Այսօր Aravot.am-ը ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ստվերի դեմ պայքարը: Պարոն Խաչատրյանն այս առնչությամբ ասաց, որ պաշտոնական տվյալներով հարկահավաքման գործում գերավճարներն անցել են բոլոր նորմերը, այսինքն` խոշոր հարկատուները վճարվելիք հարկից ավելին են վճարում. «Գերավճարների ավելացումը խոսում է այն մասին, որ ստվերի դեմ պայքար չկա: Եթե պայքար լիներ, այդ գերավճարները կպակասեին: Իսկ ստվերի դեմ պայքարը ներկայացումներ են, հայտարարություններ են»:
Վահագն Խաչատրյանը կարծիք էր հայտնել, որ 2015 թվականի բյուջեն խղճուկ բյուջե է. նախագծում նախատեսված է ծախսերն անցյալ տարվա համեմատ ավելացնել ընդամենը 52 միլիարդ դրամով, որից 41 միլիարդը` աշխատավարձերի ավելացմանն է գնալու, 5-6 միլիարդը` էներգետիկ ծախսումներ, եկամուտներն էլ 30 միլիարդից մի քիչ ավելի է նախորդ տարվա համեմատ:
Aravot.am-ի հարցին` եթե խղճուկ բյուջե է, ապա ինչո՞ւ են ծախսերն ավելացնում, աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելացնում. նախագահի նախընտրական խոստո՞ւմն են կատարում, թե` դժգոհողների ալիքը մեղմելու համար է, պարոն Խաչատրյանը համեմատություն կատարեց Ռուսաստանի հետ: Տնտեսագետի ներկայացմամբ` «Ռուսաստանն էլ ընկավ այդ թակարդը, նրա ճգնաժամը միայն Արեւմուտքի պատժամիջոցներով չի պայմանավորված, այլեւ նրանով, որ 3-4 տարի առաջ եղան պուտինյան խոստումներ` կրթական, առողջապահական ծրագրեր. միայն մի նախարար էր դեմ դրան, նա ասում էր, որ ՌԴ զարգացման ապագայի համար մեծ վտանգ է սպառնում: Հիմա հայտնվել են մի վիճակում, որ այդ բոլոր ծախսերը պիտի կատարեն, բայց համապատասխան եկամուտներ չունեն, որովհետեւ տնտեսությունը չի աշխատում: Նույնը մեզ մոտ է. խոստումներ տալը բերեց նրան, որ առողջապահության, կրթության ծախսերն ավելացրեց, աշխատավարձ են բարձրացնում ու պիտի դրանք սպասարկեն, բայց դա կաշխատի, եթե եկամուտներ ունենա, տնտեսությունն աճի, իսկ քանի որ դա չկա, ինքն այդ ծախսերը վերցրել է իր վրա: Մենք աշխատող տնտեսություն չունենք, բայց տնտեսությունը պահում են, որ միայն աշխատավարձ տան: 2011-13 թվականների խոստումները տվեցին, հիմա դրանց տակից դուրս գալու խնդիր կա»:
Պարոն Խաչատրյանի ներկայացմամբ` Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերն էլ ուղղված են բյուջետային ծախսերն ապահովելուն. «Նրանք համարում են՝ դրանք մինիմալ ծախսեր են, գոնե օգնենք, որ չստացվի թե այսքան ժամանակ աշխատում են Հայաստանում, ու այդքանից հետո Հայաստանում վիճակը վատ է: Այսինքն` այդ օգնությունը ոչ թե տնտեսագիտական տրամաբանությամբ է, այլ` բյուրոկրատական: Այդ ծրագրերով ստվերը չի կրճատվում, Հայաստանի տնտեսությանը զարգացում չեն ապահովում, այս ամեն ինչի արդյունքում բերում են քաղաքական մի կուսակցության մենաշնորհ»:
Կարդացեք նաև
Մեր մյուս հարցին էլ, թե ինչի կհանգեցնի Ռուսաստանում ռուբլու անկումը, եւ ի՞նչ հետեւանք կունենա այն նախագիծը, ըստ որի ՌԴ-ում դոլարով գործարքներն ու խնայողություններն արգելվելու են, Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ ռուբլու ազդեցությունը երկար է լինելու, եւ մենք ի վիճակի չենք դրա դեմ պայքարել, ոչ էլ պետք է փորձենք պայքարել. «Ռուսաստանում սով է արտարժույթի, այստեղ ռուսական ռուբլին հանգիստ մտնում է` օրինական եւ ոչ օրինական ճանապարհով, եւ օրինական, ոչ օրինական ճանապարհով այստեղից իր համար վալյուտա է տանում: Սա վտանգելու է նաեւ մեր պահուստները, որոնք առանց այն էլ կրիտիկական սահմանին են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ