Եկող տարվա բյուջեից իշխանություններն էլ ակնկալիք չունեն. այսպիսի կարծիք այսօր «Հայացք» ակումբում հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ` 2015 թվականի բյուջեում ծախսերն անցյալ տարվա համեմատ, ավելացնում են ընդամենը 52 միլիարդ դրամով, որից 41 միլիարդը` աշխատավարձերի ավելացմանն է գնալու, 5-6 միլիարդը` էներգետիկ ծախսումներ. «Երեւում է, որ լրջություն չկա: Երբ խորանում ենք, հասկանալու համար թե` ծրագիր կա՞ որը զարգացում է ապահովելու, թվերը նայելով, հասկանում ենք` դա էլ չկա: Ներդրումներ- համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) հարաբերակցության դինամիկան էլ անկման է գնում: 2009-10 թվականների համեմատ, այդ հարաբերակցությունը 27% էր, հիմա` 20% է: Այս 20%-ն էլ, հարց է` կլինի՞, որովհետեւ 2014 թվականին գրեթե ներդրումներ չկան` ոչ խոշորները, ոչ` փոքրերը: Մարդիկ ավելի շատ իրենց ունեցվածքը վաճառում են, քան մտածում ներդրում անել»:
Ինչ վերաբերում է 2015 թվականի բյուջեով նախատեսված եկամուտներին, ապա պարոն Խաչատրյանի խոսքերով ասած` 30 միլիարդ դրամից մի քիչ ավելի է. «Սա պետք է լինի տնտեսական աճի հաշվին, որն էլ կապահովեն, թե` չէ, հարց է: Պարոն Խաչատրյանի խոսքերով` 4.1% ՀՆԱ աճն էլ պարզ չէ, թե ինչի հաշվին է լինելու,քանի որ բոլոր ոլորտներում թվերը ցածր են:
Տնտեսագետի դիտարկմամբ` «2014 թվի կանխատեսումներով, որ ՀՆԱ տեմպերը կնվազեն 3.3%, ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն ասում են տրանսֆերտները 25% պակասել են: Նման բան չկա, ըստ Կենտրոնական բանկի հայտարարության` 0.4 տոկոսով աճել է:ԿԲ-ն այս ժամանակահատվածում սովորաբար նման թվեր չի հրապարակում, հիմա որ արեց, կարծում եմ ուզում է հուշի կառավարությանը, որ կրճատում չկա, տենց բան մի խոսեք»:
Մանրամասն` տեսանյութում
Իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով մեր երկրում այդ երկրներից ներդրումները կավելանան, պարոն Խաչատրյանը թյուրիմացություն է համարում, ըստ տնտեսագետի, ԵՏՄ անդամ երկրներում էլ ճգնաժամային վիճակ է:
Անդրադառնալով հարկային ոլորտին, տնտեսագետը կարծիք հայտնեց, որ
հարկայինը մաքսիմալն է անում, որպեսզի 100% ապահովի հարկահավաքման. «Բայց անցյալ տարվա բյուջեի հարկահավաքման մեխը պիտի լիներ տնտեսական աճը, որ պետք է լիներ 5.2%, հետո իջեցվեց հասցվեց 3.3%-ի, հիմա միջազգային կառույցներն ասում են` 2.2%: Այսինքն, եթե տնտեսական աճ չի լինելու, ինչի հաշվին պիտի 100%-ով հարկահավաքում լինի, բայց դուք 100% տոկոսով եք ապահովում, հարց `ինչի՞ հաշվին ենք ապահովել, կաշիները քերթել են»:
Բացի այս, ինչպես նկատեց տնտեսագետը, խոշորը հարկատուները նաեւ մեծ ծավալի գերավճարներ, կանխավճարներ ունեն հավաքած:
Վահագն Խաչատրյանի ներկայացմամբ` պաշտոնական տվյալներով գերավճարներն անցել են բոլոր նորմերը, հոկտեմբերի սկզբի դրությամբ այն 142.2 միլիարդ դրամ է եղել. «Տարվա սկզբին 132 միլիարդ է եղել, առաջին եռամսյակում Տիգան Սարգսյանը վճարում էր, 2-րդ եռամսյակում էլ վճարում էր, հետո Հովիկ Աբրահամյանն եկավ ու ավելացավ այդ թիվը. սա «պայքար ստվերի դեմ» օպերացիայի արդյունքն է»:
Իրականում գերավճարները դա պետության պարտքն է հարկատուներին, եւ ըստ տնտեսագետի, եթե տարեկան հազիվ հասցնում են մոտ 16 միլիարդ դրամով այդ պարտքը նվազեցնել, ուրեմն 142 միլիարդը մի քանի 10-14 տարում նոր կմարեն. «Եթե դրան էլ գումարվի արտաքին պարտքը` 4.9 միլիարդ, ապա նշանակում է այս իշխանությունը մեր սերունդների հաշվին ապրող իշխանություն է, մեր ապագայի հաշվին ապրող»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ