«Դեմ եմ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան ավարտվեց կառավարության շենքի մոտ: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ցուցարարներին առաջարկեց շրջանցել ֆինանսների նախարարության շենքը եւ փողոցի երթեւեկելի հատվածով մոտենալ կառավարության շենքին: Չնայած ակտիվիստները պնդում էին, որ փողոցի երթեւեկելի հատվածով կառավարության շենքին մոտենալով ավելի շատ կխոչընդոտեն անցուդարձը, քան նախարարության շենքի մայթով գնալու դեպքում, բայց ոստիկանները մնացին անդրդվելի:
Ակտիվիստները կառավարության շենքին մոտեցան սուլոցներով եւ հեգնեցին, թե «պարզվում է՝ ֆինանսների նախարարության շենքը ավելի հատուկ պաշտպանության նշանակություն ունի, քան կառավարության շենքը», եւ մի քանի անգամ բղավեցին՝ «Գագիկ Խաչատրյան, սուպեր նախարար»: Կառավարության շենքի դիմաց ակտիվիստներին դիմավորեց կառավարության նամակների եւ քաղաքացիների ընդունման բաժնի պետը եւ լսելով նրանց պահանջը, վերցրեց նրանց գրավոր դիմումը: Դրանից հետո բողոքի ակցիան ավարտվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ