Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիք գյուղի բնակիչները դժգոհ են խմելու ջրի որակից

Նոյեմբեր 12,2014 22:20

«Մեր գյուղի խմելու ջուրը պղտոր է, չի քլորացվում, անդուր հոտ է գալիս, տարիներ շարունակ` սովետը քանդվելուց հետո, էդ ձեւի ջուր ենք օգտագործում: Օր ա եղել, որ որդեր են եկել ծորակից: Ստեղից-էնտեղից աղբյուրներից ջուր ենք բերում, որ ճաշ սարքենք»,- Սյունիք գյուղական համայնքի խմելու ջրի խնդրի մասին այսպես արտահայտվեցին գյուղամեջին մեզ հանդիպած բնակիչները: Շատերը նույնիսկ խանութներից են շշալցված ջուր գնում, իսկ ծորակից եկող ջուրն միայն օգտագործում են եռացրած վիճակում:

Սյունիք գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը հաստատեց, որ գյուղում խմելու ջրի խնդիր կա, այդ հարցով դիմել են պատասխանատու բոլոր կառույցներին: Գյուղական համայնքն օգտվում է Չանախչիի ջրամբարից, իսկ ջրամբարի ջուրը, ըստ զրուցակցիս, վերջին տարիներին ընդհանրապես չի մաքրվում:

«Հիմա աշխատանքներ են տարվում նոր ջրագիծ անցկացնելու ուղղությամբ, առաջիկա 2-3 ամսվա ընթացքում շինարարությունը կսկսվի, ջրամբարում նոր ֆիլտրեր կդրվեն արդեն: Շատ վաղուց է այդ խնդիրը կա. ջուրը չի ֆիլտրացվում, մի քիչ, որ մնում է հոտ է գալիս: Սանէպիդկայանից շաբաթը մեկ անգամ գալիս են ջուրը ստուգում, իրենց ասելով` վտանգավոր չի ջուրը: Բայց վտանգավոր չի այն առումով, որովհետեւ այսքան ժամանակ ոչ մի համաճարակ գյուղում չի եղել: Գյուղում եմ ծնվել-մեծացել, 22 տարի համայնքի ղեկավար եմ, նման խնդիր չի եղել: Մարդիկ գիտեն, որ նման խնդիրներից խուսափելու համար` առանց եռացնելու չպետք է խմեն»,- ասաց Սյունիքի գյուղապետը:

Գյուղում նախկինում բնական աղբյուրներ են եղել, սակայն դրանք ամբողջովին ցամաքել են, այժմ գյուղացիների հիմնական խմելու ջուրը Նորաշենիկի ձորից է գալիս: «Ի տարբերություն այլ գյուղերի` առավելությունն այն է, որ խմելու ջուր ունեն, իսկ ջրի որակի հարցերը շուտով կլուծվեն` ջրագծի անցկացումից ու ջրամբարում նոր ֆիլտրեր տեղադրելուց հետո», -նշեց Սյունիքի գյուղապետը:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կապանում ընկերությունը ջրամատակարարման բարելավման ուղղությամբ խոշոր ծրագիր է իրականացնում, որի ավարտից հետո արդեն Սյունիք գյուղական համայնքի խմելու ջրի խնդիրը կլուծվի: «Սյունիքի խողովակաշարը կփոխվի, Չանախչիի գլխամասային կառույցում աշխատանքներ կտարվեն. մաքրման կայանը հին է, ֆիլտրերը, փականները կփոխվեն, տանիքը կնորոգվի եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է, որ ջրի հետ որդ է գալիս, ապա դա հնարավոր չէ, ջուրը ֆիլտրերի մեջով է անցնում», – տեղեկացրեց պարոն Գեւորգյանը եւ հավաստիացրեց, որ Սյունիք գյուղի խմելու ջրի խնդիրը լուծում կստանա առաջիկայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930