Քիմիական նյութերի, փայտամշակման, գորգագործության արտադրամասերում, հանքավայրերում աշխատել ցանկացողները աշխատանքի ընդունվելուց պետք է գործատուի հաշվին հետազոտություն անցնեն` պարզելու, թե նրանց թույլատրվո՞ւմ է աշխատել այդպիսի արտադրություններում: Այսպիսի տեսակետ ունի թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: Ըստ նրա, այսօր ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս տարածված է խրոնիկ օբստրուկտիվ թոքերի հիվանդությունը, որն, ըստ բժշկի, իր ախտանիշներով նման է բրոնխիալ ասթմային եւ թոքերի հետ կապված այլ հիվանդություններին, սակայն նույն բանը չէ: Այսօր «Տեսակետ» ակումբում թոքաբանն ասաց, որ այն չբուժվող հիվանդություն է եւ պրոգրեսիվ զարգանալով` բերում է մահվան: Բժշկի հավաստմամբ, այդ հիվանդությունն ունեցող մարդկանց կյանքի տեւողությունը միջինը երեք ու կես տարի է, բայց շուտ ախտորոշելու դեպքում հնարավոր է հիվանդության զարգացումը կանխել:
Առողջապահության նախարարության կազմակերպությունը նոյեմբերի 17-ը հայտարարել է այդ հիվանդության դեմ պայքար օր, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել խրոնիկ օբստրուկտիվ թոքերի հիվանդության վրա:
Թոքաբանը կոչ է անում երկարատեւ հազի, ֆիզիկական ակտիվության նվազման դեպքում դիմել բժշկի ստուգվելու: Ըստ նրա այս հիվանդությունով հիվանդանալու հիմնական պատճառներից մեկը ծխախոտի օգտագործումն է:
Հաշվի առնելով որ, այն Հայաստանում էլ բավականին տարածված է, մշակվել է այդ հիվանդների բուժման եւ վերահսկման ծրագիր: Անդրանիկ Ոսկանյանն ասում է, որ
այդ հիվանդներին հսկելով` չեն թողնում որպեսզի նրանց կյանքի որակը վատանա:
Aravot.am-ի հարցին, թե մեր երկրում այդ հիվանդությամբ քանի՞ մարդ կա եւ հնարավո՞ր է, որ զանգվածային հանքարդյունաբերության հետեւանքով է մեր երկրում էլ այս հիվանդության տարածվածությունը բարձր, պարոն Ոսկանյանն ասաց, որ հստակ ցուցանիշներ չունենք եւ որ մեր երկրի վիճակագրությունը մոտ է միջազգային ցուցանիշներին, համաձայն որի, բնակչության 20-27 տոկոսն ունի խրոնիկ օբստրուկտիվ թոքերի հիվանդություն:
Պարոն Ոսկանյանի խոսքերով, հիվանդության տարածվածությանը նաեւ նպաստում են բժշկի այցելելու մշակույթի բացակայությունը եւ սոցիալական վատ պայմանները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ