Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Կառավարության բյուջեն իր մեջ չի ներառում «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»»

Նոյեմբեր 12,2014 15:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների մեկնարկը: Նշենք, որ ծրագրով նախատեսվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ավագ դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր՝ «Արարատյան բակալավրիատ» եւ պատրաստել այդ ծրագրին համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչներ: «Արարատյան բակալավրիատը» նախաձեռնվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից:

Նշենք նաեւ, որ հանրային լսումների ընթացքում կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը հարց էր ուղղել ծրագրի ղեկավարներին, իր մտահոգությունը հայտնելով այն մասին, թե՝ «400 մլն դրամ բյուջե ունի ծրագիրը,որը բավարար չէ… առաջին հարցը, որն ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք կառավարությունը մինչեւ վերջ կապահովի ծրագրի ֆինանսավորումը…այն կառավարությունը, որը 2015 թվականի բյուջեում կրթությանը հատկացվող գումարները պակասեցրել է։ Ինչպե՞ս եք այս բյուջեի պայմաններում իրականացնում այս ծրագիրը»։ Ինչին էլ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը պատասխանել էր, որ ծրագիրը եղել է հենց ՀՀ նախագահի նախաձեռնությունը եւ որ այն գտնվում է կառավարության միջնաժամկետ ֆինանսավորման ծրագրերի շարքում:

Հանրային լսումներից հետո Aravot.am-ը տիկին Բախշյանից հետաքրքրվեց արդյո՞ք լսումների ժամանակ իր հնչեցրած հարցն այն մասին, թե ծրագրի համար հատկացվող գումարները կարող են բավարար չլինել ծրագրի իրականացման համար, լուրջ մտահոգության տեղիք տալիս։ Տիկին Բախշյանը պատասխանեց, որ ինքը այդ մասով շատ լուրջ մտահոգություններ ունի. «Ես Տեր Մեսրոպին հավատում եմ, իր կազմակերպական եւ կառավարչական հմտություններին վստահում եմ, սակայն ես պարզ հարց տվեցի, որպեսզի հասկանամ՝ վսահե՞մ, թե չէ։ Այս ծրագրով կրթության նախարարության պարտականությունների մեջ գրված է՝ ծրագրի իրականացման ֆինանսավորում, գործունեության ծախսեր եւ որակավորված ուսուցիչների աշխատավարձային ֆոնդերի հատկացում»։Տիկին Բախշյանը վստահ է, որ խոսքը գնում է մեծ գումարների մասին, ոչ այն 400 մլն դրամի մասին, որ նախատեսվում է։ «Հիմա մեր կառավարությունը, շատ լավ իմանալով Տեր Մեսրոպի թափը, հնարավորությունները, կրթության եւ լուսավորության հասնելու իր սեւեռուն նպատակը, այս ամենը թողել է Տեր Մեսրոպի վրա։ Մեր կառավարության ներկայացրած այսօրվա բյուջեն այս ծրագիրը չի ներառում իր մեջ։ Իրենք ասում են, թե ծրագիրը կառավարության միջնաժամկետ ֆինանսավորման ծրագրերի շարքում է, սակայն ոչ մի կրթական ծրագրի համար, որը կառավարությունում դրված է եղել միջնաժամկետ ծրագրերի շարքում, ես չեմ տեսել, որ բյուջեից գումար հատկացվի»։
Հանրային լսումների ժամանակ նաեւ ներկայացվել էր, որ ուսուցիչները պետք է վերապատրաստվեն եւ որ պետք է գիտակցեն իրենց առաքելությունը: Արդյո՞ք ուսուցիչների որակավորումը լուրջ խնդիր է հարցին տիկին Բախշյանը պատասխանեց, որ ուսուցչի վիճակը նույնպես վատ է երկրի կրթական հաստատություններում. «Ուսուցիչը չգնահատված մասնագիտություն է , եթե կան իրենց մեջ առաքելությունը գիտակցող մարդիկ,իրենք իրենց չափազանց չգնահատված են զգում՝ այն աշխատավարձի պատճառով, որ ստանում են: Կառավարությունը շատ լավ հասկանում է, որ եթե ուսուցչի աշխատավարձը չբարձրացրեց, ինքը կրթության հեղինակությունը չի կարող բարձրացնել»։
«Շատ մեծ կասկածներ ունեմ, որ Կրթության եւ Գիտության նախարարությունը ստանձնելու է պարտականություններ այդ գումարը բյուջեից տեղին եւ ժամանակին հատկացնելու համար»,- եզրափակեց տիկին Բախշյանը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930