ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ առաջ հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ, որում իր շատ լուրջ մտահոգությունն է արտահայտում շփման գծում ուղղաթիռի կործանման եւ վերջին բռնությունների առնչությամբ. «Մենք ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի համար եւ մեր ցավակցություններն ենք հայտնում ընտանիքներին:
Եռանախագահողները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է հրադադարի հաստատումից հետո: Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կավելացնեն լարվածությունը շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ: Այսօրվա դեպքերը հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին եւ անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել ջանքերը գտնելու վերջնական համաձայնություն»:
Հաղորդագրության մեջ նաեւ ասված է. «Մենք հիշեցնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին իրենց պարտավորությունը պահպանել հրադադարը եւ հարգել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում՝ գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք նաեւ կոչ ենք անում նրանց այժմ հաստատել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն թափանցիկությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին եւ կնվազեցնեն հավանականությունը այնպիսի դեպքերի, ինչպիսին այսօրվա միջադեպն է»: