Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան Հայաստանում ունի նորանշանակ դեսպան

Նոյեմբեր 12,2014 12:55

Նոյեմբերից ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն է ստանձնել Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն (Jean-François Charpentier): Նա երեկ իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը նորանշանակ դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր երկրներից է, երկիր, որի հետ ունենք վաղեմի համագործակցություն: ՀՀ-ն այն երկիրն է, որի մասին խոսում են Ֆրանսիայում և երբ իմ շրջապատում ասացի, որբ գնում եմ Հայաստան, պարզեցի, որ իմ շրջապատում ծանոթ են Հայաստանին: Արդեն տասը օր է Հայաստանում եմ, և պարզեցի, որ Ֆրանսիան էլ այն երկիրն է, որի մասին խոսում են Հայաստանում»:

Խոսելով այն մասին, թե ինչպես է պատկերացնում իր առաքելությունը Հայաստանում պարոն դեսպանն ասաց, «Ծավալել երկխոսություն ՀՀ ամենատարբեր ճյուղերի հետ»:

Այնուհետև նորանշանակ դեսպանը շեշտեց. «Երկու երկրների տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական համագործակցությանը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ որո՞նք են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դեսպանի մոտեցումները.«Ես կարող եմ ասել Ֆրանսիայի դիրքորոշման մասին, որը քաջ հայտնի է: Ֆրանսիայի դիրքորոշման մասին ընդամենը հոկտեմբերի 27-ին ևս մեկ անգամ Ֆրանսիայի նախագահն ասաց՝ երկու երկրների՝ Ադրբեջանի և ՀՀ նախագահներ Ալիևին ու Սարգսյանին: Այսինքն՝ իրավիճակն ինչպիսին այսօր կա, չի կարող երկար շարունակվել: Մենք ցանկանում ենք, որ երկու երկրները հնարավորինս շուտ գտնեն երկուստեք ընդունելի լուծում: Ֆրանսիան, ստանձնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որդեգրել է միջնորդական գործունեությունը՝ հավատարիմ մնալով մայիսին տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ստանձնած դերակատարությանը»:

Պարոն դեսպանը նշեց, որ մյուս տարի ապրիլին Ֆրանսուա Օլանդը այցելելու է Հայաստան: Հարցին՝ հնարավո՞ր է Ֆրանսիան հանդես գա նախաձեռնությամբ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, դեսպանը պատասխանեց. «Ֆրանսիան կսատարի ցանկացած քայլ, նախաձեռնություն, որոնք միտված կլինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:

Հարցին՝ հնարավո՞ր է Մեծամորի ատոմակայանի կառուցումը՝ ֆրանսիական կողմի աջակցությամբ, պարոն դեսպանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ոլորտի ֆրանսիական ձեռնարկությունները ծանոթ են գործին, նրանք շարունակում են պատրաստակամ մնալ, եթե ՀՀ իշխանությունների կողմից լինի առաջարկ համագործակցելու այս հարցում: Դեռևս նման առաջարկով հայկական իշխանությունները չեն դիմել»:

Նշենք, որ նորանշանակ դեսպանը ԵԽ-ում զբաղեցրել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, ՄԱԿ-ում Պարենի և գյուղատնտեսական հարցերով Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը,ավարտել Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930