Այսօր Մատենադարանում տեղի ունեցավ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների մեկնարկը։ Ծրագիրը իրենից ներկայացնում է նոր միջազգային չափանիշների համապատասխան հայալեզու կրթական ծրագրի՝ «Արարատյան բակալավրիատի» ներդրումը։ Ծրագրի նպատակն է կարեւորել ուսուցչի դերը հասարակության մեջ, այդ իսկ պատճառով ուսուցիչները կվերապատրաստվեն եւ կստանան միջազգային ստանդարտներին համապատասխան որակավորում։ «Արարատյան բակալավրիատը» նախաձեռնվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից եւ կմշակվի Քեմբրիջի համալսարանում։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ «Արարատյան բակալավրիատը» կրթական ծրագիր է, որ տարիներ շարունակ մշակել է «Այբ» կրթական համալիրը՝ հենվելով համաշխարհային լավագույն փորձի եւ հայ դպրության ավանդույթների վրա։ «Ի սկզբանե մեր նպատակն է եղել ստեղծել մի բան, որով հնարավոր կլինի որակյալ կրթությունը տարածել եւ հասանելի դարձնել բոլորին։ Մեր նպատակն է հայկական կրթության որակի եւ մրցունակության բարձրացումը»։
Տեր Մեսրոպ քահանան նշեց, որ ուսուցիչների պատրաստումը կրթական պլատֆորմի անբաժանելի մասն է կազմում եւ տեղեկացրեց, որ առաջին փուլում կլրամշակվի ծրագիրը, 2016 թվականի աշնանից 2000 ուսուցիչ կպատրաստվի. «Այնուհետեւ նրանք կմտնեն դպրոցներ, 2016-2019 թվականներին 12 ավագ դպրոց Հայաստանում եւ մեկ դպրոց Արցախում ամբողջովին կանցնի «Արարատյան Բակալավրիատին», իսկ 2019-2023 թվականներին այս ծրագիրը կներդրվի ողջ երկրում»։
Հանրային լսումների ընթացքում քահանան նշեց, որ ծրագրի արդյունքում պետք է ապահովել լավագույն մարդկային ներուժի հոսքը դեպի կրթություն. «Կրթության որակը մեծապես կապված է ուսուցչի որակից, երբ ասում ենք ուսուցիչ, այս բառի տակ շատ բան ենք հասկանում, ուսուցիչը մարդ է, որի ձեռքում է մարդկային ռեսուրսը, եւ նրանք ինչպիսի սերունդ կերտեցին, այդպիսի ապագա էլ կունենանք»։
Կարդացեք նաև
Ծրագրի ներկայացումից հետո կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը հարց ուղղեց ծրագրի ղեկավարներին՝ կապված բյուջեից ծրագրի ֆինանսավորմանը հատկացվող գումարների հետ. «Սկիզբը շատ հավակնոտ էր, շատ ուշադիր կարդացի ծրագիրը եւ հետեւյալ հարցերը մեջս առաջացան։ Այն, ինչ այստեղ գրված է, վերաբերում է մեր պետության պարտավորության ստանձնելուն։ Քանի, որ «Այբ»-ը հինադրամ է եւ ծրագիրն իրականացնում է կրթության եւ գիտության նախարարության հետ եւ 400 մլն դրամ բյուջե ունի ծրագիրը, որը բավարար չէ, ապա առաջին խնդիրը, որն ինձ հետաքրքրում է՝ արդյոք կառավարությունը մինչեւ վերջ կապահովի՞ այս ֆինանսավորումը…այն կառավարությունը, որը 2015 թվականի բյուջեում կրթությանը հատկացվող գումարները պակասեցրել է։ Ինչպե՞ս եք այս բյուջեի պայմաններում իրականացնում այս ծրագիրը»։
Հարցին Տեր Մեսրոպը պատասխանեց, որ այն պետական ծրագիր է եւ որ կա կայացված քաղաքական որոշում. «Այս ծրագրի հիմնական նախաձեռնողը եղել է ՀՀ նախագահը եւ շատ կարեւոր է, որ երկրի ղեկավարությունը այդ որոշումը կայացրել է, նաեւ ներկայիս կառավարությունն է այս ծրագիրը հաստատել։ Մենք հույս ունենք, որ շատ բարձր մակարդակով կիրականանցնենք այն։ Ծրագիրը մտած է կառավարության միջնաժամկետ ֆինանսավորման ծրագրի մեջ, սակայն կլինեն նաեւ այլ աղբյուրներից ֆինանսավորումներ։ Ամեն դեպքում ծրագրի հիմնական ֆինանսավորման հիմքը պետական բյուջեն է, իսկ կրթական լավ համակարգ ունենալու համար պետք է լավ գումարներ ծախսել»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ