Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դասախոսները մեզ ասել են, որ հայերը խնդիրներ են ունեցել Օսմանյան կայսրության հետ»

Նոյեմբեր 13,2014 13:00

Կապադովկիայում թուրք ուղեկցորդուհին ոչինչ չներկայացրեց հայերի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Առավոտը» մասնակցում էր «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ հայ եւ թուրք լրագրողների ու բլոգերների համար նախատեսված ավտոբուսային շրջագայությանը: Թուրքիայում մեր կանգառներից մեկը Կապադովկիայում էր («Գեղեցիկ ձիերի երկիր»):

Մենք եղանք հնագույն բյուզանդական քաղաքում, ամրոցներում, առաջին «քարանձավային» եկեղեցիներում, ընդհատակյա քաղաքներում, որտեղ առաջին ծպտված քրիստոնյաները թաքնվել են իրենց հետապնդողներից:

Քայլում էինք զբոսաշրջային այս քաղաքով ու լսում թուրք ուղեկցորդուհու՝ Թուրքան Մումքուի հիշատակումները հնագույն այս վայրի մասին: «Քարանձավային» եկեղեցիներում աչք էին գրավում հնագույն ժամանակներում արված սրբապատկերները: Մենք եւ ներս մտնող շատ զբոսաշրջիկներ ափսոսանքով էինք նկատում, թե ինչ բարբարոսությամբ են սուրբ Մարիամի, Հիսուս Քրիստոսի, առաքյալների աչքերը ջնջված, սրբապատկերները վնասված: Ուղեկցորդուհին այս մասին կարճ ակնարկեց՝ քաղաքը գրավող սելջուկ թուրք զինվորներն են վնասել:

kapadokia2

Կապադովկիան, մեր աղբյուրներում՝ հիշատակվում է Գամիրք, եւ չնայած անընդհատ սպասում էինք, որ մեր ուղեկցորդուհին իր խոսքում կհիշատակի նաեւ հայերի մասին, կհասնի Տիգրան Մեծին, որի զորքերը նվաճումների ժամանակ երկու անգամ եղել են այստեղ, կներկայացնի, թե ինչպես արդեն 11-րդ դարում Գամիրքում՝ հատկապես Կեսարիա քաղաքում բնակչության մեծ մասը հայեր էին, եւ այստեղից են նաեւ խմորվել Կիլիկյան իշխանության առաջին սաղմերը, այդպես էլ հայերի մասին խոսք չգնաց, չնայած հայտնի էր, որ ներկաների մեծ մասը հայեր են:

«Առավոտն» առանձին զրուցեց թուրք ուղեկցորդուհի Թուրքան Մումքուի հետ, նրան ներկայացրեցինք, որ հայկական աղբյուրներում բազմիցս նշվում է՝ Կապադովկիայում հայերի ներկայության մասին: Մեր զրուցակիցն ասաց, որ այն հատվածում, որ մենք ենք, հայեր չեն եղել: «Կեսարիայում, որը այնքան էլ հեռու չէ այստեղից, կա մեծ քաղաք, որտեղ ավելի շատ հայեր են ապրել: Այստեղ՝ Կապադովկիայում, ավելի շատ հույն օրթոդոքսներն են ապրել,- ասաց նա եւ ավելացրեց,- նույնիսկ այսօր Կեսարիայում մենք ունենք հայկական եկեղեցի»: Մեզ հետաքրքիր էր նաեւ, որպես պատմաբանի, ի՞նչ են սովորեցրել թուրք ուղեկցորդուհուն իրենց դասախոսներն այստեղ ապրող հայ քրիստոնյաների մասին: «Ես գիտեմ, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում նրանք այստեղ ունեցել են ինչ-որ խնդիրներ: Այո, մեր դասախոսները մեզ ինչ-որ բաներ ասել են, նրանք ասել են, որ հայերն այստեղ ունեցել են խնդիրներ դեռեւս անտիկ ժամանակաշրջանից, խնդիրներ են եղել հայերի եւ Օսմանյան կայսրության միջեւ, նրանք կռվել են միմյանց դեմ: Մարդիկ հավատում էին, որ հայերը սպանել են մեր մայրերին, մեր երեխաներին, սա շատ վատ է,- ասաց թուրք ուղեկցորդուհին եւ հարկ համարեց ավելացնել,- բայց հիմա մենք երջանիկ ենք, մենք չունենք որեւէ խնդիր միմյանց հետ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝
Հուսեյին Հայաթսեվերի

«Առավոտ» օրաթերթ
12.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930