Արդյո՞ք կապ կա Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի շեշտադրումների և Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյանի հանդիպման միջև: Այսօր, լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց մեկնաբանություն հնչեցնել այդ հարցի վերաբերյալ: «Հայաստանում համաժողովրդական շարժում է ձևավորվել, հրապարակային դաշտով ընդդիմությունը ներկայացրել է իր մոտեցումները, ժողովրդի մեծ մասն էլ կանգնել մեր կողքին: Այնպես որ, տրամաբանական էր, որ նման առաջարկ պետք է հնչեր, բայց արդյո՞ք դա ցանկություն է, թե իմիտացիոն ֆոն են ստեղծում`սա է հարցը: Ի դեպ, եթե սա իսկապես իմիտացիոն գործընթաց է, ապա նրանց արձագանքից դա անմիջապես կերևա»,- ասաց նա: Բանախոսն, ի դեպ, նաեւ ասաց, որ պահը ԲՀԿ-ից պաշտոնապես չի էլ հաստատվել, որ նման հանդիպում եղել է: Aravot.am-ի դիտարկումը, որ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հաստատել է , անարձագանք մնաց:
Ռուբեն Հակոբյանը հստակեցրեց, որ որևէ բանակցություն իշխանությունների հետ, մինչև Ընտրական օրենսգրքի հարցի լուծումը, չի լինելու: Ավելին, նա առայժմ չի տեսնում այն հարթությունը, որում հնարավոր է կոնսենսուսի հասնել իշխանությունների հետ:
Լրագրողներից մեկի հարցին`արդյոք Սերժ Սարգսյանի առաջարկը`վերանայել 12 կետերը, եռյակին չի հեռացնում իշխանությունների հրաժարականի պահանջից, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց`նման խնդիր կլիներ, եթե եռյակը հայտարարեր, որ պատրաստ է քննարկումների գնալ: Ամեն դեպքում հստակեցրեց, որ արտահերթ ընտրություններ պահանջն իրենց օրակարգում կա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Ի դեպ, եռյակի նախորդ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել էր, որ այսօր եռյակը հետագա անելիքների մասով պետք է որոշում կայացնի: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ որոշում դեռ չունեն, կուսակցություններում քննարկումներ են ընթանում: Հետագա անելիքների մասով եռյակի որոշումն արդեն վաղը կամ մյուս օրը կլինի: Հաջորդ նիստի մասին կհայտարարեն վաղը:
Եռյակի նիստում քննարկվել է նաև հանրահավաքների հարցը: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`այս տարի հանրահավաք կլինի՞: Մասսայական միջոցառումների հարցը եռյակի օրակարգում կա. Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս `պարզ չէ: Լրագրողներից մեկը նկատեց, որ թեեւ ՀԱԿ-ն էլ իր հայտարարությամբ, «Ժառանգությունն» էլ այն դիրքորոշմանն էին, որ հանրահավաքներից հրաժարվելը շարժումը կտանի մարման, փաստորեն, ընտրեցին շտաբներ ձեւավորելու տարբերակով առաջ գնալ, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ որևէ հակադրություն չի տեսնում, որ շտաբների ձևավորմանը զուգահեռ հանրահավաքներ էլ լինեն: Առավել ևս, որ ժողովուրդը սպասում է հանրահավաքների:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ