Հրանտ Դինք հիմնադրամը այսօր հանրությանը ներկայացրեց Հայաստան-Թուրքիա Ճանապարհորդական դրամաշնորհը, որի նպատակն է խթանել երկու հարեւան երկրների մարդկանց միջեւ ուղղակի կապն եւ համագործակցությունը:
Ինչպես ներկայացրեց Հայաստան-Թուրքիա Ճանապարհորդական դրամաշնորհի համակարգող Աննա Եղոյանը՝ դրամաշնորհը կաջակցի Հայաստանում եւ Թուրքիայում գտնվող 200 անհատների եւ շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների՝ սկսած 2014 թվականի մարտ ամսից մինչեւ 2015 թվականի մայիս: Դրամաշնորհը հոգում է ճանապարհորդողների միջազգային եւ տեղական ճանապարհորդական ծախսերը:
«Մենք չենք ֆինանսավորում շահույթ հետապնդող այցերը, անձնական այցերը եւ քաղաքական կուսակցությունների այցերը: Մարդիկ, ովքեր հետաքրքրված են այցելել հարեւան երկիր, ովքեր հանդիսանում են Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացի կարող են առցանց դիմել մեր դրամաշնորհին hrantdink.org կայքում: Տեսնելուց հետո, թե անձը ինչ նպատակով է մեկնում, մեր ընտրող հանձնաժողովը գնահատում է բոլոր հայտերը եւ եթե դրանք հավանության են արժանանում, մենք ֆինանսավորում ենք ճանապարհածախսը: Մենք ֆինանսավորում ենք առանց տարիքային սահմանափակման»,- տեղեկացրեց Աննա Եղոյանը:
Նրա խոսքով՝ այցերը շատ տարբեր կարող են լինել, ֆինանսավորում են ուսանողների, ուսուցիչների, գիտնականների, հասարակական կազմակերպությունների, հետազոտողների, մասնագիտական կազմակերպությունների այցը հարեւան երկիր. «Օրինակ՝ լրագրողի այց, մեկ շաբաթով նյութեր պատրաստելու համար, կարող է լինել ճարտարապետական բիենալեի մասնակցության համար, կարող է երեխաների համար դասընթացներ լինել»:
Աննա Եղոյանը տեղեկացրեց, որ ծրագիրը գործարկվել է մարտ ամսին եւ մինչեւ հիմա արդեն մոտ 70 այց ֆինանսավորել են: Մինչ ծրագրի ավարտը պլանավորում են ֆինանսավորել մոտ 200 այց:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ