Լրահոս
Օրվա լրահոսը

Փողը ջնջում է բոլոր հարաբերությունները

Նոյեմբեր 12,2014 14:30

Փողն ամեն ժամանակաշրջանում իր որոշակի ազդեցությունն է ունեցել մարդկային հարաբերությունների վրա, սակայն այն, ինչ փողն այսօր է անում, դուրս է մարդկային երեւակայության բոլոր սահմաններից: Համարյա բոլոր ժամանակներում էլ փողը միակ բանն է եղել, որ կարողացել է թափանցել ամենուրեք, նրա համար խոչընդոտներ եւ արգելքներ բացարձակապես չեն եղել: Ուղղակի, փողը նախկինում համեմատաբար «համեստ» է պահել իրեն, անընդհատ չի խցկվել այս ու այն կողմ, քանի որ մշտապես չէ, որ զգացվել է նրա կարիքը:

Այսօր ամեն ակնթարթ է զգացվում փողի կարիքը, եւ նա ամեն պահի ու ամենուրեք կա: Ավելին, այսօր աշխարհում չկա մի խոսակցություն, մի հարաբերություն, մի իրադարձություն, մի իրավիճակ, մի դիպված, որի առանցքում հիմնականում ընկած չլինի փողը: Քանի որ փողը գրավել է բոլոր՝ ազատ եւ ոչ ազատ միջավայրերն ու տարածքները, մարդկանց ուղեղները, հոգիները, մարմինները, ապա անհնար է լրջորեն որեւէ հարց քննարկել, առանց փողի մասին ուղղակի կամ անուղղակի խորքային վերլուծությունների եւ դրան առնչվող բազմապիսի կապերի: Ավելի կոնկրետ. ինչպե՞ս է ստացվել, որ փողը՝ որպես կյանքի բնականոն գործունեությունն ապահովող ատրիբուտներից մեկը, ծակել, բարձրացել եւ բազմել է կյանքից վերեւ ու գերհզոր միապետի կեցվածքով ու լիազորություններով թելադրում է իր կամքը: Հարց է առաջանում. դա փող կոչեցյալին ի վերուստ տրված շնո՞րհ է, թե՞ մարդ արարածն է նրան մատուցում այդ շնորհը: Եվ եթե երկրորդն է ճիշտ, ապա ինչո՞ւ: Այս ամենի գլխավոր պատճառը մեկն է. փողը միջոցից վեր է ածվել նպատակի…:

Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում սա: Եվ այսպես. միայն քրիստոնեական արժեքներից շեղումը մարդուն կարող է մղել ծայրահեղ էգոիզմի, որն ինչպես հայտնի է, նաեւ մահացու մեղքերից մեկն է: Էգոիզմը՝ բոլորից վերեւ երեւալու, բոլորից տարբերվելու, բոլորին իշխելու… կոչված ձգտում է, որին մարդը կարող է հասնել որոշակի գործիքների միջոցով, որոնցից ամենահարմարը՝ հենց փող կոչվածն է, որով՝ հատկապես այսօր, կարելի է ամեն ինչ գնել եւ վաճառել: Փաստորեն, փողը դարձել է այն միակ գործիքը, որով հեշտորեն կարելի է ամայացնել, փոշիացնել բոլոր արժեքները եւ արգելքները, ստեղծել հարմարավետ, ցանկալի դաշտ ու ազատորեն, առանց խղճի խայթի իրականացնել ամենաանհավանականից մինչեւ ամենահավանական ցանկությունների ի կատար ածումը: Ակամայից պարզ է դառնում, որ ցանկացած դաշտի ամայացումը եւ դրա հարմարեցումը մարդու մենատիրական ցանկությունների իրականացմանը, հնարավոր է միայն համապատասխան գործիքների առկայությամբ եւ կիրառմամբ, որին հասնելու ամենակարճ ուղին, մեծ փողերի օգնությամբ՝ շուրջը եղած բոլոր խանգարիչ հանգամանքների վերացումն ու նպաստավոր դաշտի ստեղծումն է, ինչն էլ բնական է՝ որեւէ այլ գործիքով հնարավոր չէ իրականացնել:

Փողը այն միակ ունիվերսալ գործիքն է, որը ճանաչելի է բոլոր ուղղություններով եւ բոլորի կողմից: Հենց այդ պատճառով էլ փողը դարձել է ամենահարմար միջոցը, որով հնարավոր է կյանքի կոչել վերը նշված ցանկություններն ու ծրագրերը: Այստեղ անպայմանորեն արժե հիշատակել, որ այդ կարգի ծրագրերի իրագործման ճանապարհին, փողը՝ երբեմն կամ շատ հաճախ, չի խնայում նույնիսկ ծրագրերի հեղինակների բարեկամ-հարազատներին, կամ բացառիկ դեպքերում՝ անգամ նրանց ամենամերձավորներին: Այդ պահերին, այդ մարդիկ լրիվ կուրացած են գործում, նրանք ժամանակ չեն ունենում ծանր ու թեթեւ անել՝ իրենց զոհերի ով լինելը եւ միայն գործը «հաջողությամբ» ավարտելուց հետո են գույքագրում ու հասկանում՝ իրենց քայլերի արդյունքում գոյացած զոհերի ցանկն ու պատկանելությունը եւ ուշացումով՝ գլուխներն ափերի մեջ առած, փորձում սթափ գնահատել տեղի ունեցածը:

Այնուհետեւ, գոյացող ցավի առաջին ծիլերը դեռ «չըմբոշխնած», արագ պատնեշում են դրանց եւ շատ ավելի արագ տարալուծվում շուրջը պատած փողային ամպերի քուլաներում ու միտքը ամբողջությամբ կենտրոնացնում հետագա՝ ավելի «մեծ» նպատակների ի կատար ածման՝ բաղձալի շարունակության վրա: Լիովին անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող են մարդկային եւ բարոյական արժեքները որեւէ կերպ դիմակայել ու դիմագրավել այս կարգի հրաբուխներին, ցունամիներին, ու փորձել նաեւ կանգուն՝ կենդանի մնալ: Թերթելով կյանքի էջերը, հեշտորեն կհամոզվենք, որ նույնիսկ սրբությունները՝ ծնող, երեխա, եղբայր, քույր, բարեկամ, հարազատ, հարեւան, ընկեր… փողի ներկայությամբ՝ ամայանում եւ դառնում են առոչինչ: Վերջիվերջո, աշխարհում գոյություն ունեցող եւ հետագայում էլ ստեղծվելիք բոլոր զենքերը ծառայում ու ծառայելու են միմիայն մեկ «վեհ» նպատակի. դրանք լոկ փողի հայթայթման աղբյուր են:

Մինչեւ այսօր եւ այսուհետեւ էլ տեղի ունենալիք ցանկացած երկրաշարժ, հրաբուխ, ցունամի կամ այլ տիպի տարերային, բնական աղետ՝ իր ավերածություններով, չափազանց չնչին մի բան է՝ համեմատած փողի գործած ավերածությունների դեմ…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն հ/կ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930