Օրերս www.p-as.am կայքը տարբեր անվանակարգերով
նախաձեռնել է ինտերնետային քվեարկություն
Հանրությունը հնարավորություն ունի քվեարկելու եւ ընտրելու տարվա լավագույն նախարարին, պատգամավորին, մարզպետին, համայնքի ղեկավարին, լրագրողին, դեսպանին, փոխնախարարին, հասարակական գործչին եւ մի շարք այլ ոլորտների լավագույններին: Քանի որ մրցանակաբաշխության կազմակերպիչներն առանց տեղեկացնելու են լավագույնի տիտղոսին հավակնորդներին ներառել իրենց ցուցակում՝ այդ փաստը դժգոհությունների տեղիք էր տվել թե քաղաքական գործիչների եւ թե լրագրողների շարքում: Իրենց կամքից անկախ, մրցանակաբաշխության մասնակիցները հայտնվել են մրցակիցների հետ անհավասար պայմաններում, քանի որ, օրինակ, լրագրողների ցանկում բոլորի կողմից ճանաչված դեմքերի հետ մրցում ու քվեարկության արդյունքներով նույնիսկ շատ ձայներ են վաստակել այնպիսիք, որոնց ներկայացրած ոչ միայն լրատվամիջոցի, այլեւ հենց իրենց մասին, գոնե դաշտում, հազիվ երեք, չորս հոգի են տեղյակ: Հետեւելով որոշ քաղաքական գործիչների ֆեյսբուքյան գրառումներին՝ ակնհայտ է, որ այս մրցանակաբաշխությունը ոչ մեկի սրտով էլ չէ, օրինակ՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ այլեւս չքվեարկեն իր օգտին, քանի որ նախ ինքը չի համարում, որ լավագույնն է, եւ երկրորդ՝ ինքը նման հարցումներ չի սիրում, որովհետեւ թիմային մարդ է:
Մրցանակաբաշխությանն անդրադարձել է նաեւ Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, որն էլ ներկայացնելով պատգամավորների շարքում առավելագույն ձայներ հավաքածներին, հետեւյալ գրառումն էր արել. «Տիտանների պայքարը. հաղթում է Շմայսը: Եվ ահա, հաղթեց արդարությունը Հայաստանում. ԱՍ մրցանակաբաշխության «Տարվա լավագույն պատգամավոր» անվանակարգում ծանր քաշայիններ Սամվել Ալեքսանյանի եւ Ռոբերտ Սարգսյանի (աներձագ) վիրտուալ ընտրական մենամարտին խառնվեց ինքզինքն՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ յուր ընտրողներով: Այս պահին նրա օրենսդրական գործունեությունը բուռն եւ աննախադեպ են գնահատել 854 մարդ: Ո՞վ, եթե ոչ հենց նա է արժանի ընտրյալ, էլիտար, ազգընտիր լինելու: Ո՞ւմ, եթե ոչ նրա գործունեությունը պետք է արժանվույնս գնահատվի հենց իր կենդանության օրոք… Խաղացեք ժողովուրդ, արդար ա, արդար»:
Ի դեպ, մրցանակաբաշխության կազմակերպիչները նշել են, թե քվեարկության համար ավտոմատացված ծրագրեր օգտագործելու կամ ձայներն ավտոմատ կերպով ավելացնող կայքերի միջոցով ավելացված ձայներն ամեն օր ժամը 24:00-02:00-ն p-as.am կայքի ավտոմատ համակարգը ջնջելու է: Խնդրում են պահպանել քվեարկության կանոնները եւ ձայներն արհեստական ավելացնող համակարգեր չօգտագործել, որովհետեւ նախ՝ այդ ձայները ջնջվելու են եւ հրապարակվելու են այն մարդկանց անունները, ում օգտին ավելացվել են կեղծ ձայները:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
12.11.2014