Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախ ներկայացրեց կարգը, թե ինչպես պետք է ընդունվեն կառավարության որոշումները:
Նա ասաց, որ պետք է լինի բաց քվեարկություն, հասկանալի լինի, թե ով է դեմ, ով է կողմ: Հաշվի առնելով սա՝ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը գրավոր հարցում է արել, թե ինչպես են նախարարները քվեարկել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ըստ կարգի, եթե նախարարների ձայները հավասար են լինում, որոշիչ է լինում վարչապետի պատասխանը:
Կառավարությունը պատգամավորին որեւէ տեղեկատվություն չի տրամադրել, թե ինչպես է անցել այդ հարցի քվեարկություն՝ ովքեր են կողմ եղել, ովքեր՝ դեմ. «Չի ուղարկել նույնիսկ հավաստիացում, որ ընդհանրապես քվեարկություն տեղի է ունեցել: Մարզպետը պետք է նշանակվեր քվեարկությամբ: Կառավարության նիստում ի վերջո քվեարկություն տեղի ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել: Եթե չի ունեցել, ինչի՞ հիման վրա է հայտարարվել, որ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է մարզպետ: Եթե եղել է քվեարկություն, ովքե՞ր են դեմ քվեարկել, ովքեր են կողմ քվեարկել»:
Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ վարչապետը հարցի քննարկման ավարտից հետո հարցնում է՝, ի՞նչ կարծիք կա, ո՞վ է դեմ: Եթե որեւէ մեկն արտահայտվում է, որ դեմ է, արձանագրվում է: Եթե որեւէ մեկը դեմ չէ, ապա վարչապետը հայտարարում է, որ որոշումն ընդունված է եւ անցնում է օրակարգային հաջորդ հարցին: Ըստ Դավիթ Հարությունյանի, կառավարության բոլոր որոշումներն ընդունվում են այդ սկզբունքով:
Կարդացեք նաև
Սակայն Նիկոլ Փաշինյանը բարձրախոսին մոտեցրեց իր հեռախոսում առկա ձայնագրությունը եւ բոլոր պատգամավորները լսեցին, թե ինչպես է անցել այդ հարցի քվեարկությունը:
Հովիկ Աբրահամյանին զեկուցում են, որ 45-րդ հարցը օրակարգի սա է՝ Սուրիկ Խաչատրյանին առաջարկվում է նշանակել Սյունիքի մարզպետ, խնդրում եմ հաստատել:
Հովիկ Աբրահամյանը հարցնում է՝ կա՞ն հարցեր, չկան հարցեր, պարոն Խաչատրյան, շնորհավորում ենք, արդյունավետ աշխատանք ենք ցանկանում:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Դուք էլ կոլեգիալ մարմիններում աշխատելու փորձ ունեք, վարչապետը՝ նույնպես: Բոլորս գիտեք ինչպես է քվեարկություն լինում, հայտարարում են, որ քվեարկություն է, արձանագրում են, թե ովքեր են կողմ, ովքեր են դեմ: Հիմա Դուք ասում եք, որ ինչ-որ բան է տեղի ունեցել կառավարության նիստում: Տեսաք, որ ոչ մի քվեարկության մասին խոսք չի գնացել ոչ մի կողմ-ի եւ դեմ-ի մասին խոսք չի գնացել՚: Այսինքն՝ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չի նշանակվել: Ես չգիտեմ ով է Սուրիկ Խաչատրյանը, ցանկացած անուն դրեք: Գործ ունենք քրեական հանցակազմի հետ»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա ինքնիրավչություն է, որը էական վնաս է հասցրել հանրության շահերին. «Ես ուզում եմ, որ ՀՔԾ-ն ընդունի իմ այս հայտարարությունը՝ որպես հաղորդում հանցագործության մասին եւ ՀՀ-ում սահմանված կարգով այն ենթարկի քննարկման»:
Դավիթ Հարությունյանը հեգնեց Նիկոլ Փաշինյանին, որ իրավաբանությունից հեռու է. «Պետք է շնորհավորենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որ ձեզ հնարավորություն չի ընձեռվել աշխատելու իրավապահ մարմիններում: Եթե նմանատիպ լայն մեկնաբանությամբ որեւէ մեկն աշխատեր իրավապահ մարմիններում, ապա 37 թիվը մեզ կթվար ժողովրդավարության լավագույն ժամանակահատված: Նմանատիպ լայն մեկնաբանությունները շատ հեռու են բուն իրավունքից»:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու որոշման քվեարկությանը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Որեւէ մեկի մոտ այդ ձայնագրությունը հարց չի առաջացնում, որովհետեւ դա այն աշխատակարգն է, որով մենք շարժվում ենք առաջ: Եթե որեւէ նախարար որեւէ հարցի վերաբերյալ ունի ասելիք, նա դա բարձրաձայն հնչեցնում է: Չի եղել որեւէ դեպք, երբ առանց համապատասխան դադար տալու հայտարարվի, որ որոշումն ընդունվել է»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վերջում հայտարարեց, որ եթե այսուհետեւ ձայնագրություններ միացնեն ԱԺ-ում խոսափողը կանջատի, որ սա վատ նախադեպ չլինի պատգամավորների համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ