Օգոստոս ամսին մենք տոնեցինք պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ոսկին, որ Նանկինում նվաճեց 77 կգ քաշային ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (նկարում): Գյումրեցի մարզիկը պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ երկամարտի 319 կգ արդյունքով: Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան եւ հավաքականի մարզիչները Հակոբին ընդգրկեցին ազգային հավաքական եւ վստահեցին հանդես գալ նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությունում: Ու ծանրորդը, ենթադրում ենք, արդարացրեց սպասելիքները:
Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում Հակոբը իր լավագույն ցուցանիշներով համապատասխանում էր ընդամենը «C» խմբին: Ալմաթիում նա երեկ պոկեց 140 կգ, հրեց 180 կգ եւ երկամարտում ցույց տվեց 320 կիլոգրամ՝ մեկ կիլոգրամով բարելավելով Պատանեկան օլիմպիական խաղերում ցույց տված չեմպիոնական արդյունքը: Իսկ թե վերջնական աղյուսակում գյումրեցին ի՞նչ տեղ կզբաղեցնի, պարզ կդառնա ուժեղագույնների պայքարի ավարտից հետո միայն:
Երեկվա դրությամբ Հայաստանից մրցահարթակ մտել էին չորս ծանրորդներ, որոնք զբաղեցրել են այսպիսի տեղեր:
5. Վանիկ Ավետիսյան.
69 կգ՝ 141+179=320
18. Սմբատ Մարգարյան.
56 կգ՝ 107+143=250
22. Աննա Գովելյան.
53 կգ՝ 80+ 95=175
26. Էլեն Գրիգորյան.
48 կգ՝ 65+83=148
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.11.2014