Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին վեճն ինձ այս պահին բավականին սխոլաստիկ է թվում: Իհարկե, ընդհանուր առմամբ ճիշտ է, մեզ նման փոքր երկրում պետք է լինեն ավելի քիչ նախարարություններ, ավելի փոքր վարչական ապարատ, հարկատուների գումարները այդ ծախսերի առումով պետք է խնայել: Բիզնեսի մեջ էլ կա այդպիսի օրենք. դուք ուռճացնում եք աշխաատակազմը՝ կարծես թե, նոր գործեր սկսելու համար, բայց իրականում այդ գործերն ընթանում են սպասվածից դանդաղ եւ օգուտ են տալիս ավելի քիչ, քան ստիպված եք ծախսել: Իսկ մարդկանցից ազատվելը բավականին բարդ գործ է: Նորմալ սեփականատերը գոնե տարին մի անգամ վերանայում է իր հաստիքացուցակները:
Սկզբունքորեն ճիշտ է նաեւ կառավարության դրքորոշումը, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն խորհրդարանի առաջ: Ինչո՞ւ է պաշտպանության նախարարը գալիս Ազգային ժողով եւ պատասխանում պատգամավորների հարցերին, իսկ ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը՝ ոչ: Ինչպիսին էլ լինի խորհրդարանը (ինձ թվում է, որ այս մի գումարման կազմն ընդհանուր առմամբ ավելի լավն է, քան նախորդը), ինչպիսի թույլ գործիք էլ լինի հարցուպատասխանը, գոնե այդ չափով նման երկխոսությունը մի փոքր զգաստացնում է իշխանավորներին, նրանց մեջ թեթեւակի պատասխանատվության զգացում առաջացնում:
Բայց այդ տեսականորեն ճիշտ քայլերից առաջ պետք է հայեցակարգային առումով որոշվի ավելի ընդհանուր հայեցակարգային խնդիր՝ ինչ նպատակներ է իր առաջ դրել կառավարությունը մոտակա երկու տարիների ընթացքում, մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Ենթադրենք, դրվում է նպատակ երիտասարդության հետ կապված, որը լավագույնս կկատարի կրթության, մշակույթի եւ սպորտի միացյալ նախարարությունը: Կամ՝ եթե «ներքին գործերի» տակ մենք հասկանում ենք ավելի լայն իրավասություններ, քան զուտ ոստիկանական գործառույթը, ապա իմաստ ունի կատարել նաեւ այդ ձեւափոխումը: Այսինքն՝ սկզբից պետք է մտածվեն եւ ձեւակերպվեն նպատակները, հետո միայն խոսվի կառուցվածքների ու միջոցների մասին: Երբ առաջնակարգ դաշնակահարներին հարցնում ես՝ ո՞ր ֆիրմայի դաշնամուրն է ավելի լավը, պատասխանը սովորաբար հետեւյալն է լինում՝ նայած ո՛ր ստեղծագործությունը եւ ինչպե՛ս եք դուք պատրաստվում կատարել:
Իհարկե, կարող են առարկել, որ դրա ժամանակը չի, որ կառավարությունը զբաղված է օպերատիվ հարցեր լուծելով: Այ, երբ կգան «հանգիստ ժամանակներ», այդ դեպքում միայն հնարավորություն կլինի անդրադառնալու նման խնդիրներին: Իսկ առայժմ վարչապետը եւ նախարարները ստիպված են գրեթե ամեն օր հանդիպել այս կամ այն բողոքավոր խմբի հետ: Բայց անկախ Հայաստանում «խախանդ ժամանակներ» չեն եղել եւ չեն էլ լինելու: Միշտ էլ առաջանալու են մեծ ու փոքր հրդեհներ, որոնք պետական մարմինները ստիպված են լինելու հանգցնել: Դա չի նշանակում, որ մոտակա տարիների առաջնահերթությունները որոշելը հրատապ խնդիր չէ: Եվ այդ առաջնահերթությունների համատեքստում է պետք դիտարկել նաեւ կառուցվածքային փոփոխությունները:
Կարդացեք նաև
Հակառակ դեպքում մենք միշտ տեղ կունենանք կասկածելու, որ այդ փոխոխությունների պատճառն ինչ-ինչ պալատական խարդավանքներն են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ