«Արդեն երկու տարուց ավելի է՝ մենք հանձնաժողով ենք ստեղծել և հանրապետության այն տարածքներում, որտեղ հաճախակի ավտովթարներ են լինում, ուսումնասիրություն ենք անում: Հոռոմի այդ խաչմերուկն այդ վտանգավոր տեղերի ցանկում չէ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի մասին հարցին, մասնավորաբար, դիտարկմանը, որ ճանապարհը վտանգավոր է, ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Յուրաքանչյուր անբարեխիղճ վարորդի վարքագծից ելնելով՝ կայացած վթարների համար տրանսպորտի և կապի նախարարությունը պատասխան չի տալիս: Ընդհանրապես եմ ասում, այս դեպքի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են: Տրանսպորտի և կապի նախարարության ուսումնասիրությունների համաձայն՝ նշանները, որոնք մենք տեղադրում ենք ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, տարածքում նշանները բոլորը տեղադրված են: Ընդհանրապես ասֆալտն ու նշանները երբեք չեն կարող վթարի համար խթան առաջացնել»,- ասաց նախարարը:
Հարցին`այդ դեպքում ո՞ր պետական մարմինն է մեղավոր, որ հանրապետության ավտոճանապարհների մի մասն անբարեկարգ են, չեն լուսավորվում և այդ պատճառով վթարներ են լինում, Գագիկ Բեգլարյանը վրդովված պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք դուք վերցնում, որ որևիցե մի նախարարություն վթարի հետ կապված մեղավոր է: Ես էս դեպքով չեմ ասում, եթե մի խմած վարորդ մի տեղ վթարի է ենթարկվում, ինչ-որ մի նախարարությո՞ւն է մեղավոր»:
Նախարարն ասաց, որ բոլոր մարզային ճանապարհները լուսավորելու համար Հայաստանը միջոցներ չունի. «Ուսումնասիրեք, ամբողջ աշխարհում միջմարզային, միջհամայնքային ճանապարհները լուսավորվում են երկու-երեք երկրներում: Մեկը Կանադան է, մյուսը Բելգիան է: Եվրոպական շատ երկրներում միջմարզային ճանապարհները չեն լուսավորվում: Հայաստանում մենք մի քայլ առաջ ենք գնացել, այն նշանները, որոնց մասին խոսում էի, բոլորը մեքենայի լույսից միանգամից երևում են, և մենք ավելի լավ նշաններ ենք այսօր օգտագործում, քան մի քանի այլ պետություններ»:
Կարդացեք նաև
Նախարարը կոչ արեց նման դեպքում սադրանքներ չանել ու վախենալ Աստծո պատժից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ