Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից 47-ամյա կինը, որը ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վթարված միկրոավտոբուսի 14-ամյա ուղևորը երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն. Նրան կվիրահատեն մասնագիտական մանկական հիվանդանոցում:
Տղայի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության: Նա ունի զույգ բազկոսկրերի, նաև ակնակապիճի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ: Գյումրու բժշկական կենտրոնում է գտնվում նաև 14-ամյա վիրավոր տղայի մայրը: Վաղը նա կվիրահատվի: Վիրավորներից 39-ամյա ուղևորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, մի քանի օրից նա դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ այս պահին նրա բուժումը շարունակվում է Գյումրու բուժկենտրոնում :
«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող 17-ամյա պատանին, որի մոտ գանգի հիմի կոտրվածքի մասին նախնական ախտորոշումը հերքվել էր,վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը բավարար է:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն