Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, բայց Խորհրդային Միության կազմում լինելը իր դրական կողմերն ուներ: Խոսքը 2.30-անոց բժշկական երշիկի մասին չէ: Մարդ կեցցե ոչ միայն հացիվ, ու անկեղծ ասած՝ հացի խնդիր այն ժամանակ էլ կար: Պարզապես զարգացած սոցիալիզմի այդ տարիներին մեր խեղճ ղեկավարությունը ստիպված չէր իր թանկագին ժամանակը ծախսել այնպիսի մանր-մունր խնդիրների վրա, ինչպիսին է, ասենք, երկրի կառավարման համակարգը: Այսինքն՝ համակարգը ամենուր մեկն էր, իսկ թե որ հանրապետությունում կամ մարզում ինչ նախարարություններ պետք է լինեն, որոշվում էր Մոսկվայում կամ ավելի ստույգ՝ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում եւ քաղբյուրոյում:
Օրինակ՝ որոշվել էր, որ Հայաստանում արդարադատության նախարարություն պետք չէ, եւ իրոք՝ ինչի էր պետք, արդարադատություն եք ուզում՝ դիմեք Մոսկվա՝ Կրեմլ, Լենինի դամբարան: Բայց ասել, թե տեղի իշխանությունները որոշակի ինքնուրույնություն չունեին, ճիշտ չի լինի: Համենայնդեպս՝ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարն ու Գերագույն եւ Մինիստրների խորհրդի նախագահները (այս վերջին երկուսի հարցով որոշ կասկածներ ունեմ) իրավասու էին հանրապետության շրջաններում իրենց հայեցողությամբ փոփոխություններ կատարել՝ իհարկե բոլոր քայլերը Մոսկվայի հետ համաձայնեցնելով: Բայց դե, Կենտկոմի անկաշառ ղեկավարների հետ հարցերը համաձայնեցնելն այնքան էլ բարդ չէր, ուստի ժամանակ առ ժամանակ մի քանի գյուղ միավորելով՝ նոր շրջաններ էին ստեղծում, եթե ինչ-որ մեկին պետք էր շրջկոմի քարտուղար նշանակել, կամ միավորում էին շրջանները, եթե հարկ կար ինչ-որ շրջկոմի քարտուղարից ազատվել:
Անկախ Հայաստանում նախարարություններ ստեղծել ու քանդելը, միավորել ու բաժանելը մի տեսակ հոբի դարձավ: Ինչ նախարարություն ասես, որ չունեցանք՝ տեղեկատվության, սեփականաշնորհման եւ օտարերկրյա ներդրումների, պետական գույքի կառավարման նախարարություններ, ԱՊՀ-ի, Եվրամիության եւ միջազգային տնտեսական կապերի գծով նախարար, Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարար, օպերատիվ հարցերի նախարար, արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար եւ այլն: Էլ չենք խոսում պետնախարարների ու կառավարության քարտուղար նախարարի մասին: Իսկ որքան «ամուսնություններ» ու «բաժանումներ» են եղել կառավարման համակարգում՝ ֆինանսներն ու էկոնոմիկան, մշակույթը, սպորտն ու երիտասարդության հարցերը, ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարարությունները… ո՞րը թվես:
Որոշ դեպքերում այդ միավորում-բաժանումները քաղաքական ենթատեքստ ունեին, 90-ականների կեսերին ուժային կառույցների միջեւ ակնհայտ հակասություն կար: Ուստի, երբ 1996 թվականին հաջողվեց «պրծնել» Վանո Սիրադեղյանից՝ նրան «արտաքսելով» քաղաքապետարան, որոշվեց ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարարությունները միավորել եւ նախարար նշանակել Սերժ Սարգսյանին: 1999 թվականին, երբ Վանոյի «հարցը լուծվեց», կառույցները նորից բաժանվեցին: Բայց սա, հավանաբար, ընդամենը բացառություն է: Տպավորությունն այն է, որ կրկին խորհրդային մոդելն է առավել հաճախ գործել: Մեկ անձի համար նախարարություն են ստեղծել, մեկ անձից ազատվելու համար՝ նախարարություններ միավորել:
Կարդացեք նաև
Հիմա կառավարման համակարգի բարեփոխման հերթական փուլն է սկսվել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե՝ «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետեւ 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է»: Եվ կառավարության նոյեմբերի 6-ի որոշմամբ միավորվելու են տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, հետն էլ՝ ստեղծվելու է նոր՝ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Իհարկե, կարելի է հակառակվել պարոն վարչապետին, թե երբ 19-ից հանում ես 1 ու հետո գումարում 1՝ կրկին 19 ես ստանում: Բայց դե, ո՞վ գիտի, թե մեր կառավարությունը մաթեմատիկական ինչ համակարգի վրա է իր հաշվարկներն իրականացնում: Գուցե նրանց մոտ, ինչպես Լոբաչեւսկու համակարգում, զուգահեռ ուղիղները հատվում են, իսկ 19+1-1 բոլորովին էլ 19 չէ՞:
Եվ ընդհանրապես, չարժե «օպտիմիզացիան» դեռ օրորոցում՝ քննադատել: Սպասենք, գուցե նոր հետաքրքիր քայլեր են հետեւելու: Օրինակ՝ ինչո՞ւ սփյուռքի նախարարությունը չմիավորել ֆինանսների ու պետեկամուտների նախարարության հետ: Ի վերջո, սփյուռքը մեզ միայն ֆինանսների ու հարկեր-տուրքերի համար է պետք: Մշակույթի նախարարությունն էլ կարելի է արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությանը միացնել: Համենայնդեպս, մեր մշակութային ոլորտում արտակարգ միջոցառումների կարիքն ակնհայտ է: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն էլ կարելի է արտաքին գործերի նախարարության հետ միավորել: Երիտասարդներին չարժե, իհարկե, շատ երես տալ, բայց սպորտսմենները լավ էլ դեսպան են դառնում…
Ամեն դեպքում պետք չէ շտապել ու կանխատեսումներ անել: Ի վերջո՝ չի բացառվում, որ շուտով, առաջվա պես, Հայաստանի կառավարման համակարգի բոլոր հարցերը լուծվեն Մոսկվայում:
ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11.2014