Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշների հետ վիճել չեմ սիրում»

Նոյեմբեր 12,2014 14:00

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը չի կարծում, թե իրենց նախագծերը կոմերցիոն են

«Առավոտը» Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանից (լուսանկարում) հետաքրքրվեց՝ պատահո՞ւմ է, որ դաշնակահար Վահան Մարտիրոսյանն ու դիրիժոր Վահան Մարտիրոսյանը բանավիճեն միմյանց հետ: «Վիճում են, բայց մարդ Վահան Մարտիրոսյանն ու երաժիշտ Վահան Մարտիրոսյանը, որովհետեւ որպես երաժիշտ ես ուրիշ ցանկություններ ունեմ, որպես մարդ՝ այլ ցանկություններ: Այն վայրկյանին, երբ այդ վեճը վերանա, ուրեմն ես մահացած մարդ կլինեմ: Չէ՞ որ հենց վեճից են ծնվում նոր գաղափարներ, նոր մտքեր: Իսկ ուրիշների հետ վիճել չեմ սիրում, ամեն մարդ յուրովի իրավացի է, ինքս ինձ հետ եմ անընդհատ վեճի մեջ, որովհետեւ մշտապես փնտրում եմ ինչ-որ նորություն: Օրինակ բերեմ՝ ես Բախին անձամբ չեմ ճանաչել, նա մահացել է իմ ծնվելուց քանի հարյուր տարի առաջ, ես Բախին ճանաչում եմ իր ստեղծագործությունների միջոցով, դա ուղիղ գիծ է, որի մեջ ոչ ոք չի կարող խառնել իր մատը: Երաժշտությունը որքան մեզ մոտիկ է, այն այնքան հեշտ է հասկանալ, ինչքան հեռու է, ամեն ինչն է այնտեղ տարբեր: Հասկանալ՝ ի՞նչ էր ուզում կոմպոզիտորն ասել այս երաժշտությամբ, վեճի մեծ առարկա է… Այդ առումով մեկ-մեկ մի բան եմ ուզում, կասկածում եմ, հետո փոխում եմ ուրիշ բանի, նույն ստեղծագործությունը երկու ամիս հետո կարող եմ կատարել այլ գաղափարով»,- ասում է մեր զրուցակիցը:

Քանի որ Վահան Մարտիրոսյանը Հայաստան-Ֆրանսիա կամրջի հիմք է դրել նոյեմբերի 14-ի համերգով, որտեղ մեկ բեմում հանդես են գալիս երկու հայ եւ երկու ֆրանսիացի դաշնակահար՝ Վահան Մարտիրոսյանը, Սվետլանա Նավասարդյանը, Տրիստան Պֆաֆֆը եւ Օլիվյե Պեյրբրյունը, հարցրինք՝ հայ-ֆրանսիական կամուրջը շարունակություն կունենա՞: «Այո, իհարկե, անընդհատ իմ մտքում կա, որ ե՛ւ ֆրանսիացի դիրիժորի, ե՛ւ ֆրանսիացի մենակատարների հրավիրենք Հայաստան, ինչպես նաեւ հայ երաժիշտներ ու հայ երաժշտություն տանենք Ֆրանսիա»,- ասաց երաժիշտը: Նա փաստեց, որ համերգաշրջանի բացմանը երկու գործող ֆրանսիացի կոմպոզիտորների գործեր են կատարել: Ընդ որում, նրանցից Էրիկ Թանգին ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ աշխարհում հայտնի անուն է: Նրա գործերը կատարել են Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պյեր Իվ Արտոն, Էմանուել Պայուն եւ ուրիշ անվանի արվեստագետներ:

Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ ներկայումս բանակցում են Ռիչարդ Գալյանոյին, Սերգեյ Նակարյակովին ու այլ երաժիշտների Երեւան հրավիրելու ուղղությամբ:
Երաժիշտը չի ընդունում, երբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի որոշ նախագծեր որակվում են կոմերցիոն. «Մեր որոշ նախագծեր մարդիկ կարող են համարել կոմերցիալ, չնայած դրանք բնավ կոմերցիալ չեն, այդ բառը չեմ սիրում, եւ ընդհանրապես կոմերցիան արվեստի հետ կապ չունի»: Մեր ռեպլիկին, մի՞թե մեծ արվեստը չի կարող լինել դրամարկղային, կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Կարող է, բայց ուրիշ ձեւաչափով… Ժամանակին Բեռլինի ֆիլհարմոնիկը Կարայանով վաճառում էր ավելի շատ CD, քան, օրինակ, Մայքլ Ջեքսոնը, բայց դրանում կար որակ եւ ոչ թե միայն անուն… Ես չեմ ուզում, որ մեր նախագծերում գովազդային տարր լինի, ես ուզում եմ, որ մեր դահլիճները լեփ-լեցուն լինեն այն պատճառով, որ մեր նվագախումբը հոյակապ նվագախումբ է:

Մյուս կողմից՝ այս «կոմերցիալ» համերգներն էլ դրական կողմ ունեն՝ նվագախումբը զարգացնում է իր երկացանկը, դառնում է բազմամշակութային: Շատ լավ է, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը կարողանա նվագել եւ «Բիթլզ», եւ ջազային երաժշտություն, եւ Մոցարտ ու Բախ: Այդտեղ իրար հակասող բաներ չկան»: Նվագախմբի ղեկավարը գոհ է նաեւ Եվրոպայում՝ կամերայինի համերգներից ստացված տպավորություններից: Հիշում է. «Եթե կարողանանք այնպես անել, որ տարին մեկ մեծ հյուրախաղեր լինեն, երկար ժամանակ պտտվենք Եվրոպայով մեկ եւ ցուցադրենք մեր նվագախմբի որակը, դա շատ լավ կլինի, մանավանդ ամենուր կամերայինն ընդունվում է որպես բարձրակարգ նավագախումբ, կարմրելու տեղ չունենք: Վերջերս Ժնեւում ինձ մոտեցան երկու քննադատ ու ասացին, որ համերգի ժամանակ մտածել են, թե ո՞ր մի լարային եվրոպական նվագախումբն ունի նույն մակարդակը, չեն կարողացել մրցակից գտնել»:

Պարոն Մարտիրոսյանը նաեւ չի ընդունում, երբ որեւէ նվագախմբի ինչ-որ այցեքարտ են վերագրում, չնայած ասում է, որ դրսում հայկական երաժշտություն ներկայացնելն ի վերջո Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաքելությունն է. «Այցեքարտ ունենալը նշանակում է ինչ-որ բանի վրա կենտրոնանալ եւ չզարգանալ: Իմ փորձի վրա օրինակ բերեմ. երբ առաջին ձայնասկավառակս ձայնագրեցի, որը Շուբերտ էր, բոլորը սկսեցին խոսել, թե այս դաշնակահարը շուբերտյան դաշնակահար է, ինչը ինձ շատ զայրացրեց: Շուբերտն ապրել է 31 տարի, փաստորեն ստացվում էր, որ ինձ վերածում էին 31 տարվա երաժշտության մասնագետի, դիտմամբ իմ երկրորդ ձայնասկավառակը ժամանակակից երաժշտություն, երրորդը Հենդել ձայնագրեցի, որ բազմազանություն լինի ու ինձ ոչինչ չվերագրեն»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մրցակցությանը: Երաժիշտն ասաց, որ առողջ մրցակցությունը ու համեմատության մեջ քեզ տեսնելը լավ բան է, բայց իր ձեւակերպմամբ, «սեւ նախանձը» տանել չի կարողանում: Նաեւ հավելեց. «Հայաստանի նման փոքր երկրում շատ չեն պետական նվագախմբերը, հատկապես կամերային միայն մենք ենք, ցավոք, համեմատության մեջ է ամեն ինչ երեւում: Մյուս նվագախմբերից յուրաքանչյուրն իր ռեպերտուարն ունի: Օրինակ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ռեպերտուարն ուրիշ է, մերն՝ ուրիշ: Անձամբ ես ոչ մեկի հետ մրցակցության մեջ չեմ մտնում, իմ ցանկությունն այն է, որ ուրախ լինեմ իմ կատարած աշխատանքով»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930