չի կարող հաղթել եւ հաղթարշավ ապահովել: Մյուս կողմից էլ, այն նյութերը, որ խաղում եմ դրսում, մի տեսակ Հայաստանի համար չեն, Սփյուռքի լասարանի համար են: Մտածում եմ՝ Եղեռնի հարյուրամյա տարելիցի առիթով այդ թեմայով մոնոներկայացում անել… Իհարկե, ցանկություն ունեմ, բայց ստացվում է, որ Հայաստանում խաղալու համար Անահիտ Թոփչյանը պարտավոր է վճարել բեմի, անգամ իր հարազատ թատրոնի բեմի համար: Հիմա ինչպե՞ս վարվեմ, գուցե մշակույթի նախարարությունը մտածի այս մասին»,- տարակուսանքով ասում է Անահիտ Թոփչյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
12.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սեդա says:

    Անահիտ ջան, դու բեմին ավելի ես պետք, ափսոս, որ այսօր այստեղ չես:

  2. ՀԱՅՈՒՀԻ says:

    Հա բա՞, Հասմիկ Պողոսյանն էլ պիտի արժևորի նման հիանալի դերասանուհու

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930