Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց բանակի կարիքները:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց. «Դուք հայտարարեցիք, որ ճիշտ կլինի, որ զինծառայողներն ունենան բժշկական ապահովագրություն, բնակարաններով ապահովված լինեն: Գիտեք, սա միշտ պրոբլեմ է, 20 տարի առաջ էլ էր պրոբլեմ: Բայց մենք պիտի մի քիչ հասկանանք, տեսեք, մենք ահագին բան ենք տվել զինծառայողներին: Օրինակ, սովորական զինծառայողը ստանում է հնգապատիկ ավելի թոշակ, քան թե ժամանակին ԱԺ նախագահ, կամ վարչապետ կամ նախարար աշխատածը: Մենք, իմ կարծիքով, չափն անցել ենք: Ամեն մի երկիր, որն ունի պաշտպանության խնդիր, առաջնային է համարում զինծառայողներին, բայց կա այդ առաջնահերթության աստիճան: Եթե մարդն իր կյանքը վտանգելու հետեւանքով առողջություն է կորցրել, մենք իրեն պիտի բուժենք: Բայց ուզում եմ հասկանամ՝ այդ սահմանը որտե՞ղ է: Մենք չունենք պարտադիր բոլորին բնակարանով ապահովելու խնդիր, գուցե մենք գտնենք կազմակերպման այլ կերպ: Գուցե, երբ մարդը հայրենիք է պաշտպանում, այդ ընթացքում մենք նրան պատշաճ բնակարանով ապահովենք: Իհարկե, դժվար է որոշել, թե ինչքան է հասնում բանակին, բայց մյուս կողմից, եթե երկրի մյուս հատվածները տնտեսության շատ աղքատ են, ապա մենք ստանում ենք քիչ թե շատ որակավորված մասնագետներ բանակում, բայց վատ որակավորում ունեցող պետական չինովնիկական ապարատ, որն իրեն ճնշված է զգում: Երբեւէ քննարկե՞լ եք, թե տնտեսության զարգացման այս մակարդակում ի՞նչն է ճիշտ եւ արդարացի հատկացնել պաշտպանությամբ զբաղվող մարդկանց»:
Կորյուն Նահապետյանը չհամաձայնեց, որ զինծառայողների համար շատ բան են անում: Ըստ նրա, կա հավասարակշռում եւ նորմալ է, որ ԱԺ նախագահի, վարչապետի կամ նախարարների թոշակից նրանք ավելի բարձր թոշակ են ստանում. «Մեր երկրի համար պաշտպանությունը եւ անվտանգությունը թիվ 1 խնդիրն է: Իհարկե, պետք է հաշվի առնենք ժամանակահատվածը, իրադրությունը եւ բոլոր մարտահրավերները, որոնք այսօր առկա են: Այսօրվա դրությամբ, գնահատելով ռազմաքաղաքական կարգավիճակը ներսում, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, պիտի փաստենք, որ իրականում մենք վերջին տարիների ընթացքում այդ ոլորտի համար հատկացումներն ուղղել ենք աշխատավարձերի բարձրացմանը: Դա չի նշանակում, թե մենք ռազմական կարիքներ չունենք: Չենք կարող թվեր նշել, որովհետեւ գաղտնիք է, բայց վերլուծությունները ցույց են տալիս, որ ունենք կարիք: Իսկ այդ կարիքների մեջ է մտնում նաեւ զինծառայողների սոցիալական եւ բժշկական ապահովագրության խնդիրները: Մեր զինծառայողներն իսկապես ավելի բարձր պաշտպանության կարիք ունեն: Եթե համեմատեք ԱԺ նախագահի, պատգամավորների հետ, ես գտնում եմ, որ իսկապես այսօր պետք է լինի տարբերություն, դեռ մի բան էլ ավելի պակաս է»:
Հրանտ Բագրատյանը պնդեց՝ «Իմ հարցադրումը չափի մասին էր: Ինչքա՞ն ավել տանք՝ 5-10 անգամ ավելի՞, տնտեսության այլ հատվածներն էլ բյուջե են աշխատում, խնդիրը փոխկապակցության մեջ է»:
Կարդացեք նաև
Պարոն Բագրատյանը նաեւ հարցրեց, թե քանի՞ բնակարան է պետք, էր համարենք, որ զինծառայողները բնակարանով ապահոված են, ինչ ծավալի մասին է խոսքը: Կորյուն Նահապետյանը որեւէ թիվ չկարողացավ նշել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ