Նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրիի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարը, ինչի հետեւանքով զոհվեց յոթ մարդ, անկազմակերպ երթեւեկության հետեւանք էր: Այսօր «Տեսակետ» ակումբում այսպիսի համոզմունք հայտնեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Զոհվածների հարազատներին, որպես աջակցություն, մեկ միլիոն դրամ տալու փոխարեն, վարորդների պաշտպանը գտնում է, որ այդ յոթ միլիոնով պարզապես կարելի էր ճանապարհներն ու խաչմերուկները կարգավորել, նշանները թարմացնել:
«Ճանապարհային ոստիկանությունը երթեւեկության կազմակերպման հարցում մատը մատին չի խփում»,-ասում է պարոն Հովհաննիսյանը: Խոսելով Գյումրիի վթարից, վարորդների պաշտպանն ասաց, որ այդ ճանապարհի վրա, վթարի հատվածում նկատել է, որ ճանապարհային նշանը «քրքրված» է, բացի այդ, ճանապարհները լուսավորված չեն. «Կառավարության որոշման մեջ գրված է, որ այն հատվածները, որտեղ նշանը տեղադրելուց, եթե առկա է հաստատուն լուսավորություն, ուրեմն պետք է լուսավորվեն, եթե չկա՝ ապա լուսանդրադարձիչներ պետք է ունենան»:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ սպառողների պաշտպան Արմեն Պողոսյանի խոսքերով էլ, գազի բալոնների վիճակը մեր երկրում անվերահսկելի է. «Բալոնի պատի հաստությունն արդյոք համապատասխանո՞ւմ է նորմային, չէ՞ որ ժամանակի ընթացքում այն մաշվում է եւ քանի որ չի վերահսկվում, ժամանակ առ ժամանակ դրանք պայթում են»:
Էդուարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ կառավարության որոշմամբ, նախատեսված է 2 հազար կիլոմետրը մեկ, 6 հազար կիլոմետրը մեկ եւ 24 հազար կիլոմետր վարելուց հետո գազի բալոնները ստուգում անցնեն:
Կարդացեք նաև
Արմեն Պողոսյանի խոսքերով՝ այսօր մեր փոխադրողների կողմից տարրական նորմերը նույնիսկ չեն պահպանվում. «Եթե սահմանված է 13 նստատեղ, ուրեմն պետք է 13 ուղեւորից ավելի չվերցնեն, իսկ մեզ մոտ գերբեռնում են հասարակական տրանսպորտը:
Ինչո՞ւ պետք է հայ մարդը երթեւեկի անմարդկային պայմաններում: Հաճախ տեսնում ենք, որ միկրոավտոբուսի վարորդը նստարաններ է ավելացրել, հանել մեկ այլ տեղ է «սվարկա» արել, բայց Հայաստանի օրենքով նախատեսված է, որ վարորդն իրավունք չունի մեքենան վարի, եթե նրա կահավորումը փոխված է, բացի այն դեպքերից, որ պետավտոտեսչությունը թույլ է տվել, սակայն պետավտոտեսչությունը չի կարող եւ չունի այն մասնագետները, որոնք կորոշեն՝ վարորդի կողմից այդպիսի վերակահավորումն արդյոք անվտա՞նգ է»:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով, քաղաքապետարանը լիցենզիան տալիս է ու ձեռքերը լվանում, բայց վերահսկող չկա:
Հարցին, թե ինչպես կգնահատեք ճանապարհային ոստիկանության աշխատանքը,
Արմեն Պողոսյանը պատասխանեց` ես երկուս եմ դնում:
Վարորդների պաշտպանն էլ ասաց` «Մենք գնում ենք դատարան` ապացուցելու, որ տեսուչը չգիտի երթեւեկության կանոնները: Դրանով ամեն ինչ ասված է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ