«Այո, այդ հարցը ևս քննարկվել է, ինչպես նաև քննարկվել են այլ հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կշարունակվի»,-Aravot.am-ի հարցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվե՞լ է նաև ՀՀ-ում քաղբանտարկյալների`մասնավորապես Շանթ Հարությունյանի և ընկերների հարցը, ԵՊՀ-ում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում կազմակերպված միջոցառումից հետո այսպես պատասխանեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Լրագրողների հարցին` ի՞նչ փուլում է Որոտանի կասկադի գործարքի հարցը, պարոն դեսպանը պատասխանեց. «Հույս ունենք, որ դա ավարտին կհասցվի»:
Հարցին` Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ ամերիկյան զորքը շքերթով չի՞ անցնի Երևանի կենտրոնով, ինչպես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի միջև համաձայնություն է ձեռք բերվել ռուսական զորքի շքերթի վերաբերյալ, պարոն Հեֆերնը ծիծաղով արձագանքեց, թե լավ հարց է, բայց քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններում այս շրջանում խնդիրներ կան, պետք է նաև դրանք հաշվի առնելով պատասխանել այդ հարցին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ