Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ուրախ եմ, որ Հելսինկիում հայերն ու ադրբեջանցիները սատարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին»

Նոյեմբեր 12,2014 17:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է ՀՀ-ում, Վրաստանում ու Ադրբեջանում Ֆինլանդիայի նախկին դեսպան, այժմ` Ֆինլանդիայի արտգործնախարարության Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Տերի Հակալան:

– Տիկին Հակալա, նոյեմբերի 3-ին Հելսինկիում Դավիթ Շահնազարյանը եւ Էլդար Նամազովը համատեղ հայտարարություն ընդունեցին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը սատարեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից ու Ադրբեջանից: Հայտարարության հեղինակները ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարներին, ինչպես նաեւ այլ երկրներին կոչ արեցին դադարեցնել հարձակողական զենքի մատակարարումը ԼՂ հակամարտության կարգավորման տարածաշրջանում: Նրանք դիմեցին բանակցող կողմերի ղեկավարություններին ձեռնամուխ լինել ԼՂ կարգավորման Խաղաղության համաձայնագրի մշակմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի այս տարվա մայիսի 7-ի նախաձեռնության եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մայիսի 12-ի հայտարարության հիման վրա։ Ձեր երկիրը տեսնո՞ւմ է հնարավորություններ Ղարաբաղյան կարգավորմանը նպաստելու ուղղությամբ:

– Նախ պետք է նշեմ, որ դեռեւս 90-ական թվականներից մենք Մինսկի գործընթացին մաս ենք կազմում: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբում 90-ականների կեսերին մեր համանախագահությունից հետո աջակցում ենք Մինսկի գործընթացին եւ ցանկանում ենք աջակցել գործընթացին եւ այդ իսկ պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրեցինք Հելսինկի, ապա Մարիանհամինա (Ալանդյան կղզիներ), որովհետեւ տեսնում ենք, որ նրանք ցանկանում են աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Կարծում եմ՝ քաղաքացիական հասարակությունն, առհասարակ, կարեւոր դեր է խաղում հակամարտության կարգավորման գործընթացում: Իհարկե, իշխանություններն են ի վերջո որոշումներ կայացնողները կարգավորման գործընթացում, բայց, այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունն է այդ որոշումներին աջակցողը: Առանց քաղաքացիական հասարակության աջակցության լայնամասշտաբ եւ երկարատեւ լուծում հնարավոր չէ: Ուրախ եմ, որ Հելսինկիում հայերն ու ադրբեջանցիները համաձայնության եկան, ողջունում եմ քաղաքացիական հասարակության կողմից յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է կարգավորման գործընթացում ուղիների փնտրտուքին:

– Չնայած այն բանին, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական միությանը, եվրոպացի պաշտոնյաները հավաստիացնում են, որ ԵՄ-ն ջանում է առավել սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ՀՀ իշխանությունները եւս վստահեցնում են, թե պատրաստ են ավելի խորը հարաբերությունների ԵՄ-ի հետ: Որքանո՞վ է հնարավոր Հայաստան-ԵՄ արդյունավետ փոխգործակցությունը Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու պայմաններում:

– Նախ ցանկանում եմ շեշտել, որ ձեր երկրի կառավարությունն է քաղաքական կուրսի վերաբերյալ որոշում կայացրել եւ ստորագրել Եվրասիական միության անդամակցության պայմանագիրը, եւ մենք հարգում ենք այդ որոշումը: Դա ձեր ինքնիշխան երկրի ղեկավարության կայացրած որոշումն է: Իհարկե, այդ որոշման հետ պետք է ճշգրտվեին այն փաստաթղթերը, որոնք պետք է ընդունվեին ԵՄ-ի հետ: Բայց ես կարծում եմ, որ ձեր երկիրն, անկասկած, պետք է շարունակի համագործակցել ԵՄ-ի եւ եվրոպական երկրների հետ: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Իհարկե, այդ համագործակցության բնույթը կփոխվի, որովհետեւ ԵՄ Ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագրերը իրականում այլ մակարդակի համագործակցություն էին ենթադրում: Եվրասիական միության անդամակցությունը չի բացառում ԵՄ-ի հետ համագործակցությունը: Եթե Հայաստանը մաս է կազմում Մաքսային միությանը, դա ինքնաբերաբար բացառում է ԵՄ-ի հետ ազատ առեւտուրը: Բայց ԵՄ-ն պատրաստ է Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում զարգացնել հարաբերությունները անդամ երկրների հետ, եւ մենք ողջունում ենք այդ համագործակցությունն ու կապերը Հայաստանի հետ` այնքանով, որքանով Հայաստանն է ցանկանում զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

– Իսկ եվրոպացիների մոտ մնացե՞լ է վստահություն մեր երկրի իշխանությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեքուկես տարվա բանակցություններից հետո Հայաստանի իշխանությունները որոշեցին չստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:

– Ինչու ոչ: Ինչպես արդեն նշեցի` դա յուրաքանչյուր ինքնիշխան երկրի որոշումն է, թե ինչ համաձայնագրեր են իրենք ստորագրելու: Նրանք էլ իրավունք ունեն փոխելու իրենց դիրքորոշումը: Եվրամիությունը Հայաստանի հետ վաղուց է համագործակցում Գործընկերության քաղաքականության շրջանակներում, այնպես որ՝ մենք շարունակելու ենք համագործակցությունը եւ զարգացնելու ենք փոխհարաբերությունները:

– Տիկին Հակալա, ինչպե՞ս եք բացատրում հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գործողությունները: Ռուս-ուկրաինական լարումը, որը վերաճեց Արեւմուտք-Ռուսաստան աննախադեպ առճակատման, փաստում է այն մասին, որ ՌԴ նախագահը ձգտում է ամեն գնով պահպանել ազդեցությունը տարածաշրջանում:

– Միանշանակ, մենք չենք ընդունում այն, ինչ կատարվում է Ուկրաինայում: Ղրիմի անեքսիան քայլ էր՝ ընդդեմ միջազգային հանրության, ընդդեմ միջազգային իրավունքի, որը մենք դատապարտում ենք: Այդ իսկ պատճառով մենք կիրառում ենք պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Մենք հույս ունենք, սակայն, որ այս իրավիճակից ելք կա, որ խաղաղություն հաստատելու պայմանավորվածությունները կհարգվեն: Դա, իհարկե, երկար ճանապարհ կլինի, որով պետք է անցնել, մենք որպես հարեւան երկիր՝ հուսով ենք, որ հնարավոր կլինի համաձայնության գալ եւ դուրս գալ այս իրավիճակից: Դրա համար բոլորս պետք է աշխատենք, որպեսզի Ուկրաինայում կայունություն ապահովվի: Այդ իսկ պատճառով, վերադառնալով Հելսինկիում հայ եւ ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանն ու նրանց ընդունած հայտարարությանը, պետք է ասեմ, որ դա կարեւոր իրադարձություն էր՝ այն առումով, որ այդ գործիչները ձգտում են միասին ելք գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930