ԲՀԿ-ին հիմա շատ են պետք մարդիկ, որ հարցազրույցներ տան լրատվամիջոցներին ու գովերգեն Գագիկ Ծառուկյանի իշխանափոխության աննախադեպ խելոք ծրագիրը, այն է՝ ոտքի ելած ժողովրդին ցրել գյուղերով եւ, որպես զբաղմունքի միջոց, նրա համար շտաբներ բացել։
Խոսքը մեր մեջ՝ այսպիսի իշխանափոխության մենք էլ դեմ չենք։ Պատկերացրեք՝ հերթական ընտրությունների օրն է, եւ ժողովուրդը՝ հագած-կապած, երեխաների ձեռքը բռնած, գնում է ընտրատեղամաս, ցուցադրում շտաբներում ձեռք բերած իր գիտելիքները եւ գրչի մի հարվածով իշխանություններին քշում ու իշխանափոխություն անում։ Տիգրան Մուկուչյանն էլ, ուզած-չուզած, ընթերցում է ընտրությունների արդյունքները, եւ մենք հաջորդ օրն արթնանում ենք իշխանափոխված Հայաստանում։ Պատկերացնում եմ, թե մարդ որքան երջանիկ պետք է լինի Հայաստանում այսպիսի իշխանափոխության երազանք փայփայելու համար։
Հարց է ծագում՝ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանում 20 տարի շարունակ, մինչ Գագիկ Ծառուկյանը, չգտնվեց մեկը, որ այս հեշտ ճանապարհով իշխանափոխություն աներ ու մեր երկիրը դներ զարգացման ճանապարհին։ Կամ ո՞վ գիտի, գուցե Ծառուկյանի համա՞ր է ասված՝ ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած…
Այսուհանդերձ՝ Հայաստանում իշխանափոխիչների պակաս չի զգացվում, ովքեր պնդում են, որ ճիշտը հանրահավաքային պայքարն է։ Դիցուք, ոչ իշխանական եռյակի մեջ առնվազն երկուսն իշխանափոխության այլ ճանապարհ են առաջարկում, քան Ծառուկյանը, բայց, ֆինանսական առումով վերջինից կախվածության մեջ լինելով, չեն համարձակվում հարցը կտրուկ դնել՝ կամ-կամ: Եռյակի մյուս ուժերից միայն կմկմոց է լսվում՝ շտաբների գաղափարն ինքնին լավ գաղափար է, բայց ավելի լավ կլինի, որ հանրահավաքներով զուգորդվի այդ ամենը։ ԲՀԿ-ից էլ չորում են՝ հանրահավաք եք ուզում՝ արեք, որքան սրտներդ կուզի, որքան կկարողանաք, որտեղ կկամենաք։ Այս պատասխանից հետո երկյակի կմկմոցն է նույնիսկ կտրվում։
Կարդացեք նաև
…Ամեն ինչ ավելի պարզ է, քան կարելի էր սպասել։ Հայաստանի իշխանական համակարգը ԲՀԿ-ի միջոցով չեզոքացնում է ահագնացած դժգոհ հատվածի դիմադրությունը։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ դժգոհ հատվածին ուղղորդող եւ առանցքային ուժ են դարձրել ԲՀԿ-ն, այսինքն՝ նույն համակարգի մյուս թեւը, որպեսզի հետո, երբ իշխող ուժը պարտվի, իշխանությունն ավտոմատ կերպով դարձյալ վերադառնա համակարգին։ Ովքեր համաձայն չեն մեզ հետ, խորհուրդ ենք տալիս մի փոքր ավելի ուշադիր տնտղել կողքից ԲՀԿ-ի գովքն անողներին։ Վստահեցնում ենք, որ նրանց հետեւում անմիջապես կնկատեք համակարգի վատ թաքնված ականջներն ու կհասկանաք նրանց այդ ջանադրության բուն պատճառները։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում