Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդական Էթյեն Մահչուփյանը «Դեյլի Սաբահ»-ում քննադատական հոդված է գրել այն հայերի դեմ, որոնք իր նշանակումը կապում են հայկական արմատների հետ:
Մահչուփյանը մեղադրել է, որ Դավութօղլուի այդ քայլը մարդիկ փորձում են հասկանալ էթնիկության լույսի ներքո և ոչ թե խոսել խորհրդականի քաղաքական միտումների շուրջ:
«Ոմանք հարցնում են՝ ինչո՞ւ է վարչապետն ընտրել հայ խորհրդականի: Դու ստիպված ես հարցին պատասխանել հայկական ինքնության սահմանման տեսանկյունից: Այսպիսով` դու հայկական ինքնությունը շահարկող անխուսափելի ակնարկ ես անում: Ու Թուրքիայի հայ մտավորականների մեծ մասը հուսահատ թավալվում է այս արատավոր շրջանի շուրջ: Երբ դու ուրիշին նայում ես այն դիրքից, որը քեզ ես վերագրել, դու մտածում ես, թե բոլոր գործերը արվում են հանուն քեզ կամ քո դեմ», – գրել է Մահչուփյանը:
Վարչապետի օգնականը ավելի հեռուն է գնացել և հոդվածում իր թիրախներին համեմատել ռասիստների հետ.
Կարդացեք նաև
«Եթե այս խորհրդականին ընտրել են իր հայկական ինքնության համար, ապա նա պետք է որպես հայ գործի և նրա արած գործերը կգնահատվեն հայկական ինքնության չափանիշներով: Նրանք, ովքեր այսպես են մտածում, նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց մտորումները ռասիզմի պես բան են, քանի որ, եթե ակնկալում են ինձնից, որ որպես հայ գործեմ, սա սկզբունքորեն չի տարբերվում հայ լինելուս համար իմ հանդեպ ձևավորված բացասական վերաբերմունքից», – գրել է նա` նշելով, որ իր դեմ դուրս գալով, չեն էլ կարող ասել, որ իրական հայի դեմ են խոսում, քանի որ ինքը երբեք իրեն հայ համայնքի անդամ չի համարել ու որպես հայ երբեք չի ներկայացել:
Մահչուփյանը, չակերտների մեջ առնելով ցեղասպանություն բառը, գրել է, որ հայկական հարցը Թուրքիայի համար ետին պլանում է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ