Փոքր եւ միջին ձեռնարկատերերը հաճախ են բանկերի կողմից մերժում ստանում՝ վարկավորման համար դիմելիս: Մերժման պատճառներից գլխավորը լինում է այն, որ ՓՄՁ-ները չունեն անշարժ գույք, որպեսզի վարկավորումը ապահովվի այդ գույքի գրավադրմամբ: Այնինչ, գուցե այդ ՓՄՁ-ն ունի բավականին թանկարժեք շարժական գույք, ասենք՝ ժամանակակից թանկարժեք սարքավորումներ, հոսքագծեր, տեխնիկա եւ այլն: Սակայն այսօր իրավական դաշտը՝ շարժական գույքի վերաբերյալ, բավականին թերի է, եւ վարկատու կազմակերպությունները զգուշանում են գործարքներ կնքել՝ շարժական գույքը որպես գրավ դիտարկելով: ՓՄՁ-ները, այսպիսով, շարժական գույքի գրավադրմամբ ապահովված գործարքներ կատարելու օրենսդրական լուրջ կարգավորման կարիք ունեն:
Բանկերն իրենց հերթին են նման օրենսդրական կարգավորման կարիք զգում, քանի որ շարժական գույքի գրավադրմամբ վարկավորումը մեծ ռիսկեր է պարունակում. դեպքեր են եղել, օրինակ, երբ նույն գույքը մի քանի բանկում է գրավադրվել, եւ հետո պարզ չի եղել, թե ո՞ր բանկը վարկառուի՝ պայմանագիրը չկատարելու դեպքում պետք է ստանա այդ գույքը եւ այլն:
Շարժական գույքի հանդեպ իրավունքների ոլորտը մինչ օրս կարգավորվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով եւ մի շարք այլ օրենքներով, սակայն դրանք ամբողջովին չեն փակում դաշտը:
Այս բոլոր հարցերը լուծելու համար արդարադատության նախարարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ, հեղինակել է «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ավելի քան մեկ տասնյակ օրենքների փոփոխություններ նախատեսող կից փաթեթով: Փաթեթն այժմ գտնվում է ԱԺ-ում:
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ եւ նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Իսկանդարյանը «Առավոտի» հետ զրույցում օրենսդրական փաթեթի ընդունման հրատապությունը պայմանավորեց նախեւառաջ ապահովված գործարքների դերի էական բարձրացմամբ՝ վարկային ու ֆինանսական գործարքներ իրականացնելու դեպքում. «Այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործում են 30-ից ավելի իրավական ակտեր, որոնք կարգավորում են ապահովված շահի ստեղծման կանոնները: Բացի այդ՝ շարժական գույքի գրանցման ռեգիստրները նույնպես ցրված են, դրանք բոլորը գործում են սեփական կարգի համաձայն՝ չլինելով մատչելի եւ թափանցիկ:
Արդյունքում Հայաստանի ապահովված գործարքները կարգավորող ներկայիս իրավական կառուցվածքը մասնատված է, ոչ լրիվ եւ անարդյունավետ»: Լուսինե Իսկանդարյանը նշում է, որ ռեգիստրների ցրվածությունը եւ միասնական ընդհանուր ռեգիստրի բացակայությունը վարկատուին աննախանձելի դրության մեջ են դնում. «Նա մեծ դժվարությունների առաջ է կանգնում՝ մինչեւ պարզում է (եթե ընդհանրապես հնարավոր է լինում պարզել), թե որեւէ մեկն առաջնային իրավունք չունի՞ գրավի առարկա հանդիսացող այդ գույքի նկատմամբ:
Նոր օրենսդրական փաթեթով նախատեսվել է ստեղծել նոր կենտրոնացված, էլեկտրոնային ռեգիստր, որը կընդունի ապահովված շահի եւ պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքի վերաբերյալ «ծանուցումներ»՝ հիմնվելով «առաջին գրանցողը առաջինն է իրավունքում» սկզբունքի վրա, որը տալիս է նախապատվություն առաջին պարտատիրոջը, ով ձեւակերպում է իր շահը գրանցմամբ: Այսպիսով՝ նախատեսվում է ստեղծել միասնական էլեկտրոնային ռեգիստր, կենտրոնացված համակարգ, ժամանակին համահունչ իրավական դաշտ, որոնք միասին կստեղծեն արդյունավետ ապահովված գործարքների համակարգեր: Ապահովված գործարքների համակարգերը կիրառվում են ողջ աշխարհում եւ անհամեմատ հեշտացնում են շարժական գույքի օգտագործումը, ինչպիսիք են սարքավորումները, գույքացանկերը, դեբիտորական պարտքը, կենդանիները եւ մշակաբույսերը՝ որպես փոխառության, վարկի գրավի կամ այլ ապահովված իրավունքների առարկա»:
Լուսինե Իսկանդարյանը նաեւ նկատեց, որ ապահովված գործարքների համակարգերի ընդունումը կմեծացնի անշարժ գույք չունեցող ՓՄՁ-ների՝ վարկեր ստանալու հնարավորությունը, իսկ դա կարեւոր հարց է Հայաստանում, որտեղ ՓՄՁ-ների ոլորտը աշխատանք է տրամադրում մեր ամբողջ աշխատաշուկայի 42%-ին:
«Առավոտը» Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ներկայումս գործող օրենքը բավարար չէ՞ր, իսկապե՞ս կար նոր օրենսդրական փաթեթի ընդունման հասարակական պահանջը: «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համակարգը այսօր օրենսդրորեն, թվում է, կարգավորված է, բայց պետք է նշեմ, որ այդ կարգավորումը կամ թերի էր, կամ պարզապես բացակայում էին մի շարք խնդիրների լուծման ընթացակարգերը կամ կանոնակարգերը: Այսօր ունենք շարժական գույքի գրանցման 7-8 ռեգիստր: Օրինակ՝ գյուղտեխնիկան, անասունները եւ այլն գյուղնախարարությունն է հաշվառում: Շարժական գույքի մի մասը հաշվառում է պետռեգիստրը, արդյունաբերական սարքավորումները, հաստոցները հաշվառում է էկոնոմիկայի նախարարությունը եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ ամբողջ շարժական գույքի գրանցումը տարանջատված է, յուրաքանչյուր ռեգիստր աշխատում է իր կողմից հաստատված ընթացակարգերով եւ կանոնակարգերով:
Այս ամենը՝ իր բոլոր թերություններով եւ բացերով, թույլ չէր տալիս ամբողջությամբ կիրառել շարժական գույքի գրավների ինստիտուտը, ինչը մի շարք խնդիրներ էր առաջացնում: Բանկերն իրենց հերթին մեծ ռիսկերի առջեւ են կանգնում: Օրինակ՝ օրենսդրությամբ շարժական գույքի հանդեպ սեփականության իրավունքի անցում է կատարվում գործարքի կնքման պահից: Երբ հաճախորդը մոտենում է վարկատու կազմակերպությանը եւ շարժական գույք է գրավադրում, բազմաթիվ դեպքեր ունենք, եւ հավանականություն կա, որ այդ գույքը ժամեր կամ օրեր առաջ մեկ այլ պայմանագրով գործարքի արդյունքում հանձնվել է մեկ ուրիշին: Մեկ այլ ռիսկ էլ կա. երբեմն, երբ վարկառուն ֆինանսական խնդիրներ էր ունենում, շարժական գույքով իր պարտավորությունները վարկատուի հանդեպ մարելուց խուսափելու համար այդ գույքը մասնատում եւ վաճառում էր կամ ուղղակի փչացնում էր: Ընդ որում՝ շարժական գույքին հասցված վնասի համար վարկառուները որեւէ պատասխանատվություն չեն կրում: Այսպիսով՝ վարկատուն մի շարք ռիսկեր ուներ, որոնք խոչընդոտում էին շարժական գույքով վարկավորմանը: Doing Business զեկույցով Հայաստանում վարկատուների շահերի պաշտպանության ցուցանիշը 6 է, իսկ Վրաստանում եւ Ուկրաինայում այդ ցուցանիշը 9 է, Մոլդովայում՝ 8 եւ այլն»:
Մեր հարցին՝ նոր օրենսդրական նախաձեռնությունը լուծելո՞ւ է այն բոլոր խնդիրները, որոնք թվարկեցիք, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Օրենքի համաձայն՝ ստեղծվելու է էլեկտրոնային միասնական մեկ ռեգիստր, որը հնարավորություն կտա ողջ շարժական գույքի վերաբերյալ իրավունքների գրանցում իրականացնել եւ դրա հիման վրա հետագայում ԴԱՀԿ միջոցով իրացնել այդ գույքը եւ վերականգնել պարտավորությունները: Միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծմամբ ոչ միայն մեծապես կնվազեն վերը նշածս ռիսկերը, այլեւ տեղի կունենա օպերացիոն ծախսերի՝ թղթաբանություն, ժամանակ եւ այլն, լուրջ կրճատում: Օպերացիոն ծախսերի կրճատմանը կհետեւեն դրական փոփոխություններ՝ բանկերի հաճախորդների քանակի ավելացում, տոկոսադրույքների նվազում, վարկերի տրամադրման ժամկետների կրճատում եւ այլն»: Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, օրենսդրական փաթեթում նախատեսված է նաեւ փոփոխություն Քրեական օրենսգրում, ինչը քրեական պատասխանատվություն է ենթադրում վարկի համար գրավադրված գույքի միտումնավոր փչացման համար:
Պարոն Սարգսյանը օրինակ բերեց մի քանի երկրներ, որոնք, ընդունելով նմանատիպ օրենքներ, լուրջ զարգացում են գրանցել. «Օրինակ՝ Ալբանիայում մեկ տարվա ընթացքում ՓՄՁ-ների պորտֆելը վարկառուների շարքում 30%-ով ավելացել է: Դեպքեր կան, որ մինչեւ 9 անգամ ավելանում է ՓՄՁ-ների վարկավորումը, իսկ վարկավորման ժամկետները երկարել են մինչեւ 11 անգամ»:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային միասնական գրանցման համակարգին՝ օրենքի նախագծում նշված չէ, թե ո՞վ է անելու այդ միասնական գրանցումը: Ըստ Լուսինե Իսկանդարյանի՝ էլեկտրոնային գրանցումն անելու է լիազորված մարմինը, սակայն թե ինչպիսին կլինի այդ մարմինը՝ դեռ պարզ չէ: Նախատեսվում է այն ստեղծել մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը՝ այն դեպքում, երբ օրենքն ուժի մեջ կմտնի 2015-ի հուլիսի 1-ից. «Իսկ մինչ այդ կատարված բոլոր գրանցումները՝ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ, պետք է դրանք գրանցած մարմինների կողմից փոխանցվեն լիազորված մարմնին»: Կառավարությունը դեռ կսահմանի, թե ով է ռեգիստրը վարելու:
«Առավոտի» հարցին՝ միայն դրական ասպեկտներ ներկայացրիք, արդյոք նոր օրենքի ընդունումը որեւէ մեկին չի՞ վնասելու, դժգոհներ չե՞ն լինելու, Սեյրան Սարգսյանը պատասխանեց, որ սա այն դեպքերից է, երբ օրենքը միանշանակորեն դրական ազդեցություն պիտի թողնի, բացասական ազդեցություն չի սպասվում:
Մեր կողմից կանխագուշակենք միայն, որ Ազգային ժողովում մեծ օրակարգ մտնելուց հետո կհայտնվեն «դժգոհները», մեր որոշ պատգամավորներ կմեղադրեն կառավարությանը վարկավորման պայմանները հեշտացնելու համար՝ ասելով, որ այս ամենն արվում է միայն նրա համար, որ մարդիկ ավելի շատ վարկերի տակ ընկնեն, տոկոսի տակ մնան եւ արտագաղթեն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11.2014