Կիեւում վերջերս կայացած Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրերի երկրորդ տարածաշրջանային կոնֆերանսին մասնակից 6 երկիր՝ Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան: Հայաստանը ներկայացնում էր 16 կազմակերպություն: Հանդիպեցինք նրանցից մեկին՝ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանին:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կոնֆերանսի գերխնդիրն էր մշակել ծրագրեր Եվրոպայի եւ արեւելյան գործընկեր երկրների մշակութային փոխթափանցման, ընդհանուր մշակութային դաշտ ձեւավորելու նպատակով: Մեր զրուցակիցը նշեց, որ եղել են հետաքրքիր զեկուցումներ՝ տեսանյութերով, որոնց ընթացքում ներկայացվել են այն մարտահրավերները, որոնք կան Եվրոպայի եւ արեւելյան գործընկեր երկրների առջեւ, ինչպես նաեւ դրանց լուծումները:
Հետաքրքրությանը, թե ի՞նչ մարտահրավերների մասին է խոսքը եւ կոնկրետ ի՞նչ է սպառնում Հայաստանին, պարոն Մարտիրոսյանը նախ ասաց, որ դրանք Հայաստանին ամենաքիչն են սպառնում, քանի որ խոսքը գլոբալ տենդենցների մասին է, հետո էլ մանրամասնեց. «Աշխարհում ստեղծվող ընդհանուր արտադրանքի 60%-ը 2050թ. արտադրելու են Հնդկաստանն ու Չինաստանը, իսկ մինչեւ 1980թ. այդ նույն արտադրանքի 95%-ը բաժին էր հասնում Ամերիկային ու Գերմանիային: Այսինքն՝ Արեւելքի դերը գնալով փաստորեն մեծանում է: Ճիշտ է, մեր բնօրրանը եղել է Անատոլիան ու ապրել ենք հույների, պարսիկների շրջապատում, այդուհանդերձ, մենք՝ հայերս, եղել ենք արեւմտյան եւ արեւելյան արժեքների կրող»: Խնդրեցինք ասածը էլ ավելի մանրամասնել լայն ընթերցողի համար: «Մեր երեխաներին դաստիարակելու ընթացքում մշտապես օգտագործում ենք «չե՞ս ամաչում», «ապրես» արտահայտությունները, մինչդեռ, որպես քրիստոնյա, պետք է ասենք՝ «խիղճ ունե՞ս»: Չէ՞ որ «չես ամաչում»-ը եւ առհասարակ ամոթը մահմեդական մշակութային կատեգորիա է»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Մեր զրուցակիցը փաստեց, որ վերջերս Երեւանում անցկացված միջազգային գովազդային բիենալեի մասնակիցները «Արցախբանկի» հետ այցելել են Արցախ՝ որոշելու տեղի բրենդը: «Մեր առջեւ խնդիր է դրված «դիրքավորվել» որպես կոնյակ ունեցող, խորոված անող, ժինգյալով հաց թխող ժողովո՞ւրդ, թե՞ ատոմակայան, հզոր մաթեմատիկական դպրոց, Մատենադարան, Բյուրականի աստղադիտարան եւ այլ արժեքներ ու նվաճումներ ունեցող ազգ: Սա իսկապես բարդ խնդիր է, քանի որ մի կարեւոր գործոն կա. մենք պետք է տեսնենք, թե ինչ են մտածում մեր մասին հարեւանները»,- հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Ռեպլիկին էլ՝ իսկ ի՞նչ են մտածում, պատասխանեց. «Վրացիներն ասում են, որ հայերը հիանալի մալյարներ են, դերձակներ, կոշկակարներ… Եվ դա ասում են այն դեպքում, երբ հայ գրականության մի զգալի մասը, այն էլ արժեքավոր, ժամանակին ստեղծվել է Վրաստանի տարածքում: Ռումինացիները մեզ ընկալում են որպես ֆինանսիստ, դասախոս, ուսուցիչ… Մեքսիկայում էլ թեւավոր խոսք կա՝ եթե հայի հետ պայմանավորվել ես, ասենք, ժամը 13-ին եւ արդեն 13:05 է, եւ հայը չի եկել, ուրեմն ժամացույցդ դեն շպրտիր…»:
Հետաքրքրվեցինք, թե իր խոսքի, զեկուցման կամ ելույթի ընթացքում ինչպե՞ս ներկայացվեցին հայերը: «Ներկայացրի, թե ինչ աշխատանքներ են տարվում Հայաստանում ընթերցանության մակարդակը բարձրացնելու համար: Իհարկե, բոլորին հետաքրքրեց այդ տեխնոլոգիան: Ասացի, որ մեզանում շուտով երրորդ անգամ կանցկացվի ընթերցանության օլիմպիադա եւ այլն: Ընդ որում, միջոցառումներն «Անտարեսն» անցկացնում է իր մրցակից գործընկերների հետ: Ի վերջո, մենք բնական ռեսուրսներ չունեցող երկիր ենք եւ որպեսզի դառնանք արտահանող պետություն, առաջինը պետք է ճանաչենք այն մշակույթը, ում համար որ աշխատում ենք: Մյուս կողմից, պետք է կարողանանք լուծում տալ հարցերին, թե ասենք, ինչպես ենք ուզում, որ աշխարհն ընկալի մեզ, օրինակ՝ բաստուրմա սարքո՞ղ, թե՞ միջուկից էներգիա ստացող… Իսկապես բարդ է, թեման էլ՝ բաց: Եկեք մտածենք ազգովի՝ հայաստանյան ցանկացած արտադրող, տուրիստական գործակալություն, յուրաքանչյուր պետական գործիչ, մի խոսքով՝ անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից՝ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` ՀՀ ԿԳ, մշակույթի նախարարներն ու Արմեն Մարտիրոսյանը՝ երեւանյան բիենալեի հաղթողների հետ:
«Առավոտ» օրաթերթ
12.11.2014
Ոչինչ չտվող զրույց: