Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հորդորում է վաղաժամկետ ազատել 9 ամսական երեխա ունեցող կալանավորին (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2014 18:29

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող մի կալանավորից՝ Անդրանիկ Բեգլարյանից նամակ է ստացել: Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, արդեն 8 ամիս է՝ կրում է իր պատիժը եւ չի ներկայացվել պայմանական վաղաժամկետ ազատման, թեպետ բոլոր չափանիշներն ունի, որ չգտնվի կալանավայրում:

Այս մասին այսօր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Նա կոչ արեց պայմանականորեն ազատ արձակել կալանավորին, որովհետեւ նախ ունի 9 ամսական երեխա, լավ կլինի գտնվի իր ընտանիքի կողքին, հետո կալանավայրերն առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված են, պետք է բեռնաթափել.

«Մենք ունենք այս պահին ՀՀ-ում շուրջ 4000 կալանավոր: Յուրաքանչյուր կալանավորի համար ամսական պետբյուջեից տրամադրվում է շուրջ 150 հազար դրամ: Դա հսկայական գումար է բյուջեի համար: Մենք կարող ենք մեր կալանավայրերը թեթեւացնել, որպեսզի նրանք հետ գան հասարակություն եւ ինտեգրվեն: Խնդրում եմ, որ մասնավոր այս դեպքի հետ կապված նախարարը պատասխանի, թե ինչո՞ւ պայմանական վաղաժամկետ հանձնաժողովով չեն անցկացնում:Անդրանիկ Բեգլարյանը դատապարտվել է ՀՀ ՔրՕրի 177-րդ հոդվածով, գողացել է մի քանի բջջային հեռախոս, բայց նաեւ հատուցում է ներկայացրել այդ ընկերությանը: Ընդ որում, ընկերությունը դրական է ներկայացրել այդ անձնավորությանը: Ինչո՞ւ եք ծանրաբեռնում մեր քրեակատարողական հիմնարկները»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ նշեց, որ կալանավորը ծնողազուրկ է:

Նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ Անդրանիկ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնեն. «Ենթադրում եմ, որ անձը, անկախ նրանից, թե ինչ հանցակազմով է դատապարտված, վարքագծի խնդիրներ է ունեցել: Միայն հանցատեսակը եւ դատապարտման պատժատեսակը չի հաշվի առնվում, էական նշանակություն ունի նրա վարքագիծը կալանավայրում»:

Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ նման խնդիր նա չունի, պարզապես հաշվի չեն առնում այն, որ նա հատուցում է ներկայացրել ընկերությանը, վերադարձրած գումարի փաստաթուղթը քննարկման առարկա չեն դարձրել:

Նախարարը խոստացավ խնդրով զբաղվել:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930